Փետրվարն են ընտրել, որպեսզի շահառուների շրջանակը հնարավորինս նեղացնեն
13 Ապրիլ 2020 ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց 50 տոկոսով փոխհատուցել բոլոր այն բաժանորդների լույսի և գազի վճարները, որոնք չեն գերազանցում համապատասխանաբար 5000 և 10,000 դրամը:ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը նշեց, որ այդ ծրագրի նպատակն հասկանալի և պարզ չէ, երբ այն դիտարկում այդ սահմանափակումների ներքո։

«Ծրագիրը ողջամիտ տրամաբանությամբ պետք է միտված լինի աղքատ ընտանիքներին, իսկ փոխհատուցման չափը պետք է այնպիսին լինի, որ գումարները չփոշիացվեն և իրապես խնդիր լուծեն, միաժամանակ, այն միանվագ է, այն պարագայում, երբ պարզ չէ, թե մենք որքան ենք լինելու ճգնաժամային իրավիճակում, սակայն ակնհայտ է, որ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին կոմունալ վճարների խնդիրը առկա է լինելու։ Եթե 3 ամսվա խնդիրն առկա է, ապա մեկ ամսվա կեսը հատուցելով ի՞նչ խնդիր է ուզում լուծել կառավարությունը»,-ասաց տնտեսագետը։
Մյուս կողմից էլ նա ընդգծեց, որ փետրվար ամիսը պատահական չի ընտրվել։
«Ընտրել են այդ ամիսը՝ պարզ գիտակցելով, որ սա ձմեռվա ամիս է և ամենամեծ սպառում ենթադրող ամիս է։ Այդ սահմանափակումը, եթե դնեին հունիսին՝ դա կտարածվեր 2-3 անգամ շատ ընտանիքների վրա։ Ամառվա ամիսներին այդքան գազի գումար քչերն են ծախսում, հիմա փետրվարն են ընտրել, որպեսզի շահառումների շրջանակը նեղացնեն։ Եթե վերցնենք մի քաղաքաբնակ ընտանիք, որտեղ կա 1-2 երեխա, նույնիսկ եթե վերցնենք 4 հոգանոց ընտանիք, որը բնակվում է նվազագույնը 60 քմ տարածքի վրա՝ քաղաքային պայմաններում այդ ընտանիքի համար կրկնակի գումար է անհրաժեշտ նվազագույն սահմանված նորմատիվներով թույլատրելի ջերմաստիճան ապահովելու համար։ Այսինքն, կրկնակի և եռակի գումար է անհրաժեշտ բնակարանը տաքացնելու համար, ընդ որում՝ խոսքն ամնեևին էլ կարճաթև հագուստով տանը մնալու մասին չէ։ Ակնհայտ է, որ որևէ քաղաքաբնակ ընտանիք, որտեղ մանկահասակ երեխաներ կան՝ այս աջակցությունից չեն օգտվելու, եթե անգամ այդ ընտանիքը աղքատ է»,-ասաց նա։
Նա նշեց, որ այդ աջակցությունից ըստ էության կօգտվեն գյուղաբնակները, որտեղ ոչ թե գազով են տաքացնում բնակարանը, այլ փայտով կամ աթարով։
«Հնարավոր է, որ այդ ընտանիքների մեջ նաև աղքատ ընտանիքներ լինեն, որոնց օգնությունը տեղ կհասնի, սակայն որքան կարիքավոր քաղաքաբնակ ընտանիք դուրս կմնա աջակցությունից, եթե 100 հազարավոր աղքատ ընտանիքների հիմնական մասը բնակվում են հենց քաղաքային բնակավայրերում և դրանց հիմնական մասը հենց գազով կամ էլեկտրաէներգիայով են տաքացնում իրենց բնակարանները»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ծրագիրը բարձրագոչ, ականջահաճո ծրագիր է, որը նպատակ ունի ցուցադրելու, թե տեսեք՝ հատուցում ենք նաև կոմունալ ծախսերը, ինչպես Վրաստանում, սակայն ձևից հետո, երբ նայում ենք բովանդակությանը, ծրագիրը նպատակից էապես հեռացած է։