ԱԺ-ն մարտադաշտ է, եթե չկա քաղաքական բանավեճ
23 Հունվար 2026
Հունվարի 22-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Անդրադարձ է կատարվել հիմնականում ներքաղաքական հարցերի և մասնավորապես իր գործունեությունն ավարտող Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Ըստ Գեղամ Մանուկյանի՝ իշխանական մեծամասնության շրջանում նկատվում է ակնհայտ շտապողականություն, որ պայմանավորված է այս տարիների օրինաստեղծ աշխատանքների ձախողումով: «Անգամ մեկ ամիս առաջ ընդունած օրենքն են հետ բերում, որտեղ մի կետը հակասում է մյուսին, փորձում են ափալ-թափալ նոր խմբագրումներ անել, շարունակում են առանց լուրջ քննարկումների իրար հետևից դակել և օրենքի տեսք տալ կառավարությունից եկած հաճախ վիճելի և արդյունքում մեր հասարակությանը ոչինչ չտվող օրենսդրական նախաձեռնությունները»,- նշել է Գեղամ Մանուկյանը:
Խոսելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այդպես էլ չհրապարակված զեկույցի մասին, նա կարծիք հայտնեց, որ այդ զեկույցում, որին ծանոթացել է անձամբ, բավականին մեծ թվով բացահայտումներ կան, որոնք խնդրահարույց են և հարցեր են առաջացնում՝ ուղղված իշխանություններին: «Իմ կարծիքով՝ սա միտումնավոր է արվում, որովհետև 44-օրյա պատերազմի թեման ամենատհաճներից մեկն է գործող իշխանության համար և նրանք ամեն ինչ անում են, որ այդ մասին հնարավորինս քիչ խոսվի, քննարկումներ չլինեն, զեկույցը իրավական արժեք չունենա: ԱԺ նախագահը պարտավոր էր այդ զեկույցը ուղարկել համապատասխան կառույցների՝ դատախազություն, ԱԱԾ, Ներքին գործերի նախարարություն և այլն: Դիմել եմ այդ կառույցներին՝ ոչ մեկը զեկույցը չի տեսել: Սա է իրավիճակը, սա է այս Ազգային ժողովի աշխատելաձևը՝ կոծկել ամեն ինչ հետո ծխածածկույթ ստեղծել, որ արդարացնեն իրենց անգործությունը: Մինչև հիմա մեր բոլոր զոհերի ու նահատակների անուն ազգանունները հրապարակված չեն, մենք չգիտենք մեր այն զինվորների անունները, որոնք զոհվեցին Հայաստանի Հանրապետության տարածք՝ ադրբեջանական ներխուժումների ժամանակ… Ինչի՞ մասին է խոսքը»,- նշել է պատգամավորը:
Նա համոզված է, որ ՀՀ նոր կառավարության կառուցվածքում պետք է ստեղծել Վերականգնման նախարարություն՝ այս իշխանությունների օրոք գրեթե բոլոր ուղղություններով տեղի ունեցած փլուզումներն ու ավերները վերականգնելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում:
