ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ
  • Հոդվածներ

Տոն սրբոց թարգմանչաց

04 Նոյեմբեր 2026

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթիվ ուխտավորների ճանապարհը, որ հոկտեմբերյան մի օր Արագածոտնի տարբեր բնակավայրերից, երբեմն նաև ոտքով, ընթանում էին դեպի Օշական՝ երկյուղածորեն սիրո ու հարգանքի տուրք մատուցելու հայ գրերի մեծանուն ստեղծող Մեսրոպ Մաշտոցի հիշատակին։ Եվ այդ գյուղի եկեղեցու բակում սկսվում էր մեծ տոնախմբություն, որին մարդիկ պարզ ու որոշ անվանում էին տալիս՝ «Օշականի ուխտ»։

Հասնում էին երեկոյան, երբ եկեղեցու պատի արևի ժամացույցը ցույց էր տալիս օրվա ավարտը։ Հնչում էին զանգերը և նախատոնակի առաջին շարականը՝ Հովհաննես Սարկավագի «Որք զարդարեցին»-ը թևածում էր եկեղեցու կամարների տակ։ Ուխտավորները իջնում էին սրբի դամբանախուց, ծնրադրում նրա պարզ շիրմաքարի առջև, հայցում նրա բարեխոսությունը առ Աստված՝ իրենց և իրենց երկրի խաղաղ, բարեկեցիկ ու արգասաբեր կյանքի համար։ Այնուհետև ամբողջ գիշեր նրանք անց էին կացնում եկեղեցու հատակին նստած կամ ծնկած, հանապազ աղոթքներով և մոմավառությամբ։

Իսկ տոնը Հայաստանյայց եկեղեցու տոնացույցում կրում է «Սրբոց Թարգմանչաց վարդապետացն մերոց» անվանումը։ Այն ուխտագնացությամբ էին նշում ամեն տարի, անկախ նրանից, որ խորհրդային պաշտոնյա այրերը խեթ-խեթ էին նայում դեպի եկեղեցի ընթացող բազմություններին, անկախ այն բանից, թե ինչ վիճակի մեջ էր գտնվում եկեղեցական շենքն ու նրա շրջակայքը, և կա՞ր արդյոք քահանա եկեղեցում, որ կարգ ու ծես կատարեր բազմաթիվ ուխտավորների ու հավատացյալների համար…

Հիմա դժվար է ասել, թե երբ է եկեղեցու տոնացույցում ներմուծվել և հաստատվել սրբոց Թարգմանչաց տոնը։ Սակայն այդ տոնը կոչված է պանծացնելու նրանց հիշատակը, ովքեր 5-րդ դարում 36 տառանշաններ ընծայեցին հայոց աշխարհին, սկզբնավորեցին հայ գիրն ու գրչությունը, ամրակայեցին այն խարիսխը, որ դարերով մեր ինքնության, մեր գոյատևման երաշխիքը դարձավ։ Քրիստոնեության ընդունումից ի վեր նոր օծված վանքերում ու եկեղեցիներում արմատավորվեց կանոնավոր ծիսական-քարոզչական կյանքը, որի ընթացքում հոգևորականության կարևորագույն խնդիրը Սուրբ Գրքի ուսուցանումն էր։ Գրքի ընթերցվածքները հունարեն կամ ասորերեն էին, ուստի հոգևորական աստիճան ունեցող մեկ այլ անձ, որին անվանում էին «թարգմանիչ» պատվավոր տիտղոսով (հունարեն՝ հերմենևտ), Աստվածաշնչի այդ հատվածները համընթաց թարգմանում էր ժողովրդին հասկանալի հայերեն լեզվով և օժտում մեկնություններով։ Գրերի գյուտից հետո այդ ավանդույթը բանավորից նոր կերպ առավ՝ դարձավ գրավոր։

Թարգմանիչ լինել 5-րդ դարում չէր նշանակում լինել միայն օտար տեքստերը հայերեն թարգմանողներ. նրանք միաժամանակ ուսուցիչներ էին, պատմիչներ, փիլիսոփաներ, հոգևոր առաջնորդներ և ազգային ինքնության կերտողներ։ Ահա թե ինչու այդ զարմանալի շնորհներով «զարդարեալ» մեծ անհատականությունները դարձան հիմնադիրն ու արարողը հայոց Ոսկեդարի։ Թարգմանչաց շարժման առաջամարտիկները հայ գրերի ստեղծող ու դպրոցական գործի հիմնադիր Մեսրոպ Մաշտոցն էր, գրերի գյուտի գլխավոր հովանավոր ու Աստվածաշնչի թարգմանության ոգեշնչող Սահակ Պարթևը։ Սրբոց Թարգմանչաց տոնին, ըստ եկեղեցական կանոնի, այդ սրբադասված մեծությունների հետ միասին հիշատակվում են նաև նրանց ավագ և կրտսեր աշակերտները՝ Մաշտոցի առաջին կենսագիր Կորյունը, պատմահայր Մովսես Խորենացին և պատմիչ Ղազար Փարպեցին, իմաստասերներ Եզնիկ Կողբացին և Դավիթ Անհաղթը, ինչպես նաև ավելի ուշ շրջանի մեծ լուսավորիչներ Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին։

Թարգմանչաց սերնդի օրոք ի կատար ածվեց Սուրբ գրքի ամբողջական թարգմանությունը։ Հայերենը քրիստոնյա աշխարհի միակ լեզուն է, որ այդ մատյանը կոչում է «շունչն Աստծոյ»՝ Աստվածաշունչ։ Դեռևս 16-րդ դարում եվրոպացի գիտնականները հայերեն Աստվածաշունչն անվանեցին «Թագուհի թարգմանությանց» (Queen of Translations), ընդգծելով որ այն կատարված է արտակարգ բարձր ճշգրտությամբ և գեղարվեստական կատարելությամբ։

Թարգմանչաց հոգևոր մշակութային հզոր շարժումն անկրկնելի երևույթ է հայոց պատմության մեջ: Այն դրեց հայ ազգային ինքնուրույն գրականության և պատմագրության, փիլիսոփայության և աստվածաբանության, ճարտարապետության և հոգևոր երաժշտության հիմքերը։ Հայոց գրերի ստեղծմամբ գրեթե միաժամանակ սկզբնավորվեց հայ դպրությունն ու մանկակրթությունը։ Պետական գրագրությունները, եկեղեցական արարողությունները, քարերի վրա փորագրվող արձանագրությունները դարձան հայալեզու։ Թարգմանչաց քաղաքակրթիչ առաքելության ի կատար ածմամբ ստեղծվեց և հարատևեց ինքնատիպ մի մշակույթ, մի հզոր ավանդություն, ինքնության պաշտպանության մի անխորտակելի վահան, որ կարողացավ ետ վանել ճակատագրի դաժան փորձությունները և առաջնորդել ժողովրդին դժվարին ու երբեմն նաև աղետաբեր դարերի միջով։

Հայ թարգմանական գրականությունը չափազանց հարուստ է։ Այն ընդգրկում է ծիսական, հայրենագիտական, վկայաբանական, վարքագրական ու պատմագրական մեծաքանակ երկերի ու աշխատությունների հայերենացված նշանավոր հուշարձաններ։ Թարգմանչաց շարժման ավանդույթները անընդհատաբար շարունակվել են նաև հետագա դարերում։ Իր սկզբնավորումից ի վեր Թարգմանչաց շարժումը խթանել է լուսավորականության, կրթության, գիտության, լեզվաշինության, արմատավորվող նոր գաղափարների զարգացմանը։ Գրերի գյուտը և թարգմանչական շարժումը հայ ժողովրդին տվեցին հոգևոր-մշակութային պատվար՝ պահելու և պահպանելու իր ազգային ինքնությունն ու լեզուն՝ անգամ պետականության կորստի դժնդակ ժամանակներում։

Հայ եկեղեցու տոնացույցում Սուրբ Թարգմանիչներին երկու հիշատակության օր է սահմանված։ Նրանցից առաջինը նշվում է ամռանը՝ Հոգեգալստյան 4-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը, և նվիրված է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակին։ Աշնանային տոնը՝ բուն Թարգմանչաց տոնը, ինչպես արդեն ասել ենք, նշվում է հոկտեմբեր ամսին, Խաչվերացի 4-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Այդ տոնախմբությամբ արդեն փառաբանվում են բոլոր թարգմանիչները՝ սկսած Սահակից – Մաշտոցից մինչև Նարեկացի և Շնորհալի։

Անցյալ դարի 60-ական թվականներին Հայաստանում լույս տեսնող երիտասարդական թերթերից մեկը հանդես եկավ եկեղեցական տոնացույցի սրբոց Թարգմանչաց տոնը համաժողովրդական տոնախմբությամբ նշելու առաջարկությամբ։ Հայաստանի գրողների միությունը ու այն ժամանակվա խորհրդային կառավարությունը դրականորեն արձագանքեցին նախաձեռնությանը, և արդեն տարիներ շարունակ գրականության այդ տոնը դարձել է անխախտ ավանդույթ։ Հայաստանն այսօր միակ երկիրն է, որտեղ թարգմանչական արվեստի տոնը մեծ տոնակատարությամբ նշում են և՛ եկեղեցին, և՛ պետությունը, և՛, իհարկե, ժողովուրդը։

Տոնի առթիվ Օշականյան սրբավայր են այցելում հարյուրավոր ուխտավորներ, նրանց շարքերում՝ նաև անվանի գրողներ ու թարգմանիչներ, մշակութային գործիչներ, այստեղ տեղի են ունեցել նոր լույս տեսած գրքերի, թարգմանական գրականության քննարկումներ և շնորհանդեսներ։ Տարբեր տարիների Օշականի սրբավայր են այցելել այնպիսի նշանավոր գրողներ, ինչպիսիք են Կիմ Բակշին, Յուննա Մորիցը, Փիթեր Քաուին, Ջեյմս Ռասելը, Ժան Պիեռ Մահեն, Ահմադ Նուրիզադեն, Սերգեյ Միխալկովը, Պաուլո Կոելյոն, Եվգենի Եվտուշենկոն, Մորիս Չակլայսը, գրեթե բոլոր հայ գրողները, թարգմանիչները, բանաստեղծները։ Տոնն ամեն տարի նշվում է Հայաստանի և Սփյուռքի հայկական դպրոցներում, գիտական ու մշակութային հաստատություններում՝ որպես հայ գրի, դպրության, լեզվի և թարգմանական արվեստի տոն։

1997 թվականի հոկտեմբերի 28-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կողքին դեռ նախանցած դարում դասական ճարտարապետական ոճով կառուցված շինությունը Սբ Էջմիածնի հովանու ներքո իր դռները բացեց որպես գիտամշակութային կենտրոն։ Այն ստացավ Ս. Մեսրոպ Մաշտոց դպրատուն անվանումը։ Ամենայն Հայոց հոգելույս Կաթողիկոս Գարեգին Ա-ի խորհրդով 1999 թվականից սկսած մինչև 2008 թիվը ամեն տարի, ճիշտ սրբոց Թարգմանչաց տոնի օրը, Դպրատանը գումարվել են Մաշտոցյան ընթերցումներ: Այդ ընթերցումներին հրապարակ են բերվել մաշտոցագիտական և հայագիտական տարբեր խնդիրների նվիրված գիտական աշխատանքներ, որոնք վերաբերում են հայ ժողովրդի և հայ մշակույթի, հայ աստվածաբանական մտքի և Հայ Առաքելական Եկեղեցու պատմությանը, հնագիտությանը, հայոց լեզվին ու գրականությանը, գրաբանությանը, հայագիտության այլ ճյուղերին: Մաշտոցյան ընթերցումներին իրենց ուսումնասիրություններն են ներկայացրել ավելի քան 80 մասնագետներ:

Հրապարակված զեկուցումների թիվն անցնում է 200-ից: Հեղինակների մեջ մեծ թիվ են կազմել հայագիտության անվանի երախտավորները, նաև երիտասարդ և խոստումնալից ուժեր, քիչ չեն եղել նաև բարձրաստիճան և երիտասարդ հոգևորականները: Ընթերցումներին իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ ԳԱԱ Պատմության, Գրականության, Արվեստի, Արևելագիտության, Լեզվի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի գիտնականները։

2009 թվականից ի վեր ամեն Թարգմանչաց տոնի օրը ամփոփվում են հայերենից այլ լեզուներ և այլ լեզուներից հայերեն թարգմանված նոր ստեղծագործությունների ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները։ Դպրատան մեծ սրահում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայաստանի գրողների միության սահմանած «Կանթեղ» անունը կրող մրցանակը դափնեկիրներին հանդիսավորությամբ հանձնում է Գրողների միության նախագահը։ Մրցանակը կոչված է խրախուսելու թարգմանական արվեստի ոլորտում նշանակալի ավանդ ունեցող հայ և օտարազգի գրողներին ու թարգմանիչներին և շնորհվում է ինչպես հայ դասական ու ժամանակակից գրականությունն օտար լեզուներով հանրահռչակելու, այնպես էլ համաշխարհային գրականության լավագույն գործերը հայերեն թարգմանելու համար:

Տարբեր տարիների «Կանթեղ» մրցանակի են արժանացել տասնյակ վաստակաշատ թարգմանիչներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից. Հայաստանյան թարգմանիչներից և գրողներից դափնեկիրներ են դարձել բանաստեղծ, գերմանական գրականության թարգմանիչ Հակոբ Մովսեսը, ֆրանսիական գրականության թարգմանիչ և գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը, անգլալեզու պոեզիայի ու արձակի թարգմանիչ, հրատարակիչ Շանթ Մկրտչյանը, անգլո-ամերիկյան գրականության թարգմանիչ, բանաստեղծ Արտեմ Հարությունյանը, անգլիական դասական գրականության թարգմանիչ Սամվել Մկրտչյանը, տարբեր լեզուներից հայերեն թարգմանիչներ Ալվարդ Ջիվանյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Գուրգեն Բալայանը, Արամ Արսենյանը և այլք: Հայ գրականությունն աշխարհին ներկայացնող օտարազգի և սփյուռքահայ գործիչներից մրցանակակիրներ են դարձել ռուս գրող և դրամատուրգ Կիմ Բակշին, ֆրանսիացի բանաստեղծ և թարգմանիչ Ժան-Բատիստ Պարան, ամերիկացի Ջոն Գուիդան, իտալացի Ալեսիո Պաոլոն, ռուս գրող Միխայիլ Սինելնիկովը, սերբագետ Բաբկեն Սիմոնյանը, որոնք տարբեր լեզուներով հայ գրականության և պատմության տարածողներն են եղել:

«Կանթեղ» մրցանակաբաշխությունը ոչ միայն գնահատում է տվյալ տարում լույս տեսած թարգմանությունների լեզվական ու գեղարվեստական վարպետությունը, այլև ծառայում է որպես մշակութային կամուրջ՝ շեշտելով թարգմանչի դերը որպես երկու մշակույթների միջև երկխոսություն ստեղծող գործչի:

Այս տարվա հոկտեմբերի 10-ին Օշականում՝ Սբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը հանդիսավոր պայմաններում ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը «Կանթեղ» մրցանակներ հանձնեց օտար լեզուներից հայերեն կատարած թարգմանական աշխատանքների հեղինակներ Կարլեն Մատինյանին, Արտաշես Էմինին և Վահե Արսենին։ Հայերենից այլ լեզուներով կատարած թարգմանությունների համար մրցանակի է արժանացել նաև իրանահայ թարգմանիչ Գարուն Սարգսյանը՝ հայկական պատմավեպերը, նաև հայ պատմիչների գործերը իրանցի ընթերցողին ներկայացնելու համար: Այս տարի Գերմանիայում, «Լյուդվիգ Բուրգս» հրատարակչությունում տպագրվել է «Հայ ժամանակակից պոեզիայի անթոլոգիա»` 450 էջանոց գերմաներեն ժողովածուն, որի կազմողն ու հրատարակողն անվանի բանաստեղծուհի և թարգմանչուհի Բետտինա Վյորմանն է: Այս ժողովածուի համար նա նույնպես արժանացել է «Կանթեղ» մրցանակի:

Այս տարվա Թարգմանչաց տոնն առանձնացավ մի կարևոր և խորհրդանշական իրադարձությամբ ևս։

Մինչև հայոց ցեղասպանությունը Թարգմանչաց տոնի կապակցությամբ ամեն տարի Սբ Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր Մշո Հացեկաց գյուղից մաշտոցյան տառերի թվով, 36 լավաշ հաց էին ուղարկում Օշական։ Ժամանակները, թվում է, վերջնականապես մոռացնել էին տվել այս գեղեցիկ ավանդույթը։ Բայց ահա օշականցի մի խումբ երիտասարդներ մոռացության գրկից հանեցին և կրկին կյանքի կոչեցին այն։ Նրանք, որ միավորված են «Բունիկ» կոչվող մշակութային կազմակերպության մեջ, անցած ամառ մեկնեցին Հացեկաց և այնտեղից բերած ցորենով Օշականի հացատներից մեկում թխեցին 36 լավաշ։ Տոնի օրն այդ սրբազան հացն օրհնվեց Սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում։ Ապա և առանձնաբար փաթեթավորված ու անհրաժեշտ պիտակավորումով այդ լավաշները մատուցարանի վրա պահած, ազգագրագետ Վանուհի Սիմոնյանը պատմեց, թե ինչպես է պատվիրակությունը, որի կազմում էին եղել նաև բանաստեղծներ, գիտնականներ ու արվեստագետներ, մեկնել Հացեկաց, այնտեղից հող, ջուր և ցորեն բերել Օշական։

Սրբոց Թարգմանչաց տոնին հարյուրավոր ուխտավորներից և հյուրերից 36 երջանիկներ որպես նվեր ստացան Հացեկացի լավաշ հացը։

Արտավազդ Նազարյան

«Դրօշակ» թիվ 10 2026թ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company