Մեր ներկա քաղաքական գործընթացները ժողովրդավարության հետ աղերս չունեն
27 Մայիս 2020 Այն, որ քաղաքական իշխանությունը ճաքեր է տալիս և չի տիրապետում իրավիճակին, ակներև է: Ցավոք, քաղաքական ուժը, որ իշխանության եկավ որակապես նոր և մրցունակ երկիր կառուցելու խոստումով, ոչ միայն չկարողացավ հաղթահարել անցյալի արատավոր բարքերը, այլև չարդարացրեց քաղաքական որակյալ բովանդակությամբ և որակյալ կառավարմամբ պետականություն ունենալու՝ հասարակության արդարացի պահանջը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառմանը, համաձայն որի՝ երկրում վիճակն իրոք վատ է, և «Իմ քայլը» խմբակցությունը կարող է կատարել «իր քայլը»՝ ընտրելով նոր վարչապետ:
«Նախկինների վերադարձով քաղաքացիներին սպառնալու պոպուլիստական ռեսուրսները սպառվել են, հասարակությունն այլևս չի ընկալում այդ խայծը: Երկրում ոչ միայն բովանդակային փոփոխություններ չեն կատարվել, այլև հաստատվել է ատելության և մերժումի ամբողջատիրական մի մթնոլորտ, ուր պիտակավորումով խլացվում է ցանկացած այլակարծություն: Բնական է, որ ամբոխավարական և իմպուլսիվ որակներով, անսխալականության բարդույթով տառապող իշխանությունը տապալեց նաև համավարակի կառավարումը: Այս քաոտիկ իրավիճակը հաղթահարելու շուտափույթ ելք է անհրաժեշտ: Մանիպուլյացիաներով և անցյալի հրեշայնացմամբ վիճակը չես փրկի, ոչ էլ նույն թիմի շրջանակում անձերի փոփոխությամբ կարելի է դիմագրավել մեր պետականության առջև կանգնած սպառնալիքներին: Նախ, որովհետև այդ թիմն արդեն ցուցադրել է իր ձախողված կադրային, հայեցակարգային և կառավարչական «որակները», հետևաբար այդտեղից ընտրությունն անիմաստ է, ու երկրում անորակ փորձարկումների լիմիթը սպառված է»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, թե հիմնական խնդրին այն է, որ փոփոխությունը պիտի լինի բազմավեկտոր՝ բովանդակային, վարքաբանական և կառուցվածքային:
«Խորհրդարանական ներկա մեծամասնությունը երկրում առկա դեստրուկտիվիզմի հիմնական աղբյուրն է: Երկրում, բացի բռունցքներից, այլ հակակշիռներ չեն գործում»,-նշեց նա:
Անդրադառնալով դիտարկումներին, որ իշխանությունն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է կենտրոնացած, ինչը բարդացնում է երկրի կառավարումը՝ կառուցողական քննարկումներ, երկխոսություններ չլինելու պատճառով, և հնարավոր են տարբեր թևերի ձևավորումներ, Գալստյանն արձագանքեց.
«Այո, երկրի կառավարման մեջ բացառիկ դերակատարություն ունեն առաջին դեմքի՝ առաջնորդի կառավարչական որակները, վարքականոնն ու վարքաբանությունը: Սիրո հեղափոխության առաջնորդը շատ արագ մերժեց հայտարարված արժեքները՝ դառնալով երկրում անհանդուժողականության, ատելության և թշնամանքի խոսքի հիմնական գեներացնողը: Այսպիսի միջավայրում ոչ միայն երկխոսություն չկա խորհրդարանում, այլև տեսնում ենք, թե ինչ ամբարտավան մեծամտության է արժանանում ցանկացած այլակարծությունը նաև սեփական թիմի մեջ: Քննարկում չկա ստեղծարար օրակարգերի, հայեցակարգային փաստաթղթերի չլինելու պատճառով: Իշխանության մեջ թիմերի գոյության մասին դժվար է խոսել նաև այն պատճառով, որ նրանք հավաքվել են սոսկ մերժումի էներգիայով և մեծամասնութունը միմյանց կապող արժեքաբանական, գաղափարական հենք չունի: Իհարկե, որոշ, ցավոք օտարածին օրակարգեր սպասարկող թիմեր երևակվում են»:
Գալստյանը նշեց, թե Դաշնակցության հայեցակարգային մի շարք փաստաթղթերի առնչությամբ իշխանությունից որևէ արձագանք չենք ստացել, անպատասխան է մնացել նաև ՀՅԴ ԳՄ դեռևս երկու ամիս առաջ հրապարակված հակաճգնաժամային ծրագիրը: «Մինչդեռ ակնհայտորեն իրավիճակը գնալով վատթարանում է, իսկ Կառավարությունը շարունակում է ոչ ադեկվատ լինել և ավելի քաոտիկ դարձնել իրականությունը: Այս ամենին գումարենք մեր անվտանգային խնդիրները՝ արտաքին ճակատից բազմաթիվ տագնապեցնող ազդանշաններ ենք ստանում, ու հասարակությունը շարունակում է խարխափել անորոշության մեջ: Մի խոսքով, այս կացությունը պետք է կասեցնել հակաճգնաժամային, քաղաքական նոր ձևաչափերով, որովհետև յուրաքանչյուր օր նոր մարտահրավեր է մեր պետականությանը»,-ասաց նա:
Հարցին՝ իր կարծիքով՝ ինչպիսի՞ն են իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները՝ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական մակարդակում, քաղաքական երկխոսությունն ի՞նչ մակարդակի վրա է, եթե հիշենք նաև ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքը, Գալստյանը պատասխանեց, որ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի հետ երկխոսության տոտալ բացակայություն կա:
«Մեր ներկա քաղաքական գործընթացները ժողովրդավարության հետ աղերս չունեն: Ծեծկռտուքն այդ շարքից էր և բացատրելի՝ բռնության խոսքը բռնության վարք է ստեղծում: Անգամ ներողությունից հետո, միևնույն է, բռնության խոսույթը չդադարեց: Բայց այսօր ցավալիորեն, շատ ավելի լուրջ խնդիրներ է դիմագրավում երկիրը և ճիշտ պիտի լինի հենց այդ՝ հակաճգնաժանային և հակաանվտանգային խնդիրները լինեն մեր դիսկուրսում՝ Արցախ, քաղաքական համակարգ, ճգնաժամի հաղթահարում: Այս ամենը ազգային, պետականամետ ուժերի և անհատների համախմբում է ենթադրում»,-ասաց նա: