Ուրմիայի գոյամարտի վճռորոշ դերը՝ 1918 թ. Մայիսեան յաղթանակներում
27 Մայիս 2019 Թուրքական բանակը մինչ 1918 թ. Մայիսեան ջախջախիչ պարտութիւնները, արդէն բազմիցս ճաշակել էր հայի անկոտրում կամքի ու բազկի զօրութիւնը...Դեռեւս 1915 թ.-ի ապրիլին, Իրանի Ատրպատական հերթական ներխուժման օրերին, թուրքական բանակը Խալիլ փաշայի գլխաւորութեամբ Դիլմանում զօրավարներ՝ Անդրանիկի ու Նազարբէգեանի ջոկատների հուժկու հարւածների տակ գլխովին ջախջախւեց: Նազարբէգեանի մարտական ու զինւորական տաղանդի շնորհիւ, հետագային եւս, 1918 թւականի մայիսեան հերոսամարտերում, նոյն Սարդարապատում, թուրք ոսոխը կրկին անգամ ծունկի է գալիս:

Դիլմանի յաղթանակը, ինչպէս ժամանակին բնութագրել է Սիմոն Վրացեանը, նաեւ պատճառ դարձաւ մէկ այլ փառահեղ յաղթանակի՝ որն նւիրականացւեց Վանի հերոսամարտում…
* * *
Առաջին Համաշխարհայինի ժամանակաշրջանում Ատրպատականի հայութեան շղթայական արհաւիրքներին զուգընթաց եղել են նաեւ առանձնայատուկ նշանակութեամբ հերոսական գոյամարտեր, որոնք արգելակեցին թուրքական հայաջինջ քաղաքականութեան ամբողջացումն Ատրպատականում: Այդպիսին է եղել Ուրմիայի հերոսամարտը (1918 թ. գարնան): «Այդ մասին,- ինչպէս նկատել է Ա. Ամուրեանը,- դժբախտաբար քիչ բան է գրւած»: Դրա կարեւորութիւնը, ըստ նրա՝ սակայն, շատ մեծ է հետեւեալ նկատառումներով.
1-Թուրքական ներխուժող բանակի աջ թեւի առաջխաղացումը (Ալի Իհսան փաշայի գլխաւորութեամբ) դանդաղում է ամիսներ շարունակ (առնւազն 5-6 ամիս), որը կատարւում էր պարսկական Ատրպատականի վրայով:
2-Այդ դանդաղեցումը հնարաւորութիւն է տալիս Արարատեան դաշտի Երեւանի հայութեանը ինքնապաշտպանութեան միջոցների դիմել, որը արդիւնաւորւեց Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերով:
3-Թուրքը չկարողացաւ հասնել իր նպատակին՝ ջարդել գլխովին Սալմաստ-Ուրմիայի հայութեանը:
Ահա այս երեք գլխաւոր պարագաներն են, որ պատմականօրէն արժեւորում են Ուրմիայի վճռորոշ գոյամարտը եւ նշում այն նպաստը, որ Պարսկաստանի հայութիւնը ընծայել է մայիսեան հերոսամարտերին:
Եւ իզուր չէ, որ Ալի Իհսան փաշան հետագային խոստովանել է. «Եթէ չլինէին հայերը, մենք կը գրաւէինք Կովկասը»…
«»ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ