Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի, որ Իրանի հետ առևտուրը սպառնալիք չէ
10 Փետրվար 2026
Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններից, քանի որ կզրկվի իր երկրորդ այլընտրանքային ճանապարհից։ Panorama.am-ի հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր սահմանափակումներին։
Ըստ փորձագետի՝ Հայաստան-Իրան կապը ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական-քաղաքական նշանակություն ունի, հատկապես այն պայմաններում, երբ երկրի արևելյան և արևմտյան սահմանները փակ են։
Պարսյանը պարզաբանում է, որ նույնիսկ ԱՄՆ-ի կողմից սահմանված 25% լրացուցիչ մաքսատուրքը չպետք է ստիպի Հայաստանին վերանայել իր հարաբերությունները Թեհրանի հետ։
«Մենք ԱՄՆ արտահանում ենք տարեկան մոտավորապես 50-ից 60 միլիոն դոլարի ապրանք, իսկ Իրան արտահանում ենք մոտ 100 միլիոն դոլարի ապրանք, այսինքն Իրան ավելի շատ ենք արտահանում, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և թեկուզ այդ 25% մաքսատուրքի կիրառությունը չի կարող Հայաստանին մեծ տնտեսական վնասներ հասցնել»,- նշեց նա։
Տնտեսագետի կանխատեսմամբ՝ ամերիկյան նոր կարգավորումներից հիմնականում կտուժեն ԱՄՆ շուկա արտահանվող հայկական ադամանդն ու ոսկյա իրերը, ինչպես նաև վերամշակված սննդամթերքը, որոնք պարզապես կթանկանան սփյուռքի սպառողների համար։ Այդուհանդերձ, նա պնդում է, որ հայկական կողմը պետք է շարունակի առևտուրը Իրանի հետ նույնիսկ տուրքերի կիրառման պարագայում։
Քաղաքական հարթությունում Պարսյանը հորդորում է ցուցաբերել ճկունություն։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացվել է բոլոր երկրների համար, սակայն գործնականում հնարավոր է նաև հետաձգել Հայաստանի նկատմամբ 25%-ի մաքսատուրքի կիրառությունը։ Հայաստանը պետք է ամերիկյան կողմին հստակ բացատրի, որ Իրանի հետ սերտ կապերը չեն հակասում տարածաշրջանային խաղաղության նախագծերին։
