ՀՅԴ-ն մասնակցում է ՏԻՄ ընտրություններին
15 Օգոստոս 2019 Այսօր տրվել է Արցախի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնակը. ՀՅԴ Արցախի կառույցի մասնակցության եւ ակնկալիքների մասին ի պատասխան «Ապառաժ»-ի հարցին՝ Դավիթ Իշխանյանն ասել է. «ՀՅԴ միշտ կարեւորել է ՏԻՄ համակարգի կայացման անհրաժեշտությունը:
Համոզված ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների կայացումը կնպաստի մեր երկրի զարգացմանը: Մենք կարող ենք իրական զարգացում ունենալ միայն այն պարագայում, երբ պետական կառավարման համակագում կապահովենք ազգաբնակչության մասնակցությունը:
Տեղական կառավարումը երկրի կառավարման համակարգում պետք է դառնա առանցքային նշանակություն ունեցող դրույթ:
Վերը նշվածի հիման վրա՝ մեզ համար կարեւորվում են այս ընտրությունները:
ՀՅԴ Արցախի կառույցը բոլոր շրջաններում էլ պաշտպանում է առաջադրված թեկնածուներին, ինչպես նաեւ՝ ավագանու թեկնածուներին: Դա վերաբերում է թե շրջկենտրոններին, թե գյուղական համայնքներին,: Հատկապես կարեւորում եմ շեշտել Ստեփանակերտը՝ որպես մայրաքաղաք, որտեղ պաշտպանում ենք քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանին:
ՀՅԴ Արցախի տեղական կառույցներն արդեն հանդիպումներ են ունեցել կուսակցության կողմից պաշտպանվող թեկնածուների հետ: Ակնկալում ենք՝ առավելագույն ներկայություն ապահովել համայնքների ղեկավարների եւ ավագանիների կազմում»:
«Ապառաժ»