Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալական ական. Ադրբեջանում «հիջաբի սկանդալի» քաղաքական ու աշխարհաքաղաքական ծալքերը
04 Նոյեմբեր 2026
Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներում հիջաբի փաստացի սահմանափակումն ու դրան հաջորդած բողոքի ալիքը բացահայտեցին ավտորիտար համակարգի խորքային հակասություններն ու խոցելիությունը։ Սահմանադրությամբ երկիրը հռչակված է աշխարհիկ պետություն, որտեղ կրոնը բաժանված է պետությունից, իսկ կրթությունը կրում է աշխարհիկ բնույթ՝ միաժամանակ թղթի վրա երաշխավորելով կրոնի ազատությունը։ Չնայած բնակչության ավելի քան 90-96 տոկոսը մահմեդական է (մեծամասամբ շիա), պետական ապարատը մինչ օրս պահպանում է խորհրդային ժառանգությունից եկող աթեիստական-աշխարհիկ վերահսկողության ավանդույթը։ Այս երկվությունը պերմանենտ լարվածություն է ստեղծում իշխանության և հասարակության իսլամական ինքնագիտակցություն ունեցող հատվածների միջև։
Իրադարձություններն այս անգամ ծավալվեցին արագ հաջորդականությամբ։ Ուսումնական տարվա մեկնարկին դպրոցական համազգեստի հարցի պատրվակով հիջաբով աշակերտուհիներին արգելվեց մուտք գործել դպրոց, ինչն արագորեն վերածվեց տեղական բողոքների, ծնողների ու ոստիկանության բախումների։ Իլհամ Ալիևի ռեժիմը դիմեց իր ստանդարտ գործիքակազմին՝ ակտիվիստների ձերբակալություններ, սոցցանցերի ու նամակագրության հասանելիության սահմանափակումներ՝ տեղեկատվական ճնշումը կանխելու համար։ Այնուամենայնիվ, ճգնաժամը դուրս եկավ ներքին սահմաններից՝ հասնելով մինչև դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների լարմանը, որտեղ իշխող պահպանողական շրջանակները բացասաբար արձագանքեցին հիջաբի նկատմամբ նման կոշտ վերաբերմունքին։
Ճգնաժամի խորքային պատճառը քաղաքական այլախոհության բացակայությունն է։ Ընդդիմադիր դաշտի լիակատար ջախջախումից հետո կրոնական համայնքները մնացել են այն եզակի սոցիալական հարթակը, որտեղ առկա է ինքնակազմակերպման ներուժ։ Ալիևի ռեժիմի համար սա զուտ դպրոցական կանոնակարգի հարց չէ, այլ բացարձակ վերահսկողությունը կորցնելու էկզիստենցիալ վախ։ Իշխանությունները ցանկացած անկախ կրոնական դրսևորում դիտարկում են որպես սպառնալիք, որը փորձում են ներկայացնել որպես «արտաքին վտանգ» կամ ռադիկալիզմ՝ Արևմուտքի աչքում «աշխարհիկ պատվարի» դեր խաղալու և ներքին ռեպրեսիվ ապարատի բյուջեներն ու անվտանգության համակարգի գոյությունը հիմնավորելու համար։
Մյուս կողմից, սկանդալը բորբոքողներն ու բողոքողներն ունեն տարբեր նպատակներ։ Ծնողների և շարքային քաղաքացիների համար սա սեփական երեխաների կրոնական ինքնության ու սահմանադրական իրավունքների տարրական պաշտպանություն է։ Սակայն պահպանողական ու իսլամիստական խմբավորումները, ինչպես նաև արտաքին ազդեցության որոշ կենտրոններ, օգտագործում են հանրային արդարացի դժգոհությունը Ի․ Ալիևի վարչակարգի դեմ դիմադրության օջախներ ձևավորելու և սեփական քաղաքական ազդեցությունն ընդլայնելու համար։
Փաստացի, հիջաբի արգելքն ու դրան հաջորդած բռնաճնշումները ցույց տվեցին, որ ալիևյան «աշխարհիկությունն» ու «հանդուրժողականությունը» սոսկ ավտորիտարիզմի քողարկման միջոցներ են։ Արգելքներով ու ձերբակալություններով խնդիրը լռեցնելու փորձերը ոչ թե չեզոքացնում են վտանգը, այլ ավելի են խորացնում հասարակական ճեղքվածքը՝ պարարտ հող ստեղծելով ապագա ավելի լուրջ սոցիալ-քաղաքական ցնցումների համար։
Պետք է ընդգծել, որ դպրոցական հիջաբի դեմ պայքարն Ադրբեջանում նորություն չէ։ Դեռևս 2010 թվականի դեկտեմբերին կրթության նախարար Միսիր Մարդանովը հայտարարեց դպրոցներում հիջաբի արգելքի մասին՝ որպես պատրվակ բերելով միասնական համազգեստի կանոնները։ Դրան հաջորդած բողոքի ալիքը Բաքվում, Գանձակում (Գյանջա) և այլ քաղաքներում բիրտ ուժի կիրառմամբ հանդարտեցվեց, սակայն ակտիվիստներից շատերը հետագայում դատապարտվեցին երկարատև ազատազրկման։ Նմանատիպ սահմանափակումներ և տեղային դժգոհություններ պարբերաբար ի հայտ էին գալիս նաև հետագա տարիներին, այդ թվում՝ 2026 թվականի գարնանը։
Արդեն սեպտեմբերի 21-ին կառավարությունն ընդունեց թիվ 309 որոշումը՝ փոփոխելով պետական դպրոցների համազգեստի կանոնները և արգելելով «միասնական համազգեստի պահանջները խախտող կամ կրթության աշխարհիկ սկզբունքին հակասող» հագուստի տարրերը։ Թեև «հիջաբ» բառը տեքստում ուղղակիորեն չէր նշվում, ձևակերպումն ակնհայտորեն ուղղված էր հենց դրա դեմ, իսկ հոկտեմբերի 6-ին նույնաբնույթ սահմանափակող պահանջներ դրվեցին նաև մանկավարժների առջև։
Հոկտեմբերի 9-12-ն ընկած ժամանակահատվածում սկսվեց ստուգումների և որոշման կիրառման կոշտ փուլը, երբ հիջաբ կրող աշակերտուհիներին և ուսուցչուհիներին արգելեցին մուտք գործել դպրոցներ։ Սոցիալական ցանցերում լայն տարածում գտան տեսանյութեր, որտեղ դպրոցից հեռացվող աղջիկները լացելով հարցնում էին՝ «Ինչո՞ւ պետք է հրաժարվեմ իմ կրոնից», իսկ դպրոցների մոտ հայտնվեցին «Հիջաբը կրթությանը չի խանգարում» պաստառները։ Բողոքի ալիքն արագորեն բռնկվեց Բաքվի ավանդաբար պահպանողական արվարձաններում, ինչպիսիք են Բալախանին, Մաշտաղան, Սաբունչինը, ինչպես նաև Իրանին սահմանակից հարավային շրջաններում՝ Մասալլիում և Ջալիլաբադում։ Որոշ դպրոցներում տղաները հրաժարվեցին դասերին մասնակցելուց՝ աջակցելով աղջիկներին, իսկ որոշ վայրերում նույնիսկ բախումներ տեղի ունեցան․ գրանցվեցին դպրոցի տնօրենի մեքենան այրելու և դպրոց հրկիզելու փորձեր։
Համակարգային վերահսկողության կարևորագույն տարրերից է իշխանության գործողությունները պաշտոնական կրոնական ինստիտուտների կողմից լեգիտիմացնելու դերը։ Հոկտեմբերի 13-ին Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշյուքյուր Փաշազադեի հայտարարությունը լիովին տեղավորվեց ադրբեջանական քաղաքական մոդելի տրամաբանության մեջ։ Ընդունելով, որ հիջաբը «կարևոր կրոնական պարտավորություն է», նա միաժամանակ ընդգծեց, որ «պետության որոշումներին չի կարելի հակադրվել»՝ քննադատելով ցուցարարներին դպրոցական գործընթացը խաթարելու համար։ Փաշազադեն թեման որակեց որպես ներքին ու արտաքին ուժերի կողմից քաղաքականացվող հարց և փորձեց մեղմել լարվածությունը՝ պնդելով, թե որոշման տեքստում «հիջաբ» բառի բացակայությունը նշանակում է արգելքի բացակայություն։ Չնայած նա ափսոսանք հայտնեց կրոնական կառույցի հետ նախնական խորհրդակցությունների բացակայության համար, այնուամենայնիվ, պաշտոնական իսլամական հաստատությունը հերթական անգամ հանդես եկավ ոչ թե որպես հավատացյալների անկախ ձայն, այլ որպես իշխանության քաղաքականությունը սպասարկող ու իրավիճակը կայունացնող գործոն։
Ռեժիմի պատասխանը եղավ ակնթարթային և բռնի։ Հոկտեմբերի 12-ին ՆԳՆ-ն հայտարարեց Բաքվում 37 մարդու ձերբակալության մասին, մինչդեռ ակտիվիստները պնդում էին ավելի քան 200 ձերբակալվածների մասին, որոնց սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում։ Զուգահեռաբար սահմանափակվեց Instagram-ի և TikTok-ի հասանելիությունը, իսկ հետագա օրերին թիրախավորվեցին քաղաքացիական և ընդդիմադիր ակտիվիստները։ Amnesty International-ն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով վերացնել սահմանափակումները և ազատ արձակել խաղաղ ցուցարարներին, քանի որ կոպտորեն խախտվում են կրթության, կրոնի և արտահայտվելու ազատության հիմնարար իրավունքները։
Ադրբեջանում հիջաբի շուրջ ծավալված սկանդալի և պետական սահմանափակումների հիմքում ընկած է բարդ քաղաքական, աշխարհաքաղաքական և գաղափարախոսական դրդապատճառների մի ամբողջ համալիր։
Պաշտոնական Բաքվի ներկայացրած առաջնային բացատրությունը կրթության աշխարհիկ բնույթի պահպանումն ու դպրոցներում միասնական համազգեստի ապահովումն է։ Սա խորհրդային և հետխորհրդային աթեիստական-աշխարհիկ քաղաքականության ուղղակի շարունակությունն է, որի հիմնական նպատակն է կրոնական ցանկացած դրսևորում հանրային և պետական հաստատություններից իսպառ հեռու պահելը։
Այնուամենայնիվ, այս քաղաքականության խորքային պատճառներից մեկը Իրանի հնարավոր գաղափարական ազդեցության նկատմամբ ալիևյան ռեժիմի ունեցած խորը մտահոգությունն է։ Լինելով շիա մեծամասնություն ունեցող երկիր և սահմանակցելով Իրանին, որտեղ ապրում են մեծ թվով թյուրքախոսներ, Բաքվի իշխանությունները ցանկացած անկախ կրոնական ակտիվություն դիտարկում են որպես անվտանգային սպառնալիք։ Իշխանությունները կրոնական հագուստի և հիջաբի տարածումը հաճախ ուղղակիորեն կապում են «արաբա-պարսկական արժեքների» ներմուծման կամ Թեհրանի սուբվերսիվ ազդեցության հետ, իսկ պետական լրատվամիջոցներով ակտիվորեն քարոզում են, թե նման արգելքներն անհրաժեշտ են ազգային ինքնությունն ու պետականությունը պաշտպանելու համար։
Միևնույն ժամանակ, իրավիճակը բարդանում է Ադրբեջանի գլխավոր դաշնակից Թուրքիայի հետ հարաբերությունների հավասարակշռման տեսանկյունից։ Չնայած «մեկ ազգ, երկու պետություն» հայտնի բանաձևին, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման տարիներին Թուրքիան ստացել է ընդգծված իսլամական-պահպանողական ուղղվածություն։ Ի․ Ալիևի ռեժիմը, ձգտելով պահպանել խիստ աշխարհիկ դիրքորոշում, փորձում է սահմանափակել ցանկացած արտաքին գաղափարական ազդեցություն, ներառյալ՝ թուրքական իսլամիստական շրջանակներից եկող ճնշումները։ Հատկանշական է, որ թուրքական որոշ քննադատներ հիջաբի արգելքը կապում են նաև Ադրբեջանի ու Իսրայելի միջև առկա սերտ ռազմավարական, զինվորական և էներգետիկ կապերի հետ, ինչն ավելի է սրում դիվանագիտական ու հանրային լարվածությունը երկու դաշնակից պետությունների միջև։
Ադրբեջանում հիջաբի շուրջ ծավալված սկանդալում ներգրավված կողմերը հետապնդում են միմյանցից խիստ տարբերվող, բազմաշերտ և հաճախ հակասական նպատակներ։
Իշխանությունների և Իլհամ Ալիևի ռեժիմի համար պաշտոնական նպատակը հայտարարված է որպես աշխարհիկ կրթության, պետական կարգի և ազգային ինքնության պահպանում։ Սակայն ավտորիտար համակարգում, որտեղ քաղաքական ընդդիմությունը ջախջախված է, անկախ լրատվամիջոցները՝ փակված, իսկ հանրային բողոքները՝ հազվադեպ, այս քայլն առաջին հերթին հասարակության նկատմամբ բացարձակ վերահսկողության պահպանման գործիք է։ Ռեժիմն ավանդաբար օգտագործում է «արմատական իսլամի սպառնալիքը»՝ ներքին բռնաճնշումները լեգիտիմացնելու և Արևմուտքի աչքում որպես աշխարհիկ ու կայուն գործընկեր ներկայանալու համար։ Միաժամանակ, սրանով Բաքուն ցույց է տալիս, որ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը չի նշանակում թուրքական կրոնական-քաղաքական մոդելի անվերապահ ընդունում։ Արգելքի կիրառման անհամաչափության աստիճանը, որն անմիջապես ուղեկցվեց ձերբակալություններով, ճնշումներով և սոցցանցերի սահմանափակումներով, ակնհայտորեն բնորոշում է ռեժիմի վերաբերմունքը ցանկացած տեսակի հանրային անհամաձայնության կամ ինքնակազմակերպման հարցում։
Բողոքողների և սկանդալը բորբոքողների ճամբարում նույնպես դրդապատճառները միատարր չեն։ Բազմաթիվ ընտանիքների և աշակերտների համար սա բացառապես կրոնական ազատության, անձնական արժանապատվության և կրթության սահմանադրական իրավունքի պաշտպանության հարց է։ Սակայն գործընթացն ունի նաև ընդգծված քաղաքական բաղադրիչ։ Հանրային դժգոհությունից փորձում են օգտվել ընդդիմադիր ակտիվիստները, ինչպես նաև Իրանից կամ արտաքին իսլամիստական շրջանակներից հնարավոր ազդեցություն ունեցող խմբերը։ Բացի այդ, թեման օգտագործվում է Թուրքիայի ներքին քաղաքական դաշտում, որտեղ իշխող ԱԶԿ-ն ավանդաբար դիրքավորվում է որպես մահմեդական կանանց իրավունքների պաշտպան։ Սոցցանցերում թեմայի կայծակնային տարածումն ու օտարերկրյա օգտատերերի բարձր ակտիվությունը վկայում են, որ ներքին հասարակական խնդիրն արագորեն վերածվել է նաև արտաքին քաղաքական ճնշման և տեղեկատվական արշավների թիրախի։
Ըստ էության, Ադրբեջանում հիջաբի շուրջ բռնկված սկանդալն արտացոլում է երկրի բարդ ու խոցելի դիրքը՝ աշխարհիկ ավանդույթների, շիայական ինքնության, Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքի և Իրանի հետ զգայուն ու լարված հարաբերությունների խաչմերուկում։ Պաշտոնական Բաքվի որոշումը ձևականորեն հենված է սահմանադրական աշխարհիկության պահպանման վրա և ունի հստակ պատմական նախադեպեր, սակայն դրա կոշտ կիրառումն ու բողոքների բռնի ճնշումը հերթական անգամ փաստում են Ի․ Ալիևի ռեժիմի բացահայտ ավտորիտար բնույթը։ Այս համակարգում ցանկացած հանրային անհամաձայնություն կամ քաղաքացիական ինքնակազմակերպում անմիջապես վերածվում է պետական անվտանգության սպառնալիքի։
Միևնույն ժամանակ, հանրային արդարացի դժգոհության մի մասը կարող է օգտագործվել արտաքին քաղաքական ուժերի կողմից՝ սեփական ազդեցության շրջանակներն ընդլայնելու նպատակով։
Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում նման ուժային սահմանափակումներն ու բռնաճնշումները ոչ թե լուծում են հարցը, այլ էլ ավելի են խորացնում ներքին սոցիալական լարվածությունը, հատկապես՝ աստիճանաբար աճող կրոնական համայնքների շրջանում։ Ի․ Ալիևի ռեժիմը, վախենալով սեփական հասարակությունից, կարճաժամկետ բացարձակ վերահսկողությունն ակնհայտորեն գերադասում է երկարաժամկետ սոցիալական կայունության հեռանկարից։
Լիանա Պետրոսյան
