Ազատություն հայ պատանդներին. բողոքի ցույց Բաղրամյան 26-ում
10 Փետրվար 2026
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ փետրվարի 9-ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ, տեղի ունեցավ արցախցիների նախաձեռնված բողոքի ցույցը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։
Ցույցին մասնակցում էին քաղաքացիներ, հայաստանյան տարբեր քաղաքական-հասարակական ուժերի ներկայացուցիչներ: Նրանք իրենց հետ բերել էին Ադրբեջանում պահվող հայ գերիների լուսանկարները, վանկարկում՝«Ազատություն հայ պատանդներին»:
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ցույցի ընթացքում դիմեց ԱՄՆ փոխնախագահին` հորդորելով Բաքու կատարելիք առաջիկա այցի ժամանակ բարձրացնել 19 հայ պատանդներին անհապաղ ազատ արձակելու, անհետ կորածների ճակատագրերը պարզաբանելու և Արցախի ժողովրդի վերադարձի համար անհրաժեշտ գործնական մեխանիզմներ ներդնելու հարցերը։

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ողջունելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան հայտարարեց. «Այսօր Բաքվի զնդաններում պահվում են առնվազն 19 հայեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ Ադրբեջանը նրանց դեմ ներկայացրել է շինծու և անտրամաբանական մեղադրանքներ, ինչը ծաղր է ոչ միայն մեր հայրենակիցների նկատմամբ, այլև ամբողջ միջազգային հանրության հանդեպ։ ԼՂ հիմնախնդրի կարգավորման քաղաքական բանակցությունների ողջ ընթացքում Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ անգամ այցելել են Արցախ, հանդիպել են Արցախի ղեկավարության հետ։ Արդյո՞ք ԱՄՆ ներկայացուցիչները երբևէ հանդիպել են ահաբեկիչների, մարդասպանների, ցեղասպանություն իրականացնողների կամ հանցագործների հետ։ Իհարկե՝ ոչ։ Այդ մարդիկ ներկայացրել են Արցախի ժողովրդին, եղել են օրինական ընտրված ներկայացուցիչներ, որոնց լիազորությունները ճանաչվել են միջազգային հանրության կողմից։ Այսօր խնդրում ենք ձեզ՝ ձեր ամբողջ հեղինակությունը գործի դնել և ապահովել, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան, միավորվեն իրենց ընտանիքների հետ»:
«Պարոն փոխնախագահ, Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ոչնչացնում է Արցախի ողջ պատմամշակութային ժառանգությունը, քրիստոնեական մշակութային ժառանգությունը, որը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի մաս է կազմում։ Կոչ ենք անում ձեզ՝ սանձել Ադրբեջանի բարբարոսությունը, դադարեցնել այն վայրագությունները, որոնք իրականացվում են մեր վանքերի և հուշարձանների նկատմամբ։ Վերջիվերջո ակնհայտ է, որ այդ կերպ ադրբեջանական կողմը փորձում է ջնջել Արցախում հայկական հետքը, որպեսզի ինչ-որ պահի հայտարարի՝ այստեղ հայ չի եղել։ Պարոն փոխնախագահ, ինչպե՞ս կարող ենք խոսել հարատև խաղաղության մասին, երբ հայերը պահվում են ադրբեջանական զնդաններում, երբ ոչնչացվում են Արցախի պատմամշակութային հուշարձանները, և երբ Ադրբեջանը անխոչընդոտ անցման դիմաց Հայաստանին տրամադրում է ընդամենը սահմանափակ տարանցման իրավունք»,- նշեց նա։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, ով նույնպես մասնակցում էր բողոքի ցույցին, իր հերթին ասաց. «Պարոն Վենսին խնդրում ենք ուշադրություն դարձնել նաեւ արցախահայության վերադարձի խնդրին, որպեսզի օգտագործի իր հեղինակությունը, ազդեցությունը արցախահայության վերադարձի իրավունքի մասին խոսույթ խթանելու համար»:
