Արդարադատությունը գլխիվայր
03 Մարտ 2020 Ներկայացնում ենք «Դրօշակ» պաշտոնաթերթի «Առաջնորդող» հոդվածըՊետության ղեկավարումը ստանձնելուց ի վեր նոր իշխանությունները ոչինչ այնպիսի ջանադրությամբ չեն անում, ինչպես, քրեական հետապնդումները, մասնավորապես` իշխանության նախկին ներկայացուցիչների նկատմամբ` սկսած երկու նախագահներից ու նախարարներից մինչև ցածրաստիճան պաշտոնյաները:
Որքան էլ զարմանալի թվա, իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարել են, որ այս կամ այն քրեական գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ: Այդպիսի գնահատականներ հնչել են նույնիսկ երկրի բարձրագույն՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, որի անցանկալի անդամներից ազատվելու համար իշխանությունն անգամ համաժողովրդական հանրաքվե է նախաձեռնում: Ակնառու իրողություն է, որ հարուցվող քրեական գործերն ու հետապնդումներն ի սկզբանե դարձել են յուրատեսակ գործիք իշխանության ձեռքին, որի միջոցով փորձ է արվում սահմանափակելու և կանխելու անցանկալիների քաղաքական գործունեությունը, մարդկանց ենթարկելու շանտաժի, պարտադրելու պետական ու մասնավոր գանձարկղեր մուծել որոշակի գումարներ: Այս ճանապարհով ներշնչվում է հանրությանը, որ յուրաքանչյուր ոք ընդդիմադիր գործունեության համար մի օր կարող է հայտնվել իրավապահ համակարգի ուշադրության առանցքում: Պատահականություն չէ, որ մի շարք դեպքերում իշխանության գործողությունները առկա և հնարավոր օրինազանցությունների դեպքում չափազանցված ու անհամարժեք են: Պատահականություն չեն երկրում քիչ թե շատ հայտնի անձանց` թեկուզ կարճ ժամանակով ձերբակալությունները, հատուկջոկատայինների մասնակցությամբ կոշտ ուժի կիրառման, ձեռքեր ոլորելու, ասֆալտին պառկեցնելու տեսարանները:

Ընդ որում, հասարակական հնչեղություն ունեցող գրեթե բոլոր դեպքերում նախապես մանրամասնորեն ներկայացվում են ենթակայի կատարած «հանցանքները»: Այսինքն` աղաղակող կերպով ոտնահարվում է արդարադատության այն երկաթյա կանոնը, ըստ որի` յուրաքանչյուր անձ անմեղ է, քանի դեռ վերջնական վճռով դատարանը չի ապացուցել վերջինիս մեղավորությունը: Եվ կարծես ոչ ոքի չի հուզում տվյալ անձի արժանապատվության հարցը, ապրումներն ու կրած դժվարությունները, անձնական կյանքում տեղի ունեցած կտրուկ փոփոխությունների հետևանքները, նրա ընտանիքի հոգեկան ալեկոծումները և այլն: Արձանագրենք, որ մի շարք դեպքերում լուրջ մեղադրանքների հիման վրա իրականացված համապատասխան իրավական գործընթացներից հետո տվյալ գործերը կարճվել են, այլ դեպքերում դրանց վերջը չի երևում, թեև ի սկզբանե ներկայացվել էին շատ հստակ մեղադրանքներ: Այլ պարագաներում գնալով ակնհայտ է դառնում, որ իշխանությունները «խաղում են ժամանակի վրա»` որքան հնարավոր է երկար ժամանակ մարդկանց պահելով փակի տակ և սահմանափակելով նրանց ակտիվ գործունեության հնարավորությունը: Ակնհայտ է նաև այն իրողությունը, որ, ըստ էության, իշխանությունները որդեգրել են ներքաղաքական խնդիրներն իրավական մահակով լուծելու գործելակերպը:
Ընդ որում, ժողովրդական բնույթ ստացած շարժման օրերից նույն ուժը մշտապես ոտնահարել է օրենքը: Պատահական չէ, որ երկրի վարչապետի ղեկավարությամբ իշխող ուժի ոտնձգությունների ու կամայականությունների թիրախում բազմիցս հայտնվել է դատական համակարգը, երբ չի ենթարկվել իշխանության հլու կամակատարը լինելու պահանջին: Նույն տրամաբանությամբ և տարբեր պատճառաբանություններով դատավորներ են հեռացվում ընթացող դատավարություններից, նույն տրամաբանությամբ ցանկալիներով փոխարինվեց Բարձրագույն դատական խորհրդի նման կարևոր ինստիտուտի կազմը և այդ նույն տրամաբանությամբ դատական համակարգի գլխին կախված է մնում, այսպես կոչված, Վեթինգի (անհատական վարքի ու գործունեության քննության) սուրը, չհաշված այն, թե քանի անգամ է վարչապետ Փաշինյանը ամենակոշտ որակումներով ու սպառնալիքներով արտահայտվել դատավորների հասցեին:
Ամեն քայլափոխի քամահրելով օրենքի շրջանակում գործելու պարտականությունը` իշխանությունը, խորհրդարանի մակարդակով, նախ որոշեց ժամանակից շուտ թոշակի ուղարկել իր կամքին անհնազանդ Սահմանադրական դատարանին, իսկ երբ վերջինիս բոլոր անդամները հրաժարվեցին կոռուպցիոն գործարքի դիմելուց, որոշեց նրանց հեռացնել համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Ընդ որում, Սահմանադրական դատարանի նկատմամբ այս հավակնությունը ևս բավարարվեց խորհրդարանի հակասահմանադրական որոշմամբ: Ղեկավարող ուժի ներկայացուցիչներից մեկը, փորձելով արդարացնել անօրինական վճիռը, հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ պատճառաբանեց, թե ժողովրդի կամքն օրենքից վեր է: Եթե ասվածը թարգմանենք պարզ մեկնաբանությամբ, հավանաբար այն այսպես կհնչի. «Մենք ոչ մեկ անգամ ոտնահարել ենք օրենքը, և մեր գործողությունների արդարացում է համարվել ժողովրդական պահանջի պատճառաբանությունը, ուրեմն ինչու՞ չի կարելի նույն բանն անել ևս մեկ անգամ»:
Թերևս նույն տրամաբանությամբ կարելի է բացատրել նաև այն նշմարվող միտումը, որ Հայաստանի Հանրապետության տարբեր տարածքներում ներկայումս բազմաթիվ քրեական գործեր են հարուցվում գյուղապետների, դպրոցների տնօրենների և այլ պաշտոնյաների նկատմամբ, որոնք Հայաստանում անմիջական ազդեցություն ունեն ընտրող զանգվածների վրա: Գալիք հանրաքվեն կփաստի, թե որքանով էին արդարացված այն ենթադրությունները, որ տվյալ քրեական գործերի գինը հանրաքվեի դրական ելքի ապահովման մեջ ունենալիք ծառայությունն է լինելու:
Երբ մի երկրի իշխանություն փողոցի իր «հեղափոխական» գործելակերպը շարունակում է պետական ղեկի մոտ, պետք է ունենա այն բանի գիտակցությունը, թե դա որքան է վտանգավոր սահմանադրական կարգի համար: Երբ մի երկրի «հեղափոխական» իշխանություն ղեկավարման լծակներին տիրանալուց հետո քրեական և այլ բնույթի զանգվածային հետապնդումներ ու քննություններ է նախաձեռնում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, պատերազմական գործողությունների մասնակից բարձրաստիճան զինվորականների նկատմամբ, այդ ամենը ոչ միայն լրջագույն հարված է պետության հեղինակությանը, այլև մի օր խնդրո առարկա կարող է դարձնել և մղված ազգային-ազատագրական պայքարի օրինականությունը և նորանկախ երկրի` երեսուն տարվա վարկը: Ինչպես տեսնում ենք, այդ գիտակցությունը հանդես չեն բերում պետության նավը ճոճող` երեկվա փողոցի հերոսները:
Անօրինականության սանձարձակ ընթացքը եթե օրինականության պահանջով չկանխվի, պատրանք չունենանք, թե առկա սպառնալիքը փոքր կորուստներով հնարավոր կլինի հաղթահարել:
«Դրօշակ»