Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղության» քաղաքականության իրական դեմքը
04 Նոյեմբեր 2026
Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժողովրդի ազգային-քաղաքական շահերի ոտնահարումն էր:
Երկար չանդրադառնալով այդ պայմանագրի հայավնաս կետերին, որոնց մասին բազմիցս խոսել ենք, ասենք միայն, որ այն Մոսկվայի ապօրինի պայմանագրի կրկնօրինակը լինելով՝ բոլշևիկների «խաղաղության» օրակարգի ողբերգական հետևանքն էր:
Ինչպես գիտենք պատմությունից, Հայաստանի անկախությունից հետո երկրի քաղաքական կյանքում հայ բոլշևիկներն ունեցան ողբերգական դեր՝ իրենց դավաճանական քաղաքականությունը քողարկելով «խաղաղության» և «ժողովուրդների բարեկամության» քողի տակ: Հետևանքը եղավ 1920 թ. հայ-թուրքական պատերազմում Հայաստանի պարտությունը և Կարսի անկումը, որի մեջ իրենց վճռորոշ դերն ունեցան հայ բոլշևիկները. այս մասին է վկայում նաև նրանց հղված «Հույժ գաղտնի» վերնագրված հեռագիրը, որն այսօր պահվում է Հայաստանի ազգային արխիվում: Այդ հեռագրում կարդում ենք. «Հայաստանի կոմունիստների (բոլշևիկների) կենտրոնական կոմիտեն հրահանգում է կուսակցության բոլոր կազմակերպություններին, թե՛ թիկունքում, թե՛ ռազմական գոտիներում և հատկապես Կարսի Գարնիզոն մեկնող բոլշևիկներին անհատ զինվորների շրջանում և առանձին հավաքույթներում…., ինչպես նաև թռուցիկների միջոցով ծավալել լայն պրոպագանդա ընդդեմ պատերազմի, հիմնական խնդիր դարձնելով՝ Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի:
Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշնակիցն է և պայքարում է իր ազատության համար՝ ընդդեմ իմպերիալիզմի (Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի):
Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի վրա՝ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր Արևելքում և դրանով իսկ կվտանգի հեղափոխության հաղթանակն Անդրկովկասում, ապա նաև՝ Արևելքի խորհրդայնացմանը:
Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի՝ արագացնել հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի համար պետք է. Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, դրանք են.
ա) կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորահավաքին:
բ) ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որպեսզի նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը վերադառնան թիկունք:
գ) չենթարկվել սպաների հրամաններին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց:
Այս ամենի հետ ամենաէականն է հասկացնել հանրապետական Հայաստանի զինվորներին, որ հաղթող թուրքական ասքյարը հեղափոխական ասքյար է, որը ոչ միայն իրեն թույլ չի տա որևէ գործողություն պարտված երկրի վերաբերյալ, այլ կօժանդակի աշխատավոր հայ ժողովրդին` ազատվելու իմպերիալիստական գործակալ դաշնակցությունից: Նորից ու նորից բացատրել, որ դաշնակցականների տիրապետությունից ազատվելով՝ Հայաստանն ընդմիշտ կկապվի Ռուսաստանի հետ, ընդմիշտ վերջ կտրվի պատերազմին և սովին, ու մշտական ընդհարումներից քայքայված երկիրը կլիանա Ռուսաստանի հացով և մասնակիցը կդառնա համաշխարհային հեղափոխության մեծ գործի: Ծանոթություն – Գրությունը կարդալ սահմանափակ ժողովում և կարդալուց հետո անմիջապես այրել: Հայաստանի կոմ. կուս. կենտրոնական կոմիտեի անդամներ՝ Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջանյան, Շ. Ամիրխանյան, Ի. Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան Նո. 218, Բաքու, 1920 ՍԵՊ. 20»:1
Կարսի գրավումից մոտ մեկ ամիս անց անկում ապրեց նաև Հայաստանի Հանրապետությունը։ Իշխանության գլուխ անցած բոլշևիկները 1921 թ. մարտի 16-ի (18-ի) Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով Թուրքիային զիջեցին Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների մեծ մասը՝ հրաժարվելով նաև Սևրի պայմանագրից։
105 տարի անց, հայաստանյան իրականության մեջ դարձյալ նույն իրավիճակն է, բոլշևիկյան քաղաքականության գաղափարական ժառանգորդ Նիկոլ Փաշինյանը իր դավաճանական ու զիջողական քաղաքականությունը քողարկում է «խաղաղության օրակարգով», որը ամեն օր զգացնել է տալիս իր բացասական հետևանքները:
Այսպե՛ս 2020 թ. նոյեմբերի 20-ին Մոսկվայում Փաշինյանի և Ալիևի միջև կնքվեց հրադադարի պայմանագիր, որը, ի թիվս այլ կետերի, սահմանում էր նաև.
«….
6. Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:
7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
8. Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:
9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:2
Ադրբեջանն անցնող վեց տարիների ընթացքում խախտել է հրադադարի պայմանագրի բոլոր կետերը.
Այսպե՛ս, երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքով ՀՀ ու Արցախի միջև կապ ապահովելու փոխարեն՝ Ադրբեջանը երեք տարում ուղղակի հայաթափեց Արցախը: Փախստականների վերադարձի անվան տակ Ադրբեջանը դրեց, այսպես ասած, 300.000 ադրբեջանցիների Հայաստանում բնակության հարցը, մինչդեռ Գետաշենից, Մարտունաշենից, Շահումյանից ու Արծվաշենից, ինչպես նաև 2023 թ. սեպտեմբերի 19-24-ին Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի վերադարձի մասին, որևէ քննարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի չի ունենում:
Ռազմագերիների, և պատանդների փոխանակման անվան տակ Հայաստանը Ադրբեջանին վերադարձրեց Հայաստանում գտնվող բոլոր ադրբեջանցի գերիներին՝ ինչպես նաև մարդասպանության համար Հայաստանում դատապարտված ադրբեջանցի հանցագործներին, մինչդեռ Ադրբեջանում մինչ օրս պահվում են հայ գերիներ ու պատանդներ, այդ թվում՝ 2023 թ. պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները:
Տնտեսական և տրանսպորտային կապերի շրջափակման փոխարեն ՀՀ-ն, Սյունիքի միջանցքը հանձնելով, ապահովեց Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, սակայն Ադրբեջանը որևէ ապաշրջափակում չիրականացրեց:
Դրա փոխարեն, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիր» կնքելու դիմաց Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է փոխել Սահմանադրությունը.
«Ադրբեջանը հրապարակային նախապայման է առաջ քաշել՝ հրաժարվելով ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանում չի փոխվել Մայր օրենքը։ Այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը»:3 Այսինքն՝ անդադար ինքնիշխանությունից ճառող փաշինյանական վարչակազմի կառավարած Հայաստանում Ադրբեջա՞նն է որոշում, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ մայր օրենքը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի ինքնիշխանության և անկախության թուլացում, որի դիմաց, սակայն, փաշինյանական վարչակազմը չի կարող երաշխավորել, որ Սահմանադրության փոփոխությունից հետո Ադրբեջանը հերթական պահանջ չի դնելու, ասենք. «Էջմիածնի կաթողիկոսության լուծարում», որի առաջին ծիլերն արդեն երևում են՝ նույն Ադրբեջանի պահանջով Հայոց եկեղեցու դեմ Փաշինյանի սկսած հալածանքների տեսքով:
Այն, որ Ադրբեջանն ամենևին էլ մտադիր չէ խաղաղություն հաստատել, վկայում է Հաջիևի հայտարարությունը. «Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն այն ադրբեջանցիներից, որոնք 30 տարի շարունակ չեն կարողացել վերադառնալ «հայրենի եզերք»։4
«Ադրբեջանցիների հայրենի եզերք» ասելով, Հաջիևը նկատի ունի ՀՀ տարածքը՝ Փաշինյանի այդքան տարփողած 29.743 քառ կմ-ը, որի քարտեզը դարձել է Փաշինյանի կրծքազարդը՝ նույնիսկ միջազգային հանդիպումներում: Հայաստանից, իհարկե, ոչ մի պատասխան, գոնե այն մասին, որ Ադրբեջանն ինքը պետք է ներողություն խնդրի հայերից Սումգայիթի, Մարաղայի, Հյուսիսային Արցախի ու Արցախի Հանրապետության ցեղասպանության համար:
Եթե Ադրբեջանը հակված լիներ խաղաղության և նպատակ չունենար ՀՀ-ն ոչնչացնելու, նախ և առաջ ինքը կփոխեր իր Սահմանադրությունը, այնտեղ ամրագրելով, որ որևէ տարածքային պահանջ ՀՀ-ից չունի, և կճանաչեր Փաշինյանի երազած 29.743 քառ կմ-ը, որպես ՀՀ ինքնիշխան տարածք, մինչդեռ, ինչպես հայտնի է, 2022 թ. հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում Փաշինյանը Մակրոնի «քավորությամբ» ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, Ալիևը չներկայացավ ու չստորագրեց այդ փաստաթուղթը, որպեսզի չճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը ՔՊ-ի քարոզած 29․743 քառ կմ-ի նկատմամբ: Ինչո՞ւ, կարծում ենք պատասխանը պարզ է, իսկ Ադրբեջանի Սահմանադրությամբ այդ երկրի տարածքը շուրջ 116.000 քառ կմ է՝ այսինքն՝ «բուն» Ադրբեջանը, զավթված Արցախն ու ՀՀ-ի ներկայիս տարածքը: Այս մասին իհարկե փաշինյանական վարչակազմը Հայաստանի ժողովրդին ոչինչ չի ասում ու Ադրբեջանի առաջ էլ Սահմանադրությունը փոխելու նախապայման չի դնում: Իսկ Հայաստանի սահմանները լայնորեն բացվել են ադրբեջանցիների համար, որոնք նույնիսկ զինված են մտնում հայերի տներ՝ «2026 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևը, ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն, հայտնաբերվելուց հետո զենքից արձակել է կրակոցներ»:5 Կրակոցի հետևանքով վիրավորվել էին մայրն ու անչափահաս որդին, իսկ ՀՀ իշխանությունը առանց որևէ խոսքի ադրբեջանցի զինվորին վերադարձրեց՝ նույնիսկ որևէ հայ գերու հետ չփոխանակելով:
Ահա սա է, «խաղաղասեր» Ադրբեջանի իրական դեմքը՝ խախտել պայմանավորվածությունները և թիրախ դարձնել խաղաղ բնակչությանը՝ ինչպես արել է 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի կնքումից ի վեր:
2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո՝ ցեղասպանություն կատարելով Արցախում, և 2024 թ. օգոստոսի «խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից հետո՝ «դիրքը լքած» ադրբեջանցի զինվորին ուղարկելով Սաֆարովի «սխրանքը» կրկնելու, ինչը բարեբախտաբար կանխվեց՝ ժամանակին երեխաներին օգնության հասած ու թշնամու դեմ կռիվ տված հայ մոր շնորհիվ:
Աշխարհն ալեկոծվում է, ոչ միայն ռուս-ուկրաինական օր-օրի ավելի ողբերգական դարձող պատերազմից, Իրան-ԱՄՆ-Իսրայել զինված հակամարտությունից, այլ նաև Եվրոպայով մեկ ծայր առած բողոքի ցույցերից, որոնք մի շարք երկրներում անխուսափելիորեն հանգեցնելու են իշխանափոխության, որն էլ զգալի ազդեցություն է ունենալու համաշխարհային քաղաքական փոփոխությունների վրա (այս մասին առավել մանրամասն կխոսենք հաջորդ համարում)՝ և այս համապատկերում ապազգային ու անատամ իշխանությունը Հայաստանին ուղղակի անխուսափելի աղետալի հետևանքներ է բերում, որոնք դժվար թե՝ այս վարչակազմով, Հայաստանը կարողանա հաղթահարել:
Աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների շեմին, երբ Թուրքիան ու Ադրբեջանը ձեռքերն են շփում Հայաստանում հերթական ցեղասպանությունը կազմակերպելու ու հայերի հարցը վերջնականապես փակելու մոտալուտ հեռանկարից՝ հայ ժողովուրդը կարծես լեթարգիական քնից չի կարողանում արթնանալ և գործի դնել իր ինքնապաշտպանական բնազդը:
Այս իրավիճակում հայ քաղաքական դաշտի ընդդիմադիր ուժերն ուղղակի պարտավոր են իրենց ուսերին վերցնել պետության և ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը ու ցանկացած միջոցով իշխանափոխություն իրականացնելով՝ ապահովել երկրի և ժողովրդի անվտանգությունը սպասվող մարտահրավերներին հանդիման, հակառակ դեպքում՝ պատմությունը չի ների….
Ծանոթագրություններ
1. ՀԱԱ, ֆ. 1022, ց. 3, գ. 275, թ. 1:
2. https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/Announcement/
3. https://factor.am/1072576.html
4. https://news.am/hy/news/1070413
5. https://hetq.am/hy/article/184361
Անի Մելքոնյան
