Լիբանանի հայկական երեսփոխանական բլոկը միացել է ընդհանուր կոնսենսուսին՝ վարչապետի նորանշանակ թեկնածուի շուրջ
20 Դեկտեմբեր 2019 Լիբանանում խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է 60-ամյա տեխնոկրատ Հասան Դիաբի թեկնածությունը. կայացել է որոշակի կունսենսուս վարչապետի թեկնածուի շուրջ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Լիբանանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:Հարցին, թե ինչպիսին է իրավիճակը հիմա, Գանտահարյանը պատասխանեց, որ բողոքի որոշակի ակցիաներ գրանցվել են, սակայն դրանք զանգվածային բնույթ չեն կրում:

«Կարևորը այն է որ նորանշանակ վարչապետին հաջողվի կազմել կառավարություն։ Պահանջներն այն են, որ դա լինի սեղմ և տեխնոկրատներից բաղկացած։ Հայկական երեսփոխանական բլոկը, որը միշտ հայտարարել է, որ շտապ պետք է կազմել կառավարություն, միացել է ընդհանուր կոնսենսուսին՝ նորանշանակ թեկնածուի շուրջ»,-ասաց «Ազդակ»-ի խմբագիրը:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան նոր վարչապետից, նա արձագանքեց. «Որ նոր կառավարությունը շուտ կազմվի, կարողանա վարչակառավարման նոր համակարգ ստեղծի և երկիրը դուրս բերի ֆինանսատնտեսական ճգնաժամից։ Դա, իհարկե, հեշտ չի լինի, հատկապես լիբանանյան քաղաքական կյանքին ներգրավված պետությունների հանգամանքները նկատի առնելով»:
Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան