Գազի սակագնի բարձր լինելը կախված է մեր երկրի անարդյունավետ կառավարման հետ
22 Ապրիլ 2020 ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանին մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ արված հայտարարության, նավթի գների նվազման և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի հետ:- Պարոն Պարսյան, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նույնիսկ էներգակիրների գների ներկայիս անկման պարագայում պայմանագրերով նախատեսված պարտավորությունները շարունակում են նույնը մնալ Հայաստանի համար: Ի՞նչ սպասել Լավրովի այս հայտարարությունից, ինչպե՞ս կմեկնաբանեք այն:

– Գոյություն ունի գազի գնի որոշման մի քանի տարբերակ. առաջինը բորսայական գինն է, ըստ որի նավթի գների բարձրացմանը և իջեցմանը զուգահեռ, գազի գինը բարձրանում և իջնում է, այդ մեխանիզմով է աշխատում Եվրոպան Ռուսաստանի հետ: Մյուս տարբերակը՝ ֆիքսված գինն է, որի դեպքում երկրներն իրար հետ պայմանավորվում են ֆիքսված գնի շուրջ, և անկախ նրանից՝ նավթի գինը բարձրանում, թե իջնում է, այդ գինը մնում է նույնը: Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը Ռուստանի հետ միշտ աշխատել է ֆիքսված գնով, և այդ ֆիքսված գինը միշտ եղել է բորսայական գնից ավելի ցածր: Բացառություն է կազմում ներկա իրավիճակը, երբ աննորմալ տնտեսական պրոցեսներ են տեղի ունենում աշխարհում, նավթի գինը նույնիսկ հասնում է -37 դոլարի, այս իրավիճակում բնական է, որ բորսայական գազի գինը անհամեմատ ցածր է: Բայց եթե անցած տարվա այս նույն ժամանակահատվածի հետ համեմատենք, ապա բորսայական գինը 230-240 դոլար է, մենք Ռուսաստանից ստանում ենք սահմանի վրա 1000 խորանարդ մետրը 165 դոլարով: Այս կարճաժամկետ փուլում գուցե գազի գինը սահմանի վրա բարձր է բորսայական գնից, բայց առհասարակ նման դեպքեր շատ քիչ են լինում: Եթե մեր երկիրն ուզում է ավելի երկարաժամկետ կայունություն, մենք պետք է աշխատենք ֆիքսված պայմանագրային հիմունքներով, որը թույլ կտա մեր երկրի համար կանխատեսելի լինել էներգակիրների գների մասով, դրանից բխող նաև բնական գազ, էլեկտրաէներգիա և մնացած ծառայությունների առումով: Այստեղ շատ կարևոր է որ մենք ունենանք երկարաժմկետ կանխատեսելի գազի գին, որն էլ ունենք:
Նույն այս իշխանությունները երկու տարի ռուսական կողմի հետ բանակցելու արդունքում չկարողացան գազի պայմանագրային գինն իջեցնել, ընդհակառակը՝ 10 տոկոսով բարձրացավ՝ 150-ից դառնալով 165 դոլար 1000 խորանարդ մետրի հաշվով: Հիմա երկու տարի հետո որոշել են՝ ստորագրած փաստաթղթով բարձր է բորսայական գնից, եթե բարձր էր կամ կանխատեսում էիք, որ պետք է բարձր լինի, չստորագրեիք: Բնակչության համար նախատեսված գազի սակագինը կապված չէ սահմանի գազի գնի հետ: Ազգաբնակչությունը շատ է վճարում, քանի որ մեր գազամատակարարման համակարգում կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներ: Օբյեկտիվ խնդիրն այն է, որ մեր գազամատակարարման համակարգը նախատեսված է 4 մլրդ խմ սպառման համար, բայց մենք տարեկան սպառում ենք 2 մլրդ խմ, դա նույն է որ ունենաս 4 տոննա կշռող բեռնատարողությամբ բեռնատար ու դրանով տեղափոխես 2 տոննայանոց բեռ, բնականաբար, դրա ընթացքում ծախսատարությունն ավելի կլինի: Երկրորդ խնդիրն այն է, որ մեր գազամատակարարման համակարգը գործում է շատ անարդյունավետ. կառավարումը, պետական վերահսկողությունն անարդյունավետ է, այստեղ կան բավականին մեծ կորուստներ, որոնք չեն վերանայվել, կորուստենրի մեծությունը 5.37% է, որը չի վերանայվել 2007 թվականից սկսած. և՛ նոր իշխանությունները, և՛ հին իշխանությունները ոչինչ չեն արել կորուստների, սակագնի հաշվարկի, մեթոդաբանության փոփոխության, գազամատակարարման համակարգի գնումների վերահսկման ուղղությամբ: Այստեղ շատ անարդյունավետ գնումներ ու ծախսեր են տեղի ունենում: Կառավարությունը որևէ ձևով չի խթանում, որ գազամատակարարման համակարգում ներդրումներ իրականացվեն, որը թույլ կտա համակարգի արդյունավետությունը բարձրացնել: Այսինքն՝ մեր գազի սակագնի բարձր լինելը հիմնականում կախված է մեր երկրի անարդյունավետ կառավարման հետ, ոչ թե սահմանի վրա ռուսների կողմից վաճառվող գազի սակագնի բարձր կամ ցածր լինելու հետ:
– Եթե ՌԴ հետ ունեցած պայմանագրով նախատեսված է սակագնի ֆիքսված գումար, ինչո՞ւ սակագինը բարձրացավ սահմանին: Հիմա ասում են՝ պայմանագրով ֆիքսված է այդ գումարը, չենք կարող նվազեցնել, ինչպե՞ս է ստացվում, որ բարձրացնել կարողանում են:
– 2017 թվականի հունվարի 1-ին գազի սակագները իջան, երբ Կարեն Կարապետյանը կառավարության ղեկավարն էր: «Գազպրոմի» հետ բանակցությունների արդյունքում «Գազպրոմն» իր շահույթի հաշվին նվազեցրեց գազի սակագինը՝ 146 դրամից իջեցնելով բնակչության համար 139 դրամ, նաև սոցիալապես խոցելի խմբերի համար նախատեսեց 100 դրամ, ջերմոցների համար 1000 խմ-ի դեպքում 212 դոլար և այլն: 2019 թվականի հունվարի մեկին գազի գինը սահմանի վրա 10 տոկոսով բարձրացավ, 150-ից դարձավ 165 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի հաշվով, այդ բարձրացումը որևէ ձևով գազի սակագնի վրա չազդեց, այսինքն՝ Կարեն Կարապետյանի ժամանակվա 139 դրամը պահպանվեց ազգաբնակչության համար, ռուսները չբարձրացրին, քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերվեց գործող իշխանությունների հետ, որ ի վնաս գազամատակարարման համակարգի կայունության և անվտանգության, գազի սակագինը չեն վերանայի: Հիմա երկու տարի է՝ ռուսական կողմը պահել է այդ քաղաքական պայմանավորվածությունը, որովհետև տնտեսագիտական որևէ տրամաբանություն չկա, որ գազի սակագինը չվերանայվի: Ասում են՝ չէ, մեր համակարգն այլևս չենք կարող այսպես պահել, քանի որ ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները և առաջարկում ենք վերանայել գազի սակագինը, որը ուժի մեջ կմտնի 2020 թվականի հուլիսի 1-ից: Առաջարկվող նախագծի համաձայն երեք դրամով ուզում են իջեցնել բնակչության կողմից սպառվող սակագինը, այսինքն՝ 139-ից նվազեցվելու է 136 դրամի, փոխարենը 34 տոկոսով կազմակերպությունների համար բարձրանալու է գազի սակագինը:
– Ի՞նչ հետևանքներ սա կունենա:
– Բոլոր կազմակերպությունները գազի սակագինը բարձր են վճարելու, հետևաբար, ապրանքներն ավելի թանկ են լինելու: Այսինքն՝ ստացվում է, որ պոպուլիստական իրենց խոստումը պահում են՝ բնակչության համար գազի սակագինը նվազեցնում են, բայց նույն բնակչությունն ավելի թանկ է սկսելու վճարել ապրանքների և ծառայությունների ՝ հացի, տաքսու, տրասնպորտի համար և այլն:
Ունենք այս իրավիճակը, սա ռուսական գազի գնի սահմանի վրա բարձրացման հետ այդքան էլ ուղղակի կապված չէ, սա կապված է մեր համակարգի անարդյունավետության հետ, կառավարման խնդիրների, պետական վերահսկողության բացակայության հետ: Եթե մենք կարողանայինք այս ամեն ինչը ճիշտ կազմակերպել, կկարողանայինք ռուսական կողմին պարտադրել, ասել՝ այս խնայողությունների հաշվին դու իրավունք չունես գազի սակագինը բարձրացնել Հայաստանում, բայց մենք դա չենք կարողանում անել, մեր սլաքներն ուղղում ենք սահմանի վրա, ասում ենք՝ Ռուսաստան սահմանի վրա գազի սակագինն իջեցրու, նրանք էլ ասում են՝ ինչքան իջեցնենք, որ դուք ձեր ազգաբնակչությանը ցածր գնով վաճառեք: Ենթադրենք հիմա 165-ի փոխարեն 100-ով տա, այդ դեպքում մեր բնակչության համար 230-240 դրամ է լինելու սակագինը: Ենթդրենք 50 տոկոսով սահմանի վրա գազի գինը Ռուսաստանը կրճատի, 50 տոկոսով մեր բնակչության համար սակագինը չի կրճատվելու, խդնիրը մեր ներսում է, մեր անարդյունավետ գազամատակարարման մեջ է:
– Անդրադառնանք նավթի գներին. WTI նավթի տեսակի 1 բարելի գինը հասել էր – 40 դոլարի, Brent տեսակի նավթի գինը բարելի դիմաց 16 դոլարից ավելի է էժանացել, ՕՊԵԿ-ի երկրների անհամաձայնության արդյունք սա կարո՞ղ է լինել ու ի՞նչ հետևանքներ կունենա սա ընդհանրապես, նաև ՀՀ-ի համար:
– Կորոնավիրուսի ֆինանսատնտեսական ազդեցության հետևանքով համաշխարհային նավթի օրական պահանջարկը նվազել է 20 մլն բարելից ավելի, բայց «ՕՊԵԿ+»-ի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել ընդամենը 9.7 մլն բարել կրճատման շուրջ: Այսինքն՝ երկու անգամ ավելի ավելցուկ կա շուկայում և դա էլ իր հերթին հանգեցնում է նավթի գների իջեցման: Համաշխարհային նավթի շուկայի հիմնական խնդիրն այն է, որ շուկայում կա մեծ քանակությամբ նավթի ավելցուկ, որը գին է գցում շուկայում և որը ֆինանսական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել նավթարդյունահանող և մշակող երկրների կամ կազմակերպությունների համար: Այս իրավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ այս կորոնավիրուսի ազդեցության հետևանքները չեն վերացել, բիզնեսը չի սկսել աշխատել: Հիմա եվրոպական, ամերիկական բազմաթիվ ընկերություններ ուղղակի դադարեցրել են իրենց գործունեությունը, նավթ վերամշակող գործարանները չեն աշխատում և պահանջարկ չեն ստեղծում, ավիաընկերությունները, տրանսպորտը, չեն աշխատում, պահանջարկ չեն ստեղծում շուկայում, եթե սրանք սկսեն վերականգնվել, նոր պահանջարկը կգա տեղը և գինը կբարձրանա: Նավթի գնի առումով մոտակա շաբաթների, նույնիսկ ամսիների ընթացքում կպահպանվի այս վիճակը:
ՀՀ տնտեսության վրա սա կունենա ուղղակի և անուղղակի ազդեցություն, քանի որ նավթի գների իջեցմանը զուգահեռ, իջնում են նաև մետաղների՝ պղնձի, մոլիբդենի գները, իսկ մեր պղինձը արտահանման 24 տոկոսն է ապահովում, մոլիբդենը՝ մոտ 4-ից 5 տոկոսը: Սրա կրճատման արդյունքում, կկրճատվեն Հայաստան հոսող արտարժութային հոսքերը: Այսինքն՝ դոլար չի մտնի Հայաստանի տնտեսություն, կամ ավելի քիչ կմտնի:
Մյուս խնդիրը Ռոսաստանն է: Մենք Ռուսաստանից 2019 թվականի ընթացքում ստացել ենք 850 մլն դոլարի տրանսֆերտներ, այդ տրանսֆերտները կտրուկ կրճատվելու են, քանի որ մեր բնակչության մի մասը, որոնք աշխտում էին այնտեղ, հիմա չեն աշխատում, չեն գնացել արտագնա աշխատանքի, այդ գումարները չեն ուղարկելու:
Մյուս խնդիրը այն է, որ ՌԴ բյուջեի մոտ 40 տոկոսն ապահովում են նավթն ու գազը և ՌԴ-ի բյուջեի այդ մեծ մասի թերակատարումը ազդեցություն կթողնի Հայաստանում ռուսական տարբեր ընկերութթունների ներդրումային ծրագրերի վրա: Օրինակ՝ նույն «Գազպրոմը», «Ռոսնեֆտը» և այլ ռուսական ընկերություններ, որոնք Հայաստանում ունեն կազմակերպություններ, դրանցում ուղղակի ներդրում չեն անի, կամ կկրճատեն այդ ներդրումային նախագծերը: Մենք իրոք լուրջ խնդիր ունենք այս իրավիճակում:
Հաջորդ խնդիրն այն է, որ Ռուսաստանում կնվազի Հայաստանից արտահանվող ապրանքների պահանջարկը: Մենք չունենք անհրաժեշտ ֆինանսական միջոցներ, որոնք թույլ կտան այս իրավիճակից առանց կորուստների դուրս գալ և հիմնական միջոցը, որ մնում է մեզ, լրացուցիչ վարկեր, փոխառություններ ձեռք բերելն է: Արդեն իսկ սկսել ենք նման բանակցություններ, քանի որ Կառավարոթյան խնայած 600 մլն դոլարը բավարար չի լինի, այս իրավիճակից դուրս գալու համար: Միջզգային տարբեր կազմակերպությունների համաձայն՝ ՀՀ-ի տնտեսական աճը կարող է լինել 0.5-0.7 տոկոս, դրա արդյունքում մեր հարկային մուտքերը կկրճատվեն, նախատեսվածից ավելի քիչ գումար է հավաքվելու: Արդեն իսկ առաջին եռամսյակի կտրվածքով հավաքվել է ավելի քիչ, դրա մասին նաև ՊԵԿ նախագահն է հայտարարել, և այս պրոցեսը կշարունակվի նաև երկրորդ եռամսյակի ընթացքում, և այդ բացը կլրացվի ի հաշիվ վարկերի: