ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ու օրենքները
03 Նոյեմբեր 2026
Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբերի 3-ին «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Կալանավորված Հայաստան» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Օրենքները չեն գործում, խիղճը, համոզմունքները, հավատը և ապագայի մեր հույսերը ճաղերի հետևում են, բոլոր հիմնարար սահմանադրական իրավունքները խախտված են, հավելել է պատգամավորը։
Գալստյանը նկատել է, որ երկրի իշխանությունները խոսում են «ժողովրդավարության բաստիոնի» մասին, սակայն բոլոր միջազգային կազմակերպությունների գնահատմամբ Հայաստանը շարունակում է մնալ կիսաազատ երկիր՝ ճիշտ այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի օրոք, իսկ ոստիկանական գործողությունների և խոշտանգումների առումով նույնիսկ հետընթաց կա։
Անդրադառնալով սպանությունների և ինքնասպանությունների խնդրին՝ Գալստյանը հայտարարել է, որ պատկերը խայտառակ է․ մեկ տարվա ընթացքում բանտերում արձանագրվել է մահվան 27 դեպք, որոնցից 10-ը՝ ինքնասպանություն, 17-ը՝ առողջական վիճակով պայմանավորված։
Նրա խոսքով՝ որոշ ՔԿՀ-ներում պահման պայմանները սարսափելի են։ Միաժամանակ նա արձանագրել է, որ անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտվում է ամեն քայլափոխի։
Նա նշել է, որ ԵԽԽՎ վերջին զեկույցում նրբանկատորեն արտացոլված են իշխանությունների կողմից ընդդիմության հետապնդումների, պատվիրված արդարադատության, ընդդիմախոսների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների փաստերը։ «Իշխանության ճյուղերի միջև սահմանները ջնջված են, ամբողջ իշխանությունը կենտրոնացած է գործադիր իշխանության ձեռքում»։
Կալանավորված Հայաստանն ազատագրելու ծրագիր կա, և մենք պարտավոր ենք հետևել դրան. եզրափակել է Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
