Ճգնաժամն ավելի է խորանալու
28 Մայիս 2020 Այս կառավարության տնտեսական քաղաքականությունը վերջին 20 տարիների ամենից ձախողվածն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրուցյում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով վիճակագրական կոմիտեի հրապարակած տնտեսական վերջին ցուցանիշներին։ «2020թ. հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունն անկում է գրանցել 1,7 տոկոսով, որը վատթարագույն է վերջին 20 տարիների համեմատ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում ցուցանիշների վրա կորոնավիրուսի ադեցությանը, ապա Սուրեն Պարսյանն ասաց. «Կորոնավիրուսի ազդեցությունը համաշխարհային տնտեսության մեջ շատ մեծ է, դրանից անմանսն չի մնացել ոչ մի երկիրր, բոլորը տուժել են և այդ բացասական ազդեցությունը նաև Հայաստանի վրա է ազդել, սական խնդիրն այն է, որ մեր իշխանությունները կորոնավիրուսի բացասական ազդեցության փուլում հայտարարում էին, որ ամբողջ աշխարհի կապիտալը կհոսի Հայաստան, սա ճգնաժամ է, որից կարելի է օգտվել: Սա տեսական պնդումներ էին՝ որևէ հիմք չունենալով, և ապրիլ ամսվա ցուցանիշները եկան ապացուցելու, որ այս իշխանությունները հերթական անգամ պոպուլիստական հայտարարություններ էին անում և չունեին համապատասխան տնտեսական քաղաքականության գործիքակազմ, որը թույլ կտար Հայաստանի տնտեսությունն անմասն պահել ճգնաժամից»:
Սուրեն Պարսյանը նշեց, որ հիմա մենք ունենք պաշտոնապես հաստատված տվյալներ, որի համաձայն՝ ապրիլին ունենք 17,2 տոկոս անկում նախորդ տարվա ապրիլ ամսվա նկատմամբ, իսկ հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունը կազմել է 1,7 տոկոս: «Սա բացառիկ բացասական ցուցանիշ է մեր 20 տարիների տնտեսական պատմության շրջանակում, նման վատ ցուցանիշ մենք չենք ունեցել և սրա ամբողջական պատասխանատվությունը կրում է իշխանությունը»,-ասաց նա:
Տնտեսագետն ակնհայտ համարեց, որ իշխանության տետեսական քաղաքականությունը ձախողված է և պետք է դուրս գան տնտեսական որոշումների կայացման այս շրջանակից, եթե ուզում ենք Հայաստանը փրկել այս ճգնաժամից: «Սա ճգնաժամի առաջին փուլն է: Վստահ եմ, որ իշխանությունները ցանկանում են հաղթահարել այս ճգնաժամը, բայց չունենալով համապատասխան տնտեսական կարողություններ և ռազմավարություն՝ նրանք հայ ժողովրդին դատապարտում են աղքատության և տնտեսական ցնցումների»,-ասաց նա:
Սուրեն Պարսյանը նշեց, որ հաջորդ ամիսների ընթացքում ճգնաժամն ավելի է մեծանալու, ի հայտ են գալու ավելի նոր խնդիրներ: «Այս կառավարությունը վերջին երկու ամիսներին փոշիացրեց մոտ 140 միլիոն դոլարի պետական գումարներ տարբեր աջակցության ծրագրերի շրջանակներում և այդ գումարների կարիքը ունենալու ենք հետագայում»,-ասաց նա:
Նա նկատեց, որ արդեն կառավարությունը ավելացրել է պետական պարտքը և նախատեսել է հետագայում ևս ավելի ավելացնել: Ըստ Պարսյանի՝ այս տնտեսական ճգնաժամի ժամանակ մենք պետք է վերանայենք մեր տնտեսական քաղաքականությունը, չնայած հակառակ դրան՝ բյուջետային ծախսերը մնացել են նույնը, չի վերանայվել առանձին ուղղություններով պետական ծրագրերը, որոնք պետք է դադարեցվեին կամ սառեցվեին և այդ գումարներն ուղղվեին կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված ծրագրերին և ամենակարևորը կառավարությունը պետք է ապահովեր մաքսիմալ մեկուսացում և մարդկանց ապահովել համապատախսան պարենով:
Նրա գնահատամամբ՝ ըստ էության Հայաստանը գնում է իտալական սցենարով, այսինքն՝ կորոնավիրուսը տարածվում է բավականին արագ տեմպերով և մահերով: «Այս իրավիճակին համապատասխան քայլեր կառավարությունը չունի, և ինչ էլ որ հիմա իրականացնում է բավականին ուշացած է, հատվածական և դրանց ազդեցությունը կորոնավիրուսի տարածման կանխման կամ ճգնաժամի հաղթահարաման համար շատ փոքր է: Ակնհայտ է, որ այս իշխանությունները պատրաստ չէին նման զարգացումներին և սկզբնական փուլում անփութություն ցուցաբերեցին, մատների արանքով նայեցին և չպատրաստվեցին ճգնաժամին, և հիմա մենք գնում ենք ավելի բարդ ճանապարհով»,-ասաց նա: