Հարկային այս օրենսգիրքը արգելակում է մեր տնտեսությունը
01 Մայիս 2019 Երեկ, ապրիլի 30-ին Ազգային ժողովում կազմակերպվել էին «Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների» թեմայով հանրային լսումներ։ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ հանրային լսումներն աչքի ընկան անկազմակերպվածությամբ և ձևականությամբ:«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում, նա նշեց, որ հանրային լսումները պետք է լինեն հրապարակային, և ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել: «Շատ քաղաքացիներ էին նախօրոք գրանցվել Հարկային օրենսգրքի շուրջ այս հանրային լսումներին մասնակցելու համար, սակայն հանձնաժողովի նախագահը ընտրանքային սկզբունքով ցուցակից դուրս էր թողել շատերին, նրանք եկել էին ԱԺ մուտքի մոտ և իմացել, որ ցուցակում ընդգրկված չեն՝ հայտնվելով անհարմար դրության մեջ, այն դեպքում, երբ դահլիճը կիսադատարկ էր:

Սա սխալ մոտեցում է, և խորհրդարանի ղեկավարությունը պետք է համապատասխան գնահատական տա այս իրավիճակին: Եվ երկրորդ՝ այնպես էր կազմակերպված, որ հարց ու պատասխանին շատ քիչ ժամանակ էր տրված, և շատերը, այդ թվում նաև ես, հնարավորություն չունեցանք հարցադրումներ ներկայացնելու»,- նշեց Ս.Պարսյանը՝ ընդգծելով, որ այս հանրային լսումները, կարելի է ասել, «գալչկայի» համար էին:
Նա նաև հավելեց, որ Կենտրոնական բանկին հաջողվեց լոբբինգի արդյունքում այս կառավարության օրոք հարկերի համահարթեցման նախագիծը բերել. «Այս փոփոխություններով Հարկային օրենսգիրքը չի բխում հասարակության լայն շերտերի շահերից, նպատակն է ստեղծել տնտեսության մեջ խնայողություններ»: