Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդդիմադիր ուժերին միավորվելու
04 Նոյեմբեր 2026
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գառնիկ Դանիելյանը նշեց, որ դատավորներ կան, որոնք փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ։ «Բարգավաճ Հայաստանը» անցել էր խորհրդարան։ Դրա մասին ասում են անգամ Նիկոլ Փաշինյանի եվրոպացի բարեկամներն ու հարազատները, որոնք ամեն կերպ հովանավորում են։ Անգամ իրենք են գնահատականը տվել աղաղակող փաստերին»։
Գառնիկ Դանիելյանն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանը հայտնվել է բանտում այն պարագայում, որ տուժող է. «Քանի որ ծուռ հայելիների թագավորությունում ենք ապրում, գրչի մի հարվածով Նիկոլ Փաշինյանը պարոն Ծառուկյանին տուժողից մեղադրյալի կարգավիճակի է փոխում… Նիկոլ Փաշինյանի համար մի քրեական հոդված ավել-պակաս նշանակություն չունի։ Այդ մարդու համար՝ 100 հոդվածով է դատվում, թե 101-րդ, կապ չունի»։
Անդրադառնալով Կարապետյանների տան խուզարկություններին ՝ Գառնիկ Դանիելյանը նշեց, որ Փաշինյանը մտնում է ընդդիմադիրների տները՝ ուղիղ ցուցում տալով իրավապահ համակարգին, որպեսզի կիրառեն ամբողջ գործիքակազմը՝ փորձելով պատժել, ճնշել, ինչը կոչվում է սահմանադրական կարգի տապալում։ Նրա ձևակերպմամբ՝ առաջիկայում այդ ճնշումներն ավելի են սաստկացվելու։
«Ոչ մի ընդդիմադիր ուժ չպիտի ձեռքերը ծալած նստի և սպասի, թե երբ է հասնելու իր հերթը։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ օգտվելով առիթից, սիրելի ընդդիմադիր գործիչներ, ով իրեն համարում է ընդդիմադիր, չկա իմ ու քո քաղբանտարկյալը, չկա իմ ու քո առաջնորդը և այլն, և այլն։ Կա ընդդիմության իրական ներկայացուցիչների հետապնդում, և բոլորը պարտավոր են մի բռունցք դառնալ՝ «մեկը բոլորի, բոլորը մեկի» սկզբունքով և պաշտպանել յուրաքանչյուրի իրավունքը։ Սա կարող է նաև հնարավորություն ընձեռել ընդդիմադիր ուժերին միավորվելու, մեկ ճակատով հանդես գալու և արհավիրքները կասեցնելու։ Սա միակ լուծումն ու տարբերակն է։ Ես հուսով եմ, որ այդ ճանապարհով կգնա ընդդիմությունը»,- ընդգծեց Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
