ՔՊ-ականների նախագիծը չի համապատասխանում օրինաստեղծ գործունեության տարրական պահանջներին
20 Հունվար 2026
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը Աժ հայտարարությունների ժամին.
Այսօր առաջին ընթերցումով խորհրդարանն ընդունեց ՔՊ խմբակցության երկու պատգամավորի՝ ««Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Այս ամբիոնից հնչած՝ հանրությանը մոլորեցնող, զրպարտչական և Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկող բազմաթիվ հայտարարություններ դրդում են մեկ անգամ ևս անդրադառնալ նախագծին և քաղաքական մեծամասնության իրական նպատակադրմանը:
Նախ արձանագրենք, որ նախագիծը չի համապատասխանում օրինաստեղծ գործունեության տարրական պահանջներին:
Ի սկզբանե այն մեռելածին է և հետապնդում է սոսկ քաղաքական-քարոզչական նպատակ՝ հետևյալ հիմնավորումներով.
Մասնավորապես, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների նպատակային նշանակությունը որևէ մեկն իրավասու չէ փոփոխել՝ անկախ վերջինիս սեփականության ձևից, ուստի օտարվելու դեպքում, շարունակելու է պահպանվել նույն իրավական ռեժիմը: Հետևաբար, անիմաստ է և երևակայական այն մտահոգությունը, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները կարող են օտարումից հետո օգտագործվել «ոչ հանրօգուտ և իր բուն նշանակությանը տարբերվող նպատակով»:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին երբևէ չի օտարել և չի էլ պատրաստվում օտարել պատմության և մշակույթի որևէ անշարժ հուշարձան, ուստի օրինագիծը հիմաստազուրկ է նաև այս առումով: Ցանկացծ օրենքի նախագիծը պետք է հետապնդի ոչ թե ապրիորի, ենթադրյալ կամ դավադրապաշտական թեզեր, այլ՝ կոնկրետ հանրային պատվեր:
Օրինագծի վերաբերյալ այս ամբիոնից հնչած բազմաթիվ դատողությունները և այսպես կոչված հիմանվորումները կամ դիտավորությամբ խեղված են կամ չունեն նվազագույն գիտելիքային հենք: Դրանց բուն ուղղվածությունը ԱԺ ամբիոնից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին վարկաբեկելն է, հանրության մոտ հակաեկեղեցական տրամադրություններ ձևավորել:
Նախանձելի խիզախությամբ այս բարձր ամբիոնից կասկածի տակ է դրվում Հայ Առաքելական եկեղեցու կրոնական կազմակերպություն լինելն ու պետությունից անջատ լինելու Սահմանադրական նորմը:
Նույն ջանասիրությամբ այս ամբիոնից ոտնահարվում է մեկ այլ իրավական նորմ, որով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարումը։
Կրկնում եմ՝ գուցե անպատասխանատու հայտարարություններից առաջ ուսումնասիրեիք, որ մասունքների ընծայաբերումը միջեկեղեցական դարավոր ավանդույթ է:
Եթե ականատեսը չլինեինք եկեղեցու և մեր ինքնության դեմ վարչախմբի սևեռուն հալածանքներին, կարելի էր մտածել, թե նախաձեռնությունը բխում է հուշարձանների պահպանության լավագույն շահից։
Իրականում այն սովորական հայտ է մաս կազմելու հակաեկեղեցական արշավ-հալածանքին:
Եվ, այնուամենայնիվ հիշենք, որ հայ եկեղեցու, նրա ժառանգության պահպանության դիրքերից է հանդես գալիս քաղաքական մի ուժ, որի իշխանության օրոք թշնամուն թողնվեցին վանական համալիրներ, 1500 եկեղեցի, պաշտոնապես գրանցված շուրջ 20․000 առանձնակի արժեքավոր մշակութային արժեքներ։
