Պահակազորին ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին ԱՄՆ որոշումն անմտություն է
11 Ապրիլ 2019
«Ֆարս» լրատվական գործակալության հետ զրույցում Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Հյուսիսային իրանահայության պատգամավոր, դոկտոր Կարեն Խանլարյանն անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Իսլամական հեղափոխության պահակազորին «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին որոշմանը` այն անվանելով անմտություն:
«Իսլամական հեղափոխության պահակազորը մշտապես պայքարել է տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ: Անմտություն է, երբ ԱՄՆ-ն, անտեսելով ԻՊ-ին կամ այլ ահաբեկչական խմբավորումների, պահակազորին է ներառում օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Մենք ականատես ենք եղել, թե ԱՄՆ-ն ինչպես է ակնհայտորեն հովանավորում այդ ահաբեկչական կազմակերպություններին»,- ասել է պատգամավորը՝ հավելելով, որ պահակազորն ու գեներալ Սոլեյմանին Սիրիայում են պաշտոնական Դամասկոսի հրավերով՝ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի գործում այդ երկրի կառավարական ուժերին աջակցելու նպատակով:
«Իսլամական հեղափոխության պահակազորը երկրի ժողովրդական կառույցներից մեկն է, որը համալրվել է ամենագաղափարական երիտասարդներով, որոնք ամենատարբեր ասպարեզներում ծառայել են երկրին: Պահակազորն «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու մասին ԱՄՆ որոշումը փաստում է, թե ամերիկացիներն ինչպիսի երկակի եւ անմիտ չափորոշիչներ են կիրառում»,- եզրակացրել է Կարեն Խանլարյանը:
yerkir.am