Կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսվող ռեսուրսները թափանցիկ չեն
10 Մայիս 2020 Նախ ճիշտ չգնահատվեց իրավիճակը և ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքը հանգեցրեց այս ամենին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ տարվող պայքարին, սահմանափակումների մեղմացմանը:Չնայած դրան, նա նշեց, որ կա այնպիսի իրավիճակ, երբ այլևս արդյունավետ չի դառնում սահմանափակումները, ինքնամեկուսացում պահպանելը և, աստիճանաբար, պետք է անցնել առօրյա աշխատանքի, քանի որ տնտեսության հասցված վնասն ավելի մեծ կլինի:

«Այսինքն, կարծում եմ, որ պետք է պահպանել անձնական հիգենիայի կանոնները, այն ամենը, ինչ հաճախ ասվում է, բայց, միևնույն ժամանակ, պետք է աշխատել, որպեսզի Հայաստանի առանց այն էլ խոցելի տնտեսությունն էլ ավելի վատ վիճակում չհայտնվի: Բոլոր դեպքերում՝ դժվար իրավիճակ է ոչ միայն Հայստանի առողջապահական համակարգի նման համակարգ ունեցող երկրներում, այլև ամբողջ աշխարհում»,- ասաց նա:
Տարոն Տոնոյանը նշեց, որ պետք է ուսումնասիրել, թե այն երկրներում, որոնք կարողացել են լավ պայքարել վարակի դեմ, ինչ մոտեցումներ են ցուցաբերվել: Ըստ նրա, եթե վարակի առաջին երկու երեք աղբյուրները կանխեին, ապա, միևնույն է, այլ աղբյուրներից կտարածվեր այդ վարակը:
«Ամբողջ աշխարհն անում է այս միջոցառումները՝ սահմանափակումները, ինքնամեկուսացումը, արտակարգ դրությունը ժամանակ շահելու համար, հույս ունենալով, որ դեղորայք կամ պատվաստանյութ կգտնեն, կամ էլ վիրուսի վարակման ալիքը կնվազի»,- ասաց նա:
Բժիշկը նշեց, որ հիմա Հայաստանի կառավարությունը դեպքերի հետևից է գնում: «Դա է խնդիրը, բայց դժվար իրավիճակ է, և դեպքերի հետևից են գնում ոչ միայն Հայաստանի առողջապահական նախարարության կազմակերպիչները, այլ նաև առաջատար շատ պետությունների»,- ասաց նա:
Տարոն Տոնոյանը նկատեց, որ չգիտենք, թե որքան ռեսուրսներ են ծախսվում վարակի դեմ պայքարի համար, քանի որ դրանք թափանցիկ չեն և չգիտենք, թե արդյո՞ք դրանք արդյունավետ են բաշխվում: «Հետո պետք է գնահատականը տրվի, թե որքա՞ն գումար է ծախսվել և դրա դիմաց ի՞նչ արդյունք ունենք, իսկ հիմա դեպքերն այնքան արագ են զարգանում, որ դրանք վերլուծելը դժվար է»,- ասաց նա:
Բացի այդ, նա նկատեց, որ կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու ծրագրերը բարդ են, բնակչությունը խճճվել է և մարդիկ դժվարանում են հասկանալ, թե մտնո՞ւմ են այդ միջոցառումների ծրագրերի մեջ, թե՞ ոչ: