Բանակցային գործընթացն ինչ-որ փուլում հայտնվել է փակուղային վիճակում
04 Հունվար 2020 Հայկական երկու պետությունների հարաբերությունների, 2020 թ. սպասվող Արցախի նախագահական ընտրությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է Արցախի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի հետ: Նրա կարծիքով՝ 2019 թ. սկզբին կար լարվածություն հայկական երկու պետությունների հարաբերություններում, սակայն տարեվերջին այդ լարվածությունը ոչ միայն մեղմացել է, այլև՝ ջերմացել:- Պարո´ն Իշխանյան, ինչպե՞ս կբնութագրեք հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի հարաբերությունները 2019-ին, հաշվի առնելով որոշակի լարվածությունը, որի մասին խոսվել է:

– Այո, 2019 թ. սկզբին մենք ականատես եղանք որոշակի լարված հարաբերությունների, որի մասին նաև բարձրաձայնեցին երկու երկրների ղեկավարները, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի ենթատեքստերով, բայց տարեվերջին մենք ականատեսն ենք ոչ միայն այդ հարաբերությունների մեղմացման, այլև ջերմացման: Այդ մասին ևս երկուստեք կային տեսակետների փոխանցում: Ես կարձանագրեի տարվա ընթացքում երկու կարևոր քաղաքական անցուդարձ, դա երկու անկախ սուբյեկտների անվտանգության խորհուրդների համատեղ նիստերն էին, հատկապես, երբ արձանագրվեց, որ հարաբերությունները բնականոն ընթացքի մեջ են:
– Խոսվում էր, որ Արցախը պետք է լիարժեք մասնակցի բանակցային գործընթացին, ինչ ունենք: Հակասող չէին այն հայտարարությունները, երբ վարչապետը մի կողմից ասում էր՝ պետք է Արցախը մասնակցի բանակցություններին, մյուս կողմից ԱԳ նախարարների հանդիպումից առաջ նշում, թե Հայաստանի և Արցախի դիրքորոշումները նույնն են:
– 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո դա նորմալ է, և Հայաստանի նոր իշխանությունները, ստանձնելով իրենց պարտականությունները, Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին լիարժեք ձևաչափով օրախնդիր դարձրին, դա նաև Արցախի իշխանությունների ցանկությունն է, կարծես թե, այդ գործընթացին փորձում են նոր լիցք հաղորդել:
Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, կարծում եմ՝ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնումը և տեսակետների ամրագրումը միմյանց հակասող չեն: Ես պետք է այդ ամենը ներկայացնեմ արցախյան կողմի տեսանկյունից. վերջին 12 տարիներին մենք ականատեսն ենք արցախյան կողմի կարծր կեցվածքին, և եթե հայաստանյան իշխանություններն այսօր ունեն նույնականացված տեսակետ Արցախի իշխանությունների հետ, բնականաբար, մենք կարող ենք ողջունել, որ այդ տեսակետները համընկնում են հենց կարծր կեցվածքով, և հուսով ենք, որ այդ ամենը ոչ միայն խոսքեր են, այլև գործնական քայլերի պետք է վերածվեն:
– Եթե անդրադառնանք բանակցային գործընթացին, 2019-ն ինչպիսի՞ն էր, ի վերջո կա՞ր բանակցային գործընթաց, թե ոչ:
– Տարաբնույթ մեկնաբանություններ կան՝ երկու երկրների առաջնորդների, ինչպես նաև ԱԳ նախարարների հանդիպումների գնահատականների առումներով, բայց կարծում եմ, որ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, որակելն ավելի ճիշտ է, որովհետև ինքնին այս կամ այն հանդիպումը որպես զուտ հանդիպում որակելը երևի թե իրականությանը չի համապատասխանում: Ասել, թե բանակցային գործընթացում կա առաջընթաց, այդքան էլ անկեղծ չէինք լինի, բայց այն, որ բանակցային գործընթացն ինչ-որ փուլում հայտնվել է փակուղում, այդ փակուղային վիճակից դուրս գալու պրպտումների մեջ ենք: Միանշանակ չեմ կիսում այն կարծիքները, թե բանակցային գործընթաց չկա:
– 2020 թ. սպասվում է կարևոր իրադարձություն՝ Արցախի նախագահական ընտրություններ են լինելու, ի՞նչ գնահատական կտաք, կարծես թե քարոզարշավը ժամանակից շուտ սկսվեց, ինչո՞ւ:
– Այո, 2020-ին սպասվող համապետական ընտրությունների նախապատրաստական փուլը Արցախում սպասվածից ավելի շուտ է սկսվել, և տարբեր քաղաքական ուժեր և գործիչներ այդ առումով մեկնարկը տվել են դեռ շատ վաղուց, որը, ըստ մեր գնահատականների, չի համապատասխանում ներքաղաքական պահանջներին և ընդհանրապես այն մարտահրավերներին, որոնք մեր առջև են ծառացած: Այս փաստն արձանագրելով հանդերձ՝ մենք փորձել ենք որոշակի զսպվածություն ցուցաբերել և այդ զսպվածությունն ինչ-որ տեղ նաև հաղորդել մյուս քաղաքական ուժերին, այդ առումով մենք բացահայտ և բարձրաձայն փոխանցել ենք մեր տեսակետները և փորձել ենք հանրության ուշադրությունը կենտրոնացնել մարտահրավերներն և ոչ թե ընտրությունների նախապատրաստական գործընթացներին: Կարծում եմ՝ մենք արդեն հասել ենք այն սահմանագծին, որից հետո ակնհայտ է հավանական թեկնածուների ճշգրտումները և ընտրությունների ուղղակի նախապատրաստական փուլի և քարոզարշավի նախապատրաստական շրջան մտնելը: Այդ առումով մենք ականատես եղանք արդեն իսկ տարբեր կուսակցությունների բարձրագույն ժողովների, համագումարների կայացմանը և հրապարակային հայտարարություններին նախագահի հավանական թեկնածուների առաջադրման փաստի մասին:
– Դուք նախագահական ընտրություններում թեկնածուներից մեկն եք, ի՞նչ անելիքներ ու ակնկալիքներ կան:
– Նախընտրական ծրագրային հիմնադրույթների մասին մենք առիթ կունենանք դեռևս հրապարակային հանդես գալու և ներկայացնելու մեր ընտրողներին: Անցած ամիսներին հրապարակել ենք այն սկզբունքները, որոնց շուրջ անհրաժեշտ է ունենալ համախմբում, այդ սկզբունքները կարևոր են նաև համապետական ընտրություններից հետո Արցախի ընդհանուր զարգացման համար:
Յուրաքանչյուր քաղաքական ուժ և թեկնածու ընտրություններին մասնակցում է հաղթանակի նպատակով: Մենք, այս որոշումը կայացնելով, ոչ միայն ընտրություններում հաղթելու շանսերն ենք գնահատել, այլ նաև հստակ որոշում ենք կայացրել՝ ամբողջական պատասխանատվություն ստանձնելու 2020-ի ընտրություններից հետո Արցախի հանրապետության զարգացման համար:
– Կարծիք կա՝ նախագահի թեկնածուներից մեկը լիարժեքորեն վայելում է հայաստանյան իշխանությունների համակրանքը:
– Մենք միշտ առաջնորդել ենք այլ սկզբունքով՝ ով կշահի ժողովրդի համակրանքը, և կարծում եմ՝ ժողովրդի համակրանքը վայելող թեկնածուն պետք է լինի այն առաջնորդը, որը կստանձնի երկրի նախագահի պարտականությունները, մնացածը ածանցյալներ են, թե որ իշխանության և ինչ քաղաքական ուժերի կամ շրջանակների շահերը կան: Կարևորն այն է, թե ընտրողների ընդհանուր շահն ով է կարողանում ավելի լավ ներկայացնել:
– Եթե ամփոփելու լինենք, ինչպես կգնահատեք անցնող 2019-ը և ինչպիսի՞ ակնկալիքներ կան 2020-ից:
– 2019-ը կբնութագրեի ծանր տարի գոնե հայկական պետականության համար, որովհետև մենք ականատես եղանք այնպիսի վերադասավորումների և զարգացումների ոչ միայն տարածաշրջանում, այլ առհասարակ աշխարհում, որը կարող էր ազդել մեր արտաքին վտանգների դիմակայելու դիմադրողականության վրա: Սակայն, կարծում եմ՝ 2020-ի զարգացումները, հատկապես Արցախի համապետական ընտրությունները, կարող են նոր սկիզբ լինել մեր առաջիկա զարգացումերի համար: 2020-ի ընտրություններից հետո պետք է կարողանանք ունենալ ավելի դինամիկ զարգացող քաղաքական և պետական համակարգ, որով և պայմանավորված կլինի մեր ընդհանուր առաջընթացը:
Հեղինակ Ամալյա Առաքելյան