Խոսել, որ արյան գնով ձեռքբերված տարածքները պետք է զիջենք, ուղղակի դավաճանություն է
06 Փետրվար 2020 Օրերս Ժնեւում տեղի ունեցած ԱԳ նախարարների հանդիպումը մի շարք հարցերի տեղիք տվեց, մասնավորապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ հանդիպումը տեւել է 11 ժամ, որից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն մասնավորապես հայտարարեց. «Կողմերն ու համանախագահները կողմնակից են բանակցությունների ակտիվացմանը՝ բանակցությունների օրակարգի բոլոր հարցերի շոշափելի արդյունքների հասնելու համար»: Իսկ ահա ՄԽ-ի եւ ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ էլ խոսվում էր հակամարտության կարգավորման ինչ-որ սկզբունքների եւ տարրերի մասին, որոնք հիշեցնում են ՄԽ-ի հայտնի վեցկետանոց կարգավորման ծրագիրը՝ հողեր հանձնելու եւ Արցախի կարգավիճակի համար հետաձգված հանրաքվեի դրույթներով հանդերձ: Ի՞նչ բանակցային օրակարգի մասին է խոսքը, ի՞նչ գիտեն Արցախում վերոնշյալ հանդիպման մասին, iravunk.com-ը պարզել Արցախի ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանից.
– Մեր տեղեկությունների հիմնական աղբյուրը, ցավոք, այսօր միայն մամուլն է` հայկական եւ ադրբեջանական: Մանրամասների վերաբերյալ օրինակ ես, որպես ԱԺ փոխնախագահ, որեւէ տեղեկատվություն չունեմ: Բանակցությունները վարում են ՀՀ պաշտոնական ներկայացուցիչները: Այսինքն, թե ի՞նչ հարցեր են քննարկվել շուրջ 11 ժամ տեւած բանակցություններում, ցավոք տեղյակ չենք: Բայց հասկանալի է, որ այդքան երկար ժամանակահատվածում հստակ հարցեր են քննարկվել:
– Ձեր պատկերացմամբ, ի՞նչ հարցեր կարող էին քննարկվել:
– Չեմ կարող ասել, որովհետեւ, նորից եմ կրկնում, տեղյակ չեմ մանրամասներին: Բայց, այո, ակնհայտ է, որ երկու օրում հստակ օրակարգային հարցեր են քննարկվել, հո էդքան ժամանակ իրենց ընտանիքների մասին հարցեր չէի՞ն քննարկելու:
– Տեսակետներ են հնչում, որ հնարավոր է, որ օրակարգում է Մինսկի խմբի 6 կետանոց ծրագիրը: Հնարավոր համարո՞ւմ եք նման սցենար:
– Ընդհանուր առմամբ, մենք` արցախցիներս, ունենք հետեւյալ կարգախոսը` չզիջելով՝ զարգանալ: Այս կարգախոսով մենք խաղաղությունը ավելի ամուր կպահենք, քան ինչ-որ զիջումների գնով, որովհետեւ, ըստ էության, Ադրբեջանը ոչ մի ցանկություն չունի հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու: Պարբերաբար ինչ-որ մաքսիմալիստական պահանջներ է առաջադրում: Այդ պարագայում խոսել տարածքների զիջման, կամ Մինսկի խմբի 6 կետանոց ծրագրի մասին, անմտություն է: Ի վերջո, հայ զինվորն իր արյան գնով է ազատագրել հայրենիքի մի հատվածը, եւ այսօր խոսել, որ արյան գնով ձեռքբերված տարածքները պետք է զիջենք, ուղղակի դավաճանություն է սեփական ազգի նկատմամբ: Ավելին ասեմ, Արցախի Հանրապետության 99 տոկոսն է այդպես մտածում: