Հրայր Մարուխյան՝ Հեռատես Առաջնորդ
19 Դեկտեմբեր 2011
Հրայր Մարուխեանը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ակնառու անդամ էր եւ կուսակցութեան երկարամեայ ներկայացուցիչ, ով իր մահկանացուն կնքեց 1998թ.-ին: Իր ղեկավարութեան օրօք Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը վերամիացաւ Սոցինտերնին:
Հրայր Թորգոմի Մարուխեանը ծնուել է 1928 թ.-ի դեկտեմբերի 19-ին Իրանի Քերմանշահ քաղաքում: Աւարտելով Իրանի Պետական Համալսարանի մեքենագիտական ճարտարագիտութեան բաժինը, յետագայում նա հիմնեց իր սեփական ճարտարագիտական ձեռնարկութիւնը:
Վաղ տարիքից անդամակցել է ՀՅԴ Թեհրանի Երիտասարդական միութեանը, այնուհետեւ Հ.Յ. Դաշնակցութեանը: Եղել է Թեհրանի «արարատէ մարզամշակութային միութեան հիմնադիրներից մէկը, յետագայում տնօրէնը: Ազգային-հասարակական գործունէութեան առաջին քայլերից դրսեւորել է կազմակերպական ակնառու ձիրք եւ գաղափարական սկզբունքայնութիւն:
1963 թ.-ին, որպէս ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ` ընկ. Հրայր Մարուխեանը մասնակցել է ՀՅԴ 18-րդ Ընդհանուր Ժողովին, որը սերնդափոխութեան առումով ՀՅԴ պատմութեան մէջ կարեւոր նշանակութիւն է ունեցել: Դրոների, Նաւասարդեանների, Վրացեանների սերնդին փոխարինելու եկաւ Սփիւռքի ափերին ծնուած եւ կազմաւորուած երիտասարդութիւնը: Որպէս այդ սերնդի ականաւոր ներկայացուցիչներից մէկը` Հրայր Մարուխեանը ընտրուեց ՀՅԴ Բիւրոյի անդամ: 1964 թ.-ի սեպտեմբերին ընտանիքով տեղափոխուեց Լիբանան, որի մայրաքաղաքում էր գտնւում ՀՅԴ Բիւրոյի նստավայրը:
1967 թ.-ին` ՀՅԴ Ընդհանուր Ժողովին, նա վերընտրուեց երիտասարդ կազմ ունեցող ՀՅԴ Բիւրոյի անդամ, իսկ 1972 թ.-ի ապրիլին` Բիւրոյի ներկայացուցիչ ԱՅ. Քաբաքեանի մահից յետոյ, ստանձնեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցչի պարտականութիւնները: Նոյն տարուայ դեկտեմբերին կայացաւ ՀՅԴ 20-րդ Ընդհանուր Ժողովը, երբ որդեգրուեց Դաշնակցութեան վերջին քառորդ տարուայ գործունէութիւնը պայմանաւորող քաղաքական ուղեգիծը, Հրայր Մարուխեանը ընտրուեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ: Այնուհետեւ, մինչեւ 1994 թ.-ի յուլիսի 17-ի ճակատագրական օրը, նա յաջորդաբար վերընտրուեց այդ պաշտօնին:
Քաղաքական եւ կազմակերպական առումներով Դաշնակցութեան համար նոր հանգրուան սկսուեց 1988 թ.-ին, ՀՅԴ 24-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ, երբ Արցախեան շարժման հետ Դաշնակցութեան գործունէութեան առանցքը դարձաւ «դէպի Երկիրէ նշանաբանի իրագործումը: Անձամբ գլխաւորելով կազմակերպութեան վերընձիւղման աշխատանքները հայրենիքում` Հրայր Մարուխեանը, որպէս ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, գործուն ներկայութիւն ունեցաւ Հայաստանի քաղաքական թատերաբեմի վրայ` Արցախի ազգային-ազատագրական պայքարին եւ Հայաստանի ազգային զարթօնքի շարժմանը ըստ ամենայնի զորաքցելու առաջադրանքով:
Դաշնակցութեան յարաճուն ժողովրդավարութեանը հարուած հասցնելու նպատակով 1992 թ.-ի յուլիսի 29-ին, Լեւոն Տէր-պետրոսեանը իր յայտնի ելոյթից յետոյ արձակեց Հայաստանից ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի արտաքսման հրամանագիրը:
Այնուհետեւ, աւելի քան երկու տարի, մինչեւ 1994 թ.-ի յուլիսի 17-ը, Հրայր Մարուխեանը դարձաւ իշխող վարչախմբի բռնապետական քայլերի դէմ ծաւալուած քաղաքական պայքարի խորհրդանիշը:
Հրայր Մարուխեանը իր մահկանացուն կնքեց 1998 թ.-ի դեկտեմբերի 21-ին: Նրա փափագն էր ապրել Հայաստանում եւ իր կեանքը նուիրաբերել նորանկախ Հայաստանի ապագայ հզօրացման գործին: Սակայն ճակատագիրը այլ կերպ դրսեւորուեց: Հայաստանի նոր իշխանութիւնները վերանայեցին 1992 թ.-ի յուլիսի 29-ի որոշումը եւ Հրայր Մարուխեանի աճիւնը տեղեփոխուեց Երեւան: 1998 թ. դեկտեմբերի 26-ի թաղման արարողութեանը ներկայ էին նախագահ Ռոբերտ Քոչարեանը, մի շարք նախարարներ եւ բարձրաստիճան պաշտօնատար անձիք աշխարհի տարբեր մասերից: Զինուորականներով ուղղեկցուող թաղման թափօրը շարժուեց Երեւանի Կոմիտասի անուան Կ’ոնսերվատորիայի սրահից մինչեւ Քաղաքային Պանթէոն, որտեղ հանգչում են յայտնի հասարակական գործիչներ: Կիրակի օրը, 1998 թ.-ի դեկտեմբերի 27-ին Էջմիածնի Մայր Տաճարում, ինչպէս նաեւ աշխարհի տարբեր եկեղեցիներում, տեղի ունեցաւ հոգեհանգստի արարողութիւն:
Հրայր Մարուխեանի նուիրուածութիւնը եւ հաւատարմութիւնը հայ ժողովրդին, նորանկախ Հայաստանի Հանրապետութեան հզօրացմանը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքին միշտ մեծ պատկառանքով կը յիշուի ոչ միայն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, այլ նաեւ ողջ հայ ժողովրդի կողմից:
Հրայր Մարուխեան Հիմնադրամի կայք