Աշխարհաքաղաքական իրադարձությունները կարևոր դեր խաղացին այս որոշման համար
14 Փետրվար 2020 Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը նաև կապված է Սիրիա–Թուրքիա խզված հարաբերությունների հետ։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Ադզակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող նախագիծը։

Շահան Գանտահարյանը Ցեղասպանության ճանաչման գործում կարևորեց նաև Սիրիայի հայ համայնքի և համայնքային կառույցների աշխատանքները, սակայն ևս մեկ անգամ ընդգծեց, որ աշխարհաքաղաքական իրադարձությունները կարևոր դեր խաղացին այս որոշման համար։
Անդրադառնալով Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններին՝ մասնավորապես այն հարցին, որ Լիբանանում չեն դադարում փողոցային ցույցերը, թեպետ հանրային պահանջի արդյունքում հրաժարական տվեց Սաադ Հարիրիի կառավարությունը, Գանտահարյանը նշեց, որ ցուցարարներն այժմ էլ ցանկանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և միջհամայնքային կառավարման մոդելի փոխարինում քաղաքացիական պետության մոդելով։
«Լիբանանը տասնամյակներ շարունակ կառավարվել է միջհամայնքային համակեցության մոդելով, բնականաբար, հնարավոր չէ միանգամից և կտրուկ անցում անել քաղաքացիական պետության մոդելի։ Հիմնական տարակարծությունը սա է, որ պետք է այս գործընթացն անել փուլային»,–նշեց Գանտահարյանը։
Վերջինս նաև նշեց, որ ներլիբանանյան իրավիճակի սրացման պատճառները պետք է փնտրել Լիբանանից դուրս, քանի որ մերձավորարևելյան այս երկրում հատվում են որոշ խոշոր խաղացողների շահեր, մասնավորապես խոսքը ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի մասին է։
Այստեղ Գանտահարյանը նկատեց այն փաստը, որ ԱՄՆ–ի՝ Լիբանանի նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունքը կապված է «Հեզբոլլահ» կուսակցության հետ․ ինչպես հայտնի է այս կուսակցությունը աղերսներ ունի գործող Կառավարության հետ։
«ԱՄՆ–ից նշում են, որ «Հեզբոլլահ» կուսակցությունը չպետք է լինի Լիբանանի ո՛չ խորհրդարանում, ո՛չ Կառավարությունում, քանի որ այն կապվում է Իրանի հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
https://youtu.be/rl8C_WLE4aw