Պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ուժերի հետ, եթե դրանից է կախված այս իշխանության հեռացումը
10 Փետրվար 2026
«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա. այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ասել ենք, որ արժևորելով «Հայաստան» խմբակցության գործունեությունը, նպատակ ունենք պահպանելու և այդ ուղղությամբ բանակցություններ, քննարկումներ են տեղի ունենում։ Ժամանակը կգա՝ մենք այդ մասին կհայտարարենք,- նշել է նա՝ հավելելով, որ ՀՅԴ-ն սահմանաչափը հաղթահարելու խնդիր չունի, սակայն հարցն այն է, որ ընդդիմադիր դաշտում ստեղծվեն խոշոր դաշինքներ, որոնք կմիավորեն ջանքերը՝ ներկայիս իշխանություններից ազատվելու համար։
Նրա դիտարկմամբ՝ դաշտում կան լավ ընդդիմադիր ուժեր՝ իրենց գաղափարներով, բայց ակնհայտ է, որ իրենք շեմը հաղթահարելու դժվարություն ունեն. «Ի՞նչ իմաստ կա այդ ձայները փոշիացնելու։ Եթե մեր համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռցումը, մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ նույնիսկ եթե որևէ խոշոր ընդդիմադիր ուժի հաջողվի հավաքել 49 տոկոս ձայն, սակայն իշխանափոխություն տեղի չունենա, «մենք դա պարտություն կհամարենք»։
Նա նշել է, որ «Հայաստան» խմբակցության հիմքի վրա բանակցություններ են ընթանում այլ ուժերի հետ, սակայն մինչև արդյունքի հասնելը այդ մասին խոսելը նպատակահարմար չէ։
«Ինչ վերաբերում է նախընտրական շրջանում առանձին ներկայացված լինելուն, ապա դա լիովին բնական գործընթաց է»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է իր ընտանիքի եկամուտների ծագումը և Գլխավոր դատախազության գործողություններն անվանել «շոու»։
Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Ադրբեջան կատարելիք այցին՝ Իշխան Սաղաթելյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ փոխնախագահն Ադրբեջանում կբարձրաձայնի հայ գերիների վերադարձի հարցը:
Մանրամասները տեսանյութում
