Հայագիտական միջազգային գիտաժողով Գանձասարում
28 Օգոստոս 2019 Օգոստոսի 26-ին, Գանձասարի Մեսրոպ Մաշտոցի անվան գիտամշակութային կենտրոնում, Մատենադարանի, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտության կոմիտեի, ԱՀ արտաքին գործերի նախարարության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության աջակցությամբ մեկնարկել է «Հայոց արևելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողովը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ արտաքին գործերի նախարարության նախարար Մասիս Մայիլյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, կրթության, գիտության և սպորտի նախարարության նախարար Նարինե Աղաբալյանը, գիտնականներ, մտավորականներ, հյուրեր:
Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա նշել է, որ միջոցառումն ունի կարեւոր գիտագործնական նշանակություն, որը թույլ է տալիս ավելի առարկայական եւ օբյեկտիվ ձեւով ներկայացնել մեր պատմության էջերը, վեր հանել տարբեր զարգացումների պատճառահետեւանքային կապը եւ այն ներկայացնել միջազգային հանրության ուշադրությանը:
Նախագահը գիտաժողովը կարեւոր է համարել նաեւ երիտասարդ գիտնականների համար՝ իրենց մասնագիտական կարողոությունների զարգացման եւ ընդլայնման ու հետազոտությունների նոր թեմաների շրջանակները նախանշելու տեսանկյունից:
Նա հավելել է, որ յուրաքանչյուր ազգի համար կարեւոր է իմանալ, թե որտեղից են սերում իր արմատները, ինչ հետք են թողել իր նախնիները մարդկության պատմության մեջ, ինչպիսի փոխհարաբերություններ են ունեցել տարբեր ժողովուրդների հետ եւ որն է իր առաքելությունը փոփոխվող աշխարհում:
«Մենք՝ հայերս, ուրույն դերակատարություն ենք ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում: Արցախն էլ միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել հայ ժողովրդի եւ հայոց պետականության մեջ:
Մաղթում եմ ձեզ ակտիվ եւ արդյունավետ աշխատանք: Ուզում եմ վստահություն հայտնել նաեւ, որ այցի ընթացքում հնարավորություն կունենաք մոտիկից ճանաչելու Արցախը՝ ստանալով նոր դրական լիցքեր եւ ձեզ հետ տանելով մեր հողի բույրն ու ջերմությունը»:
Զեկուցումներով հանդես են եկել ՀՀ եւ ԱՀ բուհերի, Իտալիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Հոլանդիայի խոշոր գիտական կենտրոնների եւ համալսարանների ներկայացուցիչներ:
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ
aparaj.am