Քարին տակի հերոսամարտից 28 տարի անց
26 Հունվար 2020 28 տարի առաջ այս օրը՝ 1992թ. հունվարի 26-ը, նշանավորվել է Քարին տակի հերոսամարտով: Շուշիից առավոտյան 5:45 րոպեին հակառակորդն անցել է հարձակման, Քարին տակին օգնության են հասել հարևան գյուղերի բնակիչները:Թվաքանակով և զենք-զինամթերքով մի քանի անգամ գերազանցող հակառակորդը ետ է շպրտվել՝ գյուղի շրջակայքում թողնելով 130-ից ավելի սպանվածներ, ջարդվել է Բաքվից բերված գումարտակը, մի քանի տասնյակ զոհեր է տվել նաև Շուշիի գումարտակը: Այստեղ նաև գլխովին ոչնչացվել է Ադրբեջանի բանակի հետախուզության պետի տեղակալի գլխավորությամբ հատուկ պատրաստված 11 հոգանոց ջոկատը: Ցավոք զոհեր է ունեցել նաև հայկական կողմը:

Հունվարի 26-ի Քարին տակի հերոսամարտը շրջադարձային դարձավ մեզ պարտադրված պատերազմում և հիմք հանդիսացավ նոր հաղթանակների համար:
Եվ պատահական չէ, որ այդ օրը մեծ շուքով է նշվում գյուղում: Քարին տակում կազմակերպված հանդիսավոր միջոցառման մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել նահատակված քարինտակցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ելույթ են ունեցել գյուղապետ Մխիթար Առուշանյանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, Քարին տակի ակումբի վարիչ Ալվարդ Գասպարյանը, դպրոցականներ, ԱՀ ՊԲ «Ասպետ» համույթը:
Հերոսամարտի օրը գյուղի ջոկատի տղաներից բնակչությունից և հարևան գյուղերի ջոկատների տղաներից հայերը տվել են 21 զոհ: Քարին տակի գյուղապետ Մխիթար Առուշանյանի խոսքով՝ նրանք դարձան այն հերոսները, որոնք ապրում են նաև մահվանից հետո, նրանց ապրած ամեն օրը հայրենասիրության ոգի է:
«Այսօր մենք ոգեկոչում ենք նրանց բոլորի հիշատակը, ովքեր մարտնչել են հանուն հայրենիքի, հանուն ներկա ու ապագա սերունդների: Այսօր մենք հավաքվելով այստեղ կարևորում ենք օրվա խորհուրդը՝ մեր հաղթանակները հնարավոր դարձան մեր քաջորդիների բարձր ոգու շնորհիվ: Բառերն ու արտահայտություններն ի զորու չեն արտահայտելու այն հուզմունքը, հպարտությունն ու հայրենասիրական զգացմունքերը, որ այսօր կա մեր սրտերում»,- նշել է Քարին տակի գյուղապետը:
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի խոսքով՝ 28 տարի առաջ այս օրը Քարին տակում կայացավ ռազմական առումով անհավանական գործողություն: Հայ ժողովրդի պատմության մեջ հունվարի 26-ը ամրագրվեց որպես Քարին տակի հերոսամարտի օր, իսկ Ադրբեջանը, ելնելով նույն օրն ունեցած հարյուրավոր զոհերի քանակից և խայտառակ պարտությունից, այն անվանեց «Արյունոտ հունվար», իսկ Քարին տակը՝ «Արյունոտ ձոր»:
Միջոցառման վերջում ԱՀ ՊԲ նախարար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հրամանով մի շարք քարինտակցիներ պարգևատրվել են արժեքավոր նվերներով, իսկ Արցախի Ազատամարտիկների միության վարչության որոշմամբ՝ պատվոգրերով:
Քարին տակի հերոսամարտի 28-ամյակի միջոցառմանը ներկա էին Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, պաշտոնատար այլ անձինք, զինվորականներ, քարինտակցիներ: