Այս պահին Իրանի իշխանությունները կենտրոնացած են արտաքին ճակատի վրա
22 Հունվար 2026
Իրանում շրջանառվում են տեղեկություններ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավոր է համացանցի աստիճանական վերականգնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Իրանում լույս տեսնող «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը։
Նրա խոսքով՝ համացանցի հնարավոր վերագործարկումը կարող է նշանակել երկու բան․ կամ երկրում առկա են ներքին այլ խնդիրներ, և կառավարությունն անհրաժեշտ է համարում կապի վերականգնումը, կամ էլ իշխանությունները այլևս լուրջ մտավախություններ չունեն ներքին իրավիճակից։ Սակայն, դեռևս պարզ չէ, թե ինչ ծավալով և ինչ որակի կապ կվերականգնվի, ինչպես նաև՝ կապի որ միջոցները կաշխատեն։
Շահնազարյանը նշել է, որ ներկայումս Իրանում գործում են միայն ներքին չաթային հարթակներ, որոնք ստեղծված են հենց երկրի ներսում և գտնվում են պետական անվտանգության վերահսկողության տակ։ «Այդ հարթակների միջոցով որևէ հակաիշխանական գործողություն կազմակերպել գործնականում անհնար է»,– ընդգծել է նա։
Զոհերի թվի վերաբերյալ, ըստ Արամ Շահնազարյանի, մինչ այս պահը պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել։ Միևնույն ժամանակ արևմտյան աղբյուրներում շրջանառվում են խիստ տարբեր և, նրա բնորոշմամբ, երբեմն «աստղաբաշխական» թվեր՝ սկսած մի քանի տասնյակից մինչև անգամ 20 հազար զոհ։ Սակայն, որոշ անկախ արևմտյան վերլուծություններ մատնանշում են, որ անգամ խորը պատերազմական իրավիճակում նման կարճ ժամանակում այդքան մեծ թվով զոհերի թիվն անտրամաբանական է։ Շահնազարյանի գնահատմամբ՝ հնարավոր է, որ զոհերի թիվը գերազանցի 2000-ը, սակայն, ավելի բարձր թվերը խիստ կասկածելի են։
Նրա խոսքով՝ այս պահին Իրանի իշխանությունները կենտրոնացած են արտաքին ճակատի վրա։ Մասնավորապես, աշխատանք է տարվում արտաքին կապերի ուղղությամբ․ ակնհայտ են ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար բաց թողնված որոշակի խողովակներ, միաժամանակ փորձ է արվում չեզոքացնել եվրոպական երկրների հետ առկա խնդիրները։
Շահնազարյանը նշել է նաև, որ վերջին շրջանում սերտացել են Իրանի և Թուրքիայի հարաբերությունները։ Նրա խոսքով՝ անգամ տեսանյութեր են տարածվել, որոնցում իբր Թուրքիայում ձերբակալվում են պարսիկ ընդդիմադիրներ և պատրաստվում արտահանձնվել Իրանին, սակայն այդ տեսանյութերի վավերականությունը հաստատված չէ և հարցականի տակ է։ «Ինձ համար ևս հստակ չէ, արդյոք արդեն իսկ գոյություն ունի այդպիսի համագործակցություն՝ մարդկանց ձերբակալելու և արտահանձնելու մակարդակով»,– ասել է նա։
Միևնույն ժամանակ, ըստ Շահնազարյանի, ակնհայտ է, որ Իրանի և Թուրքիայի միջև առկա է սերտ անվտանգային համագործակցություն, քանի որ երկու երկրների անվտանգային խնդիրները մեծապես նույնական են, ինչը, նրա գնահատմամբ, տարածաշրջանի համար դրական զարգացում չէ։
Նա նաև նշել է, որ ակտիվ աշխատանք է տարվում արաբական աշխարհի հետ՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների համատեքստում ձևավորված համախմբվածությունը պահպանելու ուղղությամբ։ Բացի այդ, նկատվում է սերտ, թեկուզ անուղղակի, բայց կայուն համագործակցություն Ռուսաստանի և Չինաստանի հետ, որոնք այս հարցում ունեցել են բավականին ամուր դիրքորոշում։
Եզրափակելով՝ Արամ Շահնազարյանը նշել է, որ թեև իշխանությունները ներկայումս կենտրոնացած են արտաքին մարտահրավերների վրա, երկրի ներսում իրավիճակը լիովին չի հանգուցալուծվել։ «Ներքին լարվածությունը զսպվել է, սառեցվել, բայց այն ցանկացած պահի կարող է կրկին պայթել»,– ասել է նա։
