ՀՅ Դաշնակցության կառույցները ծառայում են Արցախին
25 Հունվար 2020 Հունվարի 24-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանն ու պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը հանդիպում են ունեցել Մարտունու շրջանի Շեխեր համայնքի բնակիչների հետ:Պատգամավորներն անդրադարձել են վերջին 5 տարիների ընթացքում Ազգային ժողովի եւ «Դաշնակցություն» խմբակցության կողմից իրագործված ծրագրերին, երկրի տնտեսական զարգացման, գյուղատնտեսության եւ անվտանգության հարցերին:

Դավիթ Իշխանյանն իր խոսքում նշել է, որ ԱՀ ԱԺ-ում ընդունված օրենքներից «Դաշնակցություն» խմբակցությունը դեմ է քվեարկել ռազմավարական նշանակության, մասնավորապես՝ «Հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ընդերքի մասին ԼՂՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ԱՀ նոր Սահմանադրության, «ԱՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքներին:
Անդրադառնալով ԱՀ նոր Սահմանադրության, «ԱՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքներին՝ Դավիթ Իշխանյանը նշել է, որ երկու հայկական հանրապետություններում պետք է գործի կառավարման համանման համակարգ, ինչի ուղղությամբ ՀՅ Դաշնակցության Արցախի կառույցն ու «Դաշնակցություն» խմբակցությունն աշխատանքներ են ծավալում:
Անդրադառնալով արտաքին ճակատում կատարված աշխատանքներին՝ պատգամավորները նշել են, որ «Դաշնակցություն» խմբակցության սերտ համագործակցության շնորհիվ ընդլայնվել է Արցախի բարեկամների շրջանակը եւ կանխվել Եվրոպական տարբեր կառույցներում Ադրբեջանի կողմից նախաձեռնած հակաարցախյան մի շարք բանաձեւերի ընդունումը:
«Մենք աշխատում ենք տարբեր երկրների իշխանությունների եւ քաղաքական ուժերի հետ երկու ճակատով՝ միջազգային ճանաչման գործընթացն հնարավորինս ակտիվացնելով եւ խաղաղություն պահպանելով: ՀՅ Դաշնակցության կառույցները ծառայում են Արցախին»,- ասել է ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչը:
Հանդիպման մասնակիցները մի շարք հարցեր են բարձրացրել՝ ազատամարտիկներին թոշակ տրամադրելու, գյուղացիներին աջակցություններ ցուցաբերելու, գյուղական բնակավայրերում արվեստի կենտրոններ հիմնելու մասին:
Պատգամավորները խոստացել են հնչեցրած հարցերը ներկայացնել ԱԺ քննարկմանը եւ հնարավորության սահմաններում լուծումներ տալ:
aparaj.am