ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը
30 Ապրիլ 2019 Դաշնակցության բոլոր մարմիններում մշտապես ներգրավված են եղել նոր մարդիկ, թարմացում մշտապես եղել է, ուստի ներքին իշխանափոխության հարց մեր օրակարգում չկա. այսօր, ապրիլի 30-ին ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։«Մենք մեր բնական ընթացքով, հունով, մեր օրակարգով գնում ենք առաջ: Այսինքն՝ նման խնդիր չկա, նման հարց մենք չունենք»,- հավելեց նա:
Անդրադառնալով ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» հետ Դաշնակցության համագործակցությանը՝ Իշխան Սաղաթելյանը շեշտեց. «Մենք մեզ մոտ չունենք ցուցակ, թե որ կուսակցությունների կամ անձանց հետ կարելի է համագործակցել, որոնց հետ՝ ոչ, և ում հետ ինչ ֆորմատով և որքան: Ունենք քաղաքական հարցեր, ունենք օրակարգեր, և մեր օրակարգի շուրջ բաց ենք համագործակցության ՀՀ-ում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ: Իսկ իշխանափոխության խնդիր մեր օրակարգում չկա, ձեր նշած կուսակցությունների հետ նման քննարկում չենք ունեցել: Կարծեմ «Հրապարակ»-ն էր այսօր առավոտյան գրել՝ Դաշնակցության հավաստի աղբյուրներից... Նշեմ, որ անցած տարիների ընթացքում և հիմա էլ որևէ լրատվամիջոց չի կարող հավաստի աղբյուր ունենալ և չի ունենալու»:

ԼՂ հարցի հետ կապված երբ երկրի վարչապետը, ԱԱԾ պետը շատ կտրուկ և հստակ հայտարարություններ են արել, Դաշնակցությունն անմիջապես ողջունել է, բայց երբ դրանց հաջորդում է մի այսպիսի հայտարարություն, երբ ՀՀ վարչապետը ասում է՝ ժողովուրդը թող ձևակերպի և գրավոր իրեն տա տեքստը, թե ինչ է ուզում, սա արդեն խուսափողական պատասխան է. ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Հարցերն ուղղորդվում են դեպի ժողովուրդը, մինչդեռ ժողովուրդը այդ հարցի պատասխանը ժամանակին շատ հստակ տվել է Արցախում տեղի ունեցած հանրաքվեով և Արցախի Սահմանադրությամբ: Այդ հարցի պատասխանը ժողովուրդը տվել է, և ՀՀ վարչապետն այդ պատասխանն ունի, հետևաբար հարցն ուղղել դեպի ժողովուրդը՝ թող քննարկի և տա բանաձևը, թե ինչ է ուզում արցախյան բանակցություններում, պատասխանը ժողովուրդը տվել է: Իսկ երբ դրանից առաջ վարչապետը հայտարարեց, որ չենք քննարկում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, մենք ողջունեցինք, ասեցինք՝ ձեր կողքին ենք»,-շեշտեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:
Դիտարկմանը՝ ի՞նչ է թաքնված վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության մեջ, արդյոք օրակարգում հանրաքվե անցկացնելու հարց կա՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, թե գուշակություններ չի ուզում անի:
«Հանրաքվեի հարց ժամանակին դրվել է, որի պատասխանը տրվել է, իշխանությունների տեսակետը Արցախի հարցում պիտի լինի պարզ, հստակ, և մեր պետությունը պիտի ունենա կեցվածք»,-ընդգծեց նա:
Հակադարձմանը՝ ինչու՞ է խուսափում հստակ ձևակերպել իր մոտեցումներն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ, Սաղաթելյանը նշեց՝ պետք է հարցնել Նիկոլ Փաշինյանին:
«Երբեմն լինում են հստակություններ, բայց այդ հստակություններին հաջորդում են հայտարություններ, որոնք մեզ մտահոգում են, և մենք ամեն անգամ դրանց մասին բարձրաձայնում ենք և շարունակելու ենք բարձրաձայնել»,-շեշտեց Դաշնակցական գործիչը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը տեղեկացրեց, որ մայիսի 7-ին և 8-ին Արցախում Դաշնակցությունը մեծ ֆորում է նախատեսում անցկացնել Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք կնքելու վերաբերյալ, որին հրավիրել է ՀՀ քաղաքական բոլոր ուժերին, անհատ գործիչներին, որոնք կիսում են իրենց դիրքորոշումն այս հարցում:
Այս իշխանությունների թերությունները եւ անգործությունը մենք հաճախ արդարացնում ենք նախկինների հետ համեմատելով. ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով նախորդ եւ ներկա իշխանությունների մասին։
«Երբ մենք համեմատության մեջ ենք ընկնում՝ նախորդ իշխանությունն էր լավը, թե հիմա, գնում ենք ուրիշ ուղղությամբ։ Եթե նախկինը լավը լիներ, այսօր իշխանության կլիներ։ Այս իշխանությունների թերությունների եւ անգործությունը հաճախ մենք արդարացնում ենք նախկինների հետ համեմատելով։ Մեր ժողովուրդը այս իշխանություններին տվել է բարձր վստահության քվե, ունի մեծ ակնկալիքներ եւ մեծ սպասումներ, որոնք չեն արդարացնում։ Դա է պատճառը, որ մենք քննադատում ենք եւ դրա իրավունքը ունենք»,– նշեց նա։
ԳՄ ներկայացուցչի խոսքով՝ անցնող 1 տարվա ընթացքում իշխանությունները որեւէ համակարգային բարեփոխում մեր երկրում չեն սկսել. «Անցնող 1 տարվա ընթացքում իշխանությունները որեւէ համակարգային բարեփոխում մեր երկրում չեն սկսել եւ նույնիսկ դրա մասին պատկերացում չունեն։ Երբ հիմնավորում են, թե մեկ տարի երեք ամիսը քիչ է, բայց պատկերացում չունեն, չեն ասում, թե ինչ են պատրաստվում անել, լոզունգային հայտարարություններից բացի»։
Խոսելով ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմելու մասին, նա ասաց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում միայն 2 տարի 8 ամիս են իշխանության եղել, իսկ Սերժ Սարգսյանի երկու ընտրությունների ժամանակ մենք իրեն չենք պաշտպանել. «Վերջին 30 տարվա ընթացքում ՀՅԴ–ն բոլոր ընտրություններին մասնակցել է ինքնուրույն, որեւէ դաշինքի չի գնացել մեծ քվե ստանալու համար։ Դժբախտաբար, ՀՅԴ–ն մեծ քվե չի ստացել միայնակ իշխանություն ձեւավորելու եւ իր ծրագրերն իրականացնելու համար, այդ պատճառով նաեւ համագործակցել ենք այլ կուսակցությունների հետ, որը սակայն լիարժեք արդյունք չի տվել, բայց ձեռքբերումներ ունեցել ենք»։
Վերջերս «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը, որով հակասահմանադրական էր ճանաչվել ԱԺ արձակման գործընթացը, և ՀՅԴ-ական գործիչների մեկնաբանությանը, թե իշխանությունը փորձել է ազդել առաջնային մանդատ ունեցող պատգամավորների կողմից որոշումների կայացման գործընթացի վրա, իրեն թույլ էր տվել՝ ասելու, թե «գուցե ընտրություններում պարտվելու պատճառո՞վ են ճնշված»:
Իշխան Սաղաթելյանն արձագանքել է՝ ասելով. «Պատահականորեն պաշտոնների հասած քաղաքական գործիչների մեկնաբանությունները չեմ ուզում մեկնաբանել, ընդամենը տիկին Նազարյանին խորհուրդ կտամ իրեն վեր չդասի ՍԴ-ի որոշումներից, կասկածի տակ չդնի երկրի բարձրագույն դատական համակարգի որոշումները, որը երկրի տարբեր ներկայացուցիչների մոտ սովորություն է»:
Հարցին՝ չկա՞ վտանգ, որ խորհրդարանում չհայտնվելով Դաշնակցությունը կկորցնի դիրքերը՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը նշեց, որ անցած չորս ամիսների իրենց գործունեությունը բնավ դա չի հուշում:
«Այդ վտանգը Դաշնակցությանը չի սպառնում: ՀՀ-ում ավանդույթ է, որ եթե որևէ կուսակցություն խորհրդարան չի մտնում, ինքը գնում է լուծարման ճանապարհով, մենք այդ խնդիրը չունենք, որովհետև մեր ստեղծման և գործունեության նպատակը իշխանության գալն ու խորհրդարան մտնելը չէ, մենք ունենք առաջնային ազգային օրակարգ, որի համար աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել: Այսօր ՀՀ-ի 500 համայնքում ունենք կուսակցական բջիջներ, բոլոր քաղաքաներում ունենք գրասենյակներ, որոնք բաց են, այն դեպքում, երբ ընտրություններից հետո սովորաբար բոլորի գրասենյակները փակվում են, իսկ մերը բաց է, և առաջիկայում ավելի մեծ հզորություն ենք տալու մեր գրասենյակներին, կուսակցությունն իր ամբողջ ծավալով աշխատում է: Ստեղծել ենք մասնագիտական 11 խումբ, որոնք ամբողջությամբ ուշադրության կենտրոնում են պահում կառավարության գործունեության ծրագիրը: Ի դեպ, Դաշնակցությունը միակ քաղաքական ուժն էր, որ կառավարության գործունեության վերաբերյալ 33 էջանոց բոլոր ոլորտներին վերաբերող փաստաթուղթ պատրաստեց, ինչպես նաև՝ կառավարության կառուցվածքի: Դժբախտաբար, այսօր մեր երկրում վերլուծական, փաստավորված և հիմնավորված միտք լսել շատ-շատերը, և, ցավոք, հանրության մեծամասնությունը պատրաստ չեն: Մեր հանրությունն այսօր ուզում է տեսարաններ, իսկ տեսարանն իշխանությունն ապահովում է որքան ուզեք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ իշխանությունը ձևավորվի Դաշնակցության առանցքի շուրջ»,-ամփոփեց Սաղաթելյանը:
Դաշնակցությունը կողմ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատմանը` առանց նախապայմանների. ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Մեր շատ ընդգծված և հստակ կեցվածքը Թուրքիայի հետ հարաբերություններում մեկնաբանում են հաճախ, թե մենք կողմ ենք սահմանների փակմանը: Մենք կողմ ենք բաց սահմաններին, հայ-թուրքական հարաբերություններին, բայց դա պետք է լինի առանց նախապայմանների»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով Հայաստանի և ՌԴ-ի հարաբերություններին՝ Սաղաթելյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, ուստի պետք է ունենալ ռազմավարական փոխվստահության վրա հիմնված նորմալ հարաբերություններ:
«Վարչապետն իր վերջին հարցազրույցում ասաց, որ վստահության հետ կապված խնդիր կա: Մեկնաբանվեց, որ իր նկատմամբ չկա, բայց իր թիմակիցների նկատմամբ կա, քանի որ նրանցից շատերը միջազգային կազմակերպություններում են աշխատել և այլն: Կարծում ենք՝ այդ անվստահության մթնոլորտը հայ-ռուսական հարաբերություններում զգացվում է: Առհասարակ, ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ այդ հստակեցումը պիտի լինի, որպեսզի մենք չմեկուսանանք տարածաշրջանային և այլ ծրագրերից: Մեր պետությունը, հզոր պետություն կառուցելով, իր դերն ու նշանակությունը պետք է ունենա արտաքին հարաբերություններում»,- ասաց նա՝ հավելելով, որ շատ կարևոր է նաև չինական ծրագրերին մասնակցությունը:
«Պետք է ունենանք դիվանագիտական նորմալ կորպուս, արտաքին քաղաքականության վերաբերյալ հստակ հայեցակարգ և դրա իրականացում»,- ընդգծեց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ անհստակություններ կան և՛ արտաքին քաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական ոլորտների հետ կապված: