Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը
02 Նոյեմբեր 2026
Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով:
Նա ամփոփեց խորհրդարանական շաբաթը և պատասխանեց լրագրողների հարցերին:
Անդրադառնալով Մայր օրենքը փոխելու շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումների «պարբերական փոփոխություններին»՝ Գեղամ Մանուկյանը դրանք որակեց որպես «իրարահաջորդ ստախոսությունների հավաքածու»․ «Մի պահ չքմեղանում էր, թե 2018-ին է խոսել նոր Սահմանադրության մասին, հետո ՔՊ-ականները փորձում էին հերքել Բաքվի գործոնը։ Ի վերջո, եկավ մի պահ, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ուղղակի բացահայտեց՝ նոր Սահմանադրության նախագիծը Ադրբեջանի պահանջն է։ Ամբողջ աշխարհի քաղաքական պատմության մեջ դժվար է գտնել մի դեպք, երբ միևնույն հարցի շուրջ հնչեն այսքան հակասական գնահատականներ՝ Անկախության հռչակագրին ձոներգեր ձոնելուց մինչև այն պետականությանը սպառնացող փաստաթուղթ հռչակելը»,- նշեց պատգամավորը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք նոր Սահմանադրությունը կբերի՞ լիարժեք խաղաղություն, Գեղամ Մանուկյանը նշեց, որ այն եզակի պատգամավորներից է, ով անձամբ ծանոթացել է ԱԳՆ-ում պահվող հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի խմբագրումներին. «Բանակցությունները մեկնարկել էին հայկական կողմի մի շարք առաջարկներով, սակայն այսօր սեղանին դրված փաստաթղթից հայկական կողմի բոլոր ելակետերը, առաջարկներն ու ցանկությունները հանված են։ Տեղում մնացել է այն թուղթը, որն ամենաձեռնտուն է Ադրբեջանին։ Այն որևէ պարտավորություն չի դնում Բաքվի վրա, փոխարենը Հայաստանի վրա բարդում է ծանր պարտավորություններ՝ ընդհուպ միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելը, սահմանների անհստակությունը և այլն»։
Մանուկյանը հիշեցրեց, որ ընդամենը շաբաթներ առաջ Փաշինյանը հայտարարում էր, թե խաղաղությունը կհաստատվի 2031 թվականին, սակայն Աշխաբադում Իլհամ Ալիևի հետ ունեցած կարճատև զրույցից հետո հանկարծ պարզվեց, որ Սահմանադրությունը փոխելն անհետաձգելի է․ «Ալիևի հետ զրույցից անմիջապես հետո օդի ու ջրի պես պահանջվեց հենց հիմա փոխել Սահմանադրությունը»։ Անդրադառնալով Փաշինյանի ակնարկներին, թե Սահմանադրությանը դեմ լինելու պարագայում ընդդիմության դեմ հանրային ճնշում կգեներացվի՝ ընդհուպ 2018 թ․ հոկտեմբերի 2-ի նման ԱԺ-ն շրջափակելու միջոցով, Մանուկյանը դա որակեց պետական հեղաշրջման կոչ և ՀՀ օրենսդրության կոպիտ խախտում․ «Պատգամավորների վրա ճնշման միջոցով քվեարկություն պարտադրելը չի կարող լեգիտիմ լինել։ Փաշինյանը սպառնում է, բայց մոռանում է՝ 2018 թվականը չէ։ Եվ ամենակարևորը՝ ժողովուրդը 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին չի տվել սահմանադրական մեծամասնություն՝ Սահմանադրություն փոխելու համար։ Ժողովուրդն արդեն իսկ ասել է՝ դու չունե՛ս մանդատ՝ միանձնյա Սահմանադրություն փոխելու»։
Հարցին, թե արդյոք իշխանությունը կարո՞ղ է ճնշումներով կամ «առևտրով» ընդդիմությունից կորզել պակասող 6 ձայները, պատգամավորը կտրուկ բացառեց նման հնարավորությունը․ «Ռոբերտ Քոչարյանն իր անցած ուղով և «Հայաստան» խմբակցությունն իր գործունեությամբ փաստել են՝ ոչ մի ճնշման առաջ չեն ընկրկել։ Համազգային ու պետական հարցերի շուրջ որևէ սակարկություն լինել չի կարող»։
Պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանության գործելաոճը չի՞ հանգեցնի նոր քաղաքացիական բախումների, Գեղամ Մանուկյանը նշեց, որ Փաշինյանը 2008-ի մարտի 1-ից ի վեր եղել է հասարակական պառակտման «գլխավոր ճարտարապետն ու հրձիգը»․ «Առավոտից գիշեր իշխանության կողմից հորդում է ատելության խոսքը, որը ներթափանցում է դպրոց, փողոց, ընտանիք և բանակ։ Զինված ուժերում օրերս տեղի ունեցած հերթական ողբերգական մահվան դեպքն ու այնտեղ տիրող անհանդուրժողականությունը օդից չեն իջել․ դա հենց այս համատարած թունավոր մթնոլորտի արտացոլումն է»։ Լրագրողի դիտարկմանը, թե ընտրողներից դժգոհություն կա, որ ընդդիմությունը վերածվել է «բլոգերների կամ քաղաքագետների» և գործուն քայլեր չի ձեռնարկում, պատգամավորը չհամաձայնեց․ «Կա կոնկրետ քաղաքական ուժ և քաղաքական ուղղություն։ Ես պատրաստ եմ անել այն գործողությունը, որը դեռ չենք արել ու կարող ենք անել։ Փաշինյանն այս պահին դահլիճում է, եկեք երկուսով գնանք, դահլիճը շրջափակենք, դուրս չթողնենք։ Բայց պետք է հասկանալ, որ պայքարը շարունակվում է բոլոր հնարավոր հարթակներում, և մենք մեր անցյալով առիթ չենք տվել կարծելու, թե որևէ բանից վախենում ենք»։
Սվարտին Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նոյեմբերի 5-ին տեղի է ունենալու հատուկ քննարկում՝ նվիրված Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան ելքով արտակարգ դեպքերին։ Քննարկմանը մասնակցելու են Պաշտպանության նախարարը, ԱԱԾ տնօրենը, Ներքին գործերի նախարարը և Քննչական կոմիտեի նախագահը։ Քննարկումը լինելու է բյուջետային լսումներից առանձին։

Մանրամասները՝ տեսանյութում
