Հայաստանի հանրապետության պետաիրավական կառուցվածքի Ազգային-ժողովրդավարական բնույթը (1918-1920 ԹԹ.)
27 Մայիս 2020(պատմական զուգահեռներ 1-ին և 3-րդ հանրապետությունների միջև)
( 1-ն մաս )
ԱՐԱՐԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր
Մոտենում է մայիսյան մեծ հաղթանակների հերթական տարեդարձը: Հիրավի, 1918 թ. մայիսին հայ ժողովուրդն իրար փոխկապակցված երկու մեծագույն նվաճում ունեցավ. ա) Մայիսյան հերոսամարտերում կյանքի ու մահվան գնով ձեռք բերված հաղթանակը փրկեց արևելահայությանը թուրքական եղեռնից, և հիմք ստեղծվեց դարերի ընդմիջումից հետո Հայաստանի անկախ պետականության վերականգնման համար: Սրանով փաստորեն սկսվեց հայոց պատմության նորագույն՝ պետականությունների պատմափուլը: Ժամանակային առումով որքան հեռանում ենք ճակատագրական նշանակության երկու խոշորագույն (մայիսյան հաղթական հերոսամարտեր և անկախության սկզբնավորում) իրադարձություններից, այնքան ավելի է մեծանում դրանց պատմական արժեքը, թողած անջնջելի հետքն ու նշանակությունը վերջին ավելի քան մեկ դարում մեր անցած ուղու, ունեցած ձեռքբերումների, նաև այսօրվա և վաղվա առաջընթացի համար: Անվիճելի է պատմական այն ճշմարտությունը, որ եթե չլիներ Հայաստանի 1-ին հանրապետությունը, անհնարին էր լինելու նրա իրավահաջորդ Խորհրդային Հայաստանի և դրանց հիմքի վրա Հայաստանի 3-րդ հանրապետության՝ ժամանակակից չափանիշներով ինստիտուցիոնալ արժեհամակարգի ձևավորումը:

Հիշյալ նշանակալի տարեդարձի կապակցությամբ ցանկանում ենք ընդհանուր գծերով ներկայացնել գրեթե ոչնչից ստեղծված, ժամանակի արժեհամակարգերին համահունչ, պետաիրավական-ժողովրդավարական բնույթ ու արժեք ունեցող Առաջին հանրապետության այն կառույցները, որոնք հետագայում ժառանգաբար փոխանցվեցին Երկրորդ ու հատկապես` Երրորդ հանրապետությանը:
Սույն հրապարակման մեջ կփորձենք պատմական զուգահեռներ անցկացնել 1-ին և 3-րդ հանրապետությունների միջև, համադրել ու վերլուծել պատմության փորձն ու դասերը, ինչն, անշուշտ, օգտակար և ուսանելի է Հայաստանի ու հայ ժողովրդի մերօրյա առաջընթացի ճանապարհին: Այս կապակցությամբ կարող է հարց ծագել. իսկ ինչո՞ւ չխոսել, օրինակ, 1-րդ և 2-րդ հանրապետությունների օրգանական կապի մասին, չէ՞ որ ժամանակագրական առումով 2-րդ հանրապետությունը 1-ինի անմիջական իրավահաջորդն է: Ակնհայտ իրողությունն այն է, որ գաղափարական, քաղաքական, պետաիրավական, տնտեսական և այլ արժեքների, ընդհանրական պատմական փորձի ու դասերի առումով ուժեղ չէ կապը 1-ին և 2-րդ հանրապետությունների միջև: Հանրահայտ է, որ ոչ անկախ 2-րդ հանրապետությունը՝ Խորհրդային Հայաստանը, գոյության 70 տարիներին հանդիսացել է բոլշևիկյան Ռուսաստանի, իսկ ապա անվանափոխված ԽՍՀՄ-ի կոմունիստական ամբողջատիրական (տոտալիտար) համակարգի մասը` որպես պետականության որոշ բաղադրիչներ ունեցող միավոր, որը կառավարվել և ուղղորդվել է մեկ կենտրոնից՝ որդեգրելով Հայաստանի ու հայ ժողովրդի համար օտարածին, ոչ հոգեհարազատ գաղափարական-քաղաքական, պետաիրավական, տնտեսական արժեքային համակարգեր, որոնցից շատ քիչ բան հնարավոր կլիներ փոխանցել 3-րդ հանրապետությանը: Այդ իմաստով էլ անմիջական օրգանական կապ գրեթե չկա 2-րդ և 3-րդ հանրապետությունների միջև: Դրա փոխարեն ազգային գաղափարախոսության, անկախ պետականության, պետաիրավական, սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային առումներով ու արժեքային համակարգով ավելի ուժեղ է անմիջական կապը Առաջին և մերօրյա` Երրորդ հանրապետությունների միջև: Եվ, բնականաբար, այդ արժեհամակարգի գլխավոր ցուցիչն ինքնիշխան անկախ պետականությունն է:
Հարկ է ընդգծել, որ անկախ պետականությունը յուրաքանչյուր ազգ-ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն աստիճանն է, որի պայմաններում դրսեւորովում է սեփական ներուժով ինքնակառավարվելու, սեփական հայրենիքը պաշտպանելու, արարելու, ստեղծագործելու ու հարատևելու վերջինիս կարողականությունը: Այս կամ այն երկրի պետական կառուցվածքով, կառավարման ձևով ու վարչակարգով (ռեժիմով), իշխանություն-ժողովուրդ փոխադարձ կապով, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ծավալով ու բովանդակությամբ, հոգևոր ու մշակութային արժեհամակարգով և այլ հատկանիշներով կարելի է որոշել ու չափել տվյալ երկրի ժողովրդի, նրա ձևավորած պետության ժողովրդավարության մակարդակը:
***
Արդ` ըստ էության: Նախ մինչև 1918 թ. մենք ի՞նչ ենք տեսնում Հայաստանում: Հայտնի է, որ մինչև շրջադարձային համարվող 1918 թ. արմատական իրադարձությունները Հայաստան աշխարհը նախկինում օտարների միջև երկու հիմնական մասի բաժանված երկրամաս էր, որի մեծագույն հատվածի` Օսմանյան կայսրության մեջ մտնող Արևմտյան Հայաստանի հայությունը 1-ին աշխարհամարտի պայմաններում արդեն տեսել էր Մեծ եղեռն, իսկ նրա մի կերպ մազապուրծ փրկված մնացորդացը հայտնվել էր հայրենազրկված գաղթականի ու աստանդականի կարգավիճակում: Այդ նույն ժամանակ Արևելյան Հայաստանն ու արևելահայությունը, ներքաշվելով պատերազմի մեջ և կրելով մեծ կորուստներ, տառապանքներ ու զրկանքներ, հայտնվել էին անորոշության մեջ:
1917 թ. Ռուսաստանի երկու ճակատագրական իրադարձությունների՝ Փետրվարյան հեղափոխության և Հոկտեմբերյան հեղաշրջման հետևանքով Անդրկովկասն ու Հայաստանը հայտնվեցին սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու փաստի առաջ: Եվ 1918 թ. հունվարին ձեռնարկված թուրքական արշավանքի պայմաններում հայ ժողովուրդը գերմարդկային ճիգերով ոչ միայն կարողացավ դիմակայել մահաբեր թշնամու ներխուժմանը, այլև հարկադրել նրան առաջինը ճանաչելու հայության անկախ ապրելու բնական իրավունքը: Հարկ է ընդգծել, որ թշնամուն դիմակայելու և պետականության հիմքերը դնելու գործում հսկայական է եղել ժողովրդի կողմից Երևանի դիկտատոր հռչակված Արամ Մանուկյանի (1879-1919 թթ.) կազմակերպչական, համախմբիչ ու ոգևորիչ դերը: Սկզբում փոքր՝ ընդամենը 12 հազ. քառ. կմ տարածքը, որի վրա հունիսի 4-ի Բաթումի պայմանագրով Օսմանյան Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, նախկին Ռուսական կայսրության` տնտեսապես ու քաղաքականապես հետամնաց Էրիվանի նահանգի մի մասն էր: Եվ այդ հատվածի վրա էլ սկսվեցին պետականաշինության աշխատանքները: Պետականությունը հարկ էր կերտել Արևելահայաստանի մի հողակտորի վրա, որտեղ առկա էին սեփական կադրերի, կառավարման փորձի, նյութական-տնտեսական ներուժի մեծ պակաս, արտաքին թշնամական շրջափակում ու ամեն պահի ներխուժման վտանգ, հարյուր հազարավոր հայ գաղթականություն, սով, համաճարակ և այլն:
1918 թ. մայիսին Անդրկովկասյան դաշնության քայքայումից ու Հայաստանի անկախության հռչակումից հետո, բնականաբար, հայ հասարակական-քաղաքական ուժերի առջև ծառացած գլխավոր խնդիրները դարձան ընտրվելիք պետականության տեսակի, նրա ինստիտուցիոնալ կառուցվածքի, կառավարման ձևի, պետական ու ժողովրդավարական ինստիտուտների ամբողջական կայացման, երկրի ու ժողովրդի անվտանգության ու դինամիկ զարգացման հարցերը: Նման բախտորոշ վճիռների կայացման, երկրի ու ժողովրդի ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու գործում անուրանալի է եղել «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցության դերակատարությունը: Իրավամբ, նա եղել է հայոց պետական մեքենան գործի գցող գլխավոր քաղաքական ուժը և հիմնականում իր ուսերի վրա է կրել անկախ պետականության, ժողովրդի ու հայրենիքի անվտանգության ապահովման քաղաքական ողջ պատասխանատվությունը:
1918 թ. հուլիսի կեսերին Թիֆլիսից մայրաքաղաք Երևան ժամանած Հայոց ազգային (կենտրոնական) խորհրդի և Հովհ. Քաջազնունու(1868-1938) գլխավորած ոչ լիակազմ կառավարության առաջնային խնդիրը դարձավ պետականության տեսակի ու կառավարման ձևի ընտրության հարցը: Նախապատվությունը տրվեց 20-րդ դարում ամենաառաջադիմականը համարվող հանրապետական արժեհամակարգին, խորհրդարանական, ժողովրդավարական հանրապետության բնորդին ու կառավարման ձևին: Հայաստանի նորաստեղծ հանրապետությունն իր քաղաքական շրջանակներով և առաջին հերթին հայ իրականության ամենախոշոր և ամենաազդեցիկ քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի գլխավորությամբ նախընտրեց նոր ժամանակներին եւ եվրոպական քաղաքակրթական արժեհամակարգին բնորոշ կառավարման ինստիտուտներ (կառուցակարգեր):
Պետական կառուցվածքի տեսանկյունից ՀՀ-ն ձևավորվեց որպես խորհրդարանական (պառլամենտական) դեմոկրատական (ռամկավար) հանրապետություն, որտեղ բարձրագույն օրենսդիր իշխանությունը դարձավ ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանը, իսկ բարձրագույն գործադիր իշխանությունը՝ կառավարությունը, որը նշանակվելու և հաշվետու էր լինելու խորհրդարանին: Տակավին միջնադարյան Անգլիայի (13-րդ դարում բարոն Սիմոն դը Մոնֆորի) ժամանակներից պառլամենտարիզմը եղել է ժողովրդավարական իշխանության ձև, որը ենթադրում էր պետական իշխանության երեք հիմնական տարանջատ թևերի` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ձևավորում, գործադիր իշխանության (կառավարության) պատասխանատվություն ու հաշվետվողականություն օրենսդիր մարմնի՝ խորհրդարանի առաջ: Հայտնի է, որ յուրաքանչյուր պետության ժողովրդավարական լինելու նախապայմանը նրա ընտրովիության, եւ ներկայացուցչականության սկզբունքն է, իշխանության եռաթև կառուցվածքի` գործադիր, օրենսդիր և դատական, տարանջատվածության ապահովումը և միյանց հակակշռելու ու հավասարակշռելու սկզբունքի առկայությունը:
Առաջ անցնելով ու պատմական զուգահեռներ անցկացնելով 1-ին և 3-րդ հանրապետությունների միջև՝ պետք է փաստել, որ պատմաիրավական ժառանգորդության տեսանկյունից Հայաստանի մերօրյա հանրապետությունը 2015 թ. նոր խմբագրությամբ ընդունված սահմանադրական փոփոխություններով, որդեգրել է խորհրդարանական կառավարումը, որում ընդգծված է ժառանգական կապը Առաջին և Երրորդ հանրապետությունների միջև: Ուշագրավ է նաև այն պարագան, որ պետական կառուցվածքի հստակեցման առումով դեռ առաջին հանրապետության շրջանում հստկեցվել էր համազգային հիմնական նպատակը՝ Հայկական հարցի վերջնական լուծումից ու Հայաստանի երկու հատվածների միավորումից հետո պետք է հրավիրվեր Սահմանադիր ժողով, ընդունվեր «Որոգայթ փառաց»-ի ժամանակներից երազած սահմանադրություն, որդեգրվեր ՀՀ նախագահական ինստիտուտ և այլն, ինչը, ցավոք, ժամանակի սղության և արտաքին քաղաքական աննպաստ գործոնների պատճառով չիրագործվեց:
Այդուհանդերձ, չնայած ՀՀ շատ կարճ՝ ընդամենը 2,5 տարվա գոյությանը, գերմարդկային ճիգերով հնարավոր եղավ ցարական կենտրոնացված նահանգական կառավարման ձևի փոխարեն ստեղծել եվրոպական պետաիրավական արժեհամակարգին համահունչ հանրապետական-ժողովրդավարական ինքնիշխան պետություն:
Անդրադառնալով Առաջին հանրապետության բարձրագույն գործադիր իշխանությանը արձանագրենք, որ գոյության 2,5 տարվա ընթացքում ՀՀ-ն ունեցել է չորս վարչապետ` բոլորն էլ ՀՅԴ նշանավոր գործիչներ` Հովհաննես Քաջազնունի (1918 թ. հունիսի 7 – 1919 թ. օգոստոսի 7-ը), Ալեքսանդր Խատիսյան (1919 թ. օգոստոսի 7– 1920 թ մայիսի 5-ը), Համո Օհանջանյան (1920 թ. մայիսի 5 – նոյեմբերի 23-ը) և Սիմոն Վրացյան (1920 թ. նոյեմբերի 23 – դեկտեմբերի 2-ը): Ընդ որում, ՀՅԴ-ն երկու անգամ` 1918 թ. նոյեմբերի 4-ից 1919 թ. հունիսի սկիզբը (7 ամիս) ՀԺԿ-ի, իսկ 1920 թ. նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ը (10 օր) էսէռների կուսակցության հետ կազմել է կոալիցիոն (խառը) կառավարություն:
Հանրապետության 2-րդ վարչապետ Ալ. Խատիսյանը, ներկայացնելով Առաջին հանրապետության կառավարության պետականաշինության ամփոփ բնութագիրը, իրավացիորեն այն բաժանել է երեք փուլերի: Առաջին` Հ. Քաջազնունու նախագահության շրջանը` պետական-կազմակերպական, երկրորդ` Ալ. Խատիսյանի նախագահության` քաղաքացիական-ստեղծագործական և երրորդ` Հ. Օհանջանյանի և Ս. Վրացյանի նախագահության` արտաքին և ներքին թշնամիների դեմ կռվի շրջան, որը, ինչպես հայտնի է, ավարտվեց արտաքին կոպիտ (ռազմական) միջամտությամբ, 1920 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ անկմամբ ու նրա խորհրդայնացմամբ:
Հարկ է նշել, որ միջկուսակցական համերաշխության տեսանկյունից առանձնապես ծանրակշիռ է եղել ՀՅԴ-ՀԺԿ կոալիցիոն կառավարությունը: Պատմական փորձի ու գնահատականի առումով ուսանելի է, որ տակավին Առաջին հանրապետության ժամանակներից ՀՅԴ-ն պատրաստակամ է եղել կառավարման կոլեկտիվ-կոալիցիոն աշխատանքի, և այս ավանդույթին նա ժամանակ առ ժամանակ հետևում է նաև մեր ժամանակներում: Բերված փաստը հավաստում է, որ Առաջին հանրապետության հիմնական կառավարող ՀՅԴ կուսակցությունը չի ձգտել միակուսակցական ամբողջատիրական (տոտալիտար) կառավարման վարչաձևին, ինչն այդքան բնորոշ էր ԽՍՀՄ կոմունիստական-բոլշևիկյան ավելի քան 70-ամյա բռնավարչակարգին:
***
Ինչպես ասվեց, ի սկզբանե խնդիր դրվեց հայոց պետականությունը կերտելու եվրոպական քաղաքական և պետական կառուցվածքի օրինակով` իհարկե հաշվի առնելով տեղական պայմանները և մեր երկրի ու ժողովրդի ազգային առանձնահատկությունները: Պետաիրավական կառուցվածքի տեսանկյունից Հայաստանը որդեգրեց հանրապետական-խորհրդարանական կառավարման մոդելը: Դա նշանակում էր, որ բարձրագույն իշխանությունը օրենսդիր մարմինն էր, իսկ բարձրագույն գործադիր մարմինը` կառավարությունը, որի նախագահը (վարչապետը) հանրապետության ամենաբարձր պաշտոնատար անձն էր: Վերջինս կառավարության հետ ընտրվում էր խորհրդարանի կողմից, հաշվետու էր միայն նրա առաջ և անվերապահ ենթակա էր նրա որոշումներին: Այսինքն` նրան վստահություն կամ անվստահություն հայտնելու հարցը լսում ու լուծում էր խորհրդարանը:
Եվրոպական սկզբունքով կառավարության ստեղծումից հետո պետականաշինության երկրորդ կարևոր խնդիրը դարձավ, հանրապետության բարձրագույն իշխանության ձևավորումը, որը պաշտոնապես կոչվեց Հայաստանի խորհուրդ:
Ինչպես հայտնի է, ՀՀ գոյության 2,5 տարվա ընթացքում ձևավորվել է երկու գումարման խորհրդարան՝ առաջինը` ոչ ընտրովի՝ Հայաստանի խորհուրդ, երկրորդը` ընտրովի՝ Հայաստանի պառլամենտ (խորհրդարան): Քանի որ անկախության հռչակումից հետո ժամանակը, քաղաքական հանգամանքները և ֆինանսական միջոցները թույլ չէին տալիս միանգամից խորհրդարանի ընտրություններ անցկացնել, ուստի Թիֆլիսի Կենտրոնական և Երևանի Ազգային խորհուրդների խառը նիստում որոշվեց Հայոց (կենտրոնական) ազգային խորհրդի անդամների (15) թիվը կուսակցական համամասնությամբ եռապատկել (բացի 3 անկուսակցականներից), ինչպես նաև հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ հրավիրել եւ կազմել Հայաստանի մեկպալատանի առաջին օրենսդիր մարմինը` Հայաստանի խորհուրդը (խորհրդարանը): Ահա այս ճանապարհով Հայաստանի խորհրդում պատգամավորական տեղեր զբաղեցրին ՀՅ Դաշնակցությունը` 18, Հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)` 6, Սոցիալ-դեմոկրատները` 6 (5 մենշևիկ և 1 բոլշևիկ), Սոցիալիստ-հեղափոխականները (Էսէռները)` 6, անկուսակցականները` 2 (երրորդը` Տիգրան Բեկզատյանը, մեկնեց դիվանագիտական աշխատանքի): Բացի այդ` խորհրդարանում ընդգրկվեցին նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ` 6 թուրք, 1-ական ռուս և քուրդ (եզդի) . բոլորը միասին` 46 պատգամավոր: Հարկ է նշել, որ Հայաստանի 1-ին գումարման խորհրդարանում հիմնական կառավարող ՀՅԴ-ն մեծամասնություն չի կազմել: Ընդ որում, Հայաստանի խորհրդում ներկայացված են եղել հանրապետության քաղաքական դաշտի բոլոր երեք թևերը՝ աջակողմյան՝ ՀԺԿ-ն, կենտրոնական՝ ՀՅԴ-ն և ձախակողմյան՝ Սոցիալ-դեմոկրատական ու Էսէռ խմբակցությունները: Այս իմաստով համեմատություն անցկացնելով 1-ին և 3-րդ հանրապետությունների խորհրդարանների միջև՝ կարելի է ասել, որ ներկայումս մեզանում դժվար է անգամ ըստ թևերի հստակ բաժանումներ կատարել կուսակցական խմբակցությունների գաղափարաքաղաքական ուղղվածության ու ծրագրային պլատֆորմների առումով: Այն ժամանակ, բացի խորհրդարանական կուսակցություններից, հանրապետությունում ակտիվորեն գործել են նաև արտախորհրդարանական 4-5 կուսակցություններ, ինչպես որ է ներկայումս:
Վերադառնալով 1-ին հանրապետությանը՝ պետք է ասել, որ ժողովրդավարության տեսանկյունից Հայաստանի խորհրդում գործնականում ներկայացված էին երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերը և ազգությունները: Հայաստանում քաղաքական կուսակցությունները ներկայացնում էին հետևյալ խճապատկերը: Ազատորեն գործում էին շուրջ մեկ տասնյակի հասնող քաղաքական կուսակցություններ, այդ թվում` իրենց հայացքներով ու գործելակերպով առավել ծայրահեղական, անգամ հակապետական համարվող բոլշևիկները: Վերջինների մեծ մասը նույնիսկ պաշտոնավարում էր հանրապետության պետական զանազան հիմնարկություններում` լուսավորության, պարենավորման, կապի և այլն: Այս հանգամանքը դարձյալ ընդգծում էր Առաջին հանրապետության կառավարման քաղաքացիական-ժողովրդավարական բնույթը, երկրում գաղափարական բազմակարծության առկայությունը: ՀՀ ժողովրդավարական բնույթի մասին էր վկայում նաև այն փաստը, որ նրանում հաստատված էր խոսքի, մամուլի և խղճի ազատություն: Հանրապետությունում լույս էին տեսնում վեց տասնյակ անուն պարբերականներ, որոնց առնվազն կեսն ընդդիմադիր կամ անկախ էր:
Խորհրդարանին կից գործում էր Պետական վերահսկողության մարմինը` շուրջ 100 աշխատակիցներով, որն օրենսդիր իշխանության կողմից գործադիր իշխանության ֆինանսատնտեսական գործունեության, պետբյուջեի (ելևմտի) կատարման և այլ աշխատանքների վրա վերահսկողության իրականացման, պաշտոնական զեղծումների, չարաշահումների ու կոռուպցիայի բացահայտման կարևոր լծակներից մեկն էր: Ընդ որում, պետական վերահսկիչը միանգամայն անկախ էր գործադիր իշխանությունից` կառավարությունից, և ենթակա ու պատասխանատու էր միայն խորհրդարանին: Ուշագրավ է նաև, որ պետական վերահսկիչ մարմնի ներկայացուցիչը չէր կարող լինել կառավարող կուսակցության կամ խորհրդարանական մեծամասնություն կազմող խմբակցության անդամ: Նա ընտրվում էր ընդդիմադիր կուսակցությունից կամ անկուսակցականներից: Ի դեպ, պետվերահսկողության 1-ին նախագահը եղել է ճանաչված հասարակական և պետական գործիչ, իրավաբան ու ֆինանսիստ, ՀԺԿ անդամ Մինաս Բերբերյանը (1871-1919): Ցավոք, շատ հայ մեծերի՝ Ռոստոմի, Արամի և ուրիշների պես նա ևս վախճանվեց համաճարակից: Զուգահեռ անցկացնելով` կարելի է ասել, որ Առաջին հանրապետության Պետական վերահսկողության մարմինը հիշեցնում է 3-րդ հանրապետության Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը, իսկ 2015 թ. խմբագրված Սահմանադրությամբ` Հաշվեքննիչ պալատը:
Յուրացնելով եվրոպական ժողովրդավարական երկրների ֆինանսավարկային քաղաքականության սկզբունքները` Հայաստանում ևս մշակվեց ու կազմվեց պետության եկամուտների ու ծախսերի ամբողջական իրավական փաստաթուղթը՝ պետբյուջեն, որն այն ժամանակ անվանվում էր ելմտացույց: Առաջին հանրապետության տնտեսական բլոկից առավել հիշատակության է արժանի հայոց անկախ պետականության խորհրդանիշ հանդիսացող ազգային դրամը (արժույթը): Եթե այն ժամանակ մեր ազգային արժույթը տպագրվեց Անգլիայում, ապա 3-րդ հանրապետության պարագայում՝ Գերմանիայում:
Այսպիսով, Հայաստանի խորհրդարանը, երկրի գերագույն իշխանությունն էր: Բարձրագույն գործադիր իշխանությունը` կառավարությունը, ենթակա էր խորհրդարանին, այսինքն` Հայաստանը պառլամենտական հանրապետություն էր: Այդ իմաստով հատկանշական է, որ ՀՀ 2015 թ. փոփոխված Սահմանադրությամբ դարձյալ նախապատվություն է տրվել խորհրդարանական կառավարման մոդելին, ինչն ընդգծում է իրավահաջորդական կապը Հայաստանի 1-ին և 3-րդ հանրապետությունների միջև:
***
Օգտագործված աղբյուրներ
1․Տե´ս Հակոբյան Ա., Հայաստանի Հանրապետություն (1918-1920 թթ.), Եր., 1992, էջ 6:
2․Տե´ս Խատիսեան Ալ., Հայաստանի Հանրապետութեան ծագումը և զարգացումը, Պէյրութ, 1968, էջ 133:
3․Տե´ս Հակոբյան Ա. Մ., Հայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները 1918-1920 թթ., Եր., 2005, էջ
21-23, նաև«Վէմ», Եր., 2015, թիվ 4 (52), էջ 22-40:
4․Տե´ս «Հորիզոն», Թիֆլիս, 27 հուլիսի 1918 թ.:
5․Տե´ս Հակոբյան Ա., ՀՀ պարբերական մամուլի պատմություն (1918-1920 թթ.), Եր., 2005, էջ 3:
6․Տե´ս «Բանբեր Հայաստանի արխիվների», Եր., 1991, թիվ 3, էջ 48:
7․Տե´ս Պողոսյան Վ., Սարգսյան Ն., Հայաստանի Հանրապետության 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունը, Եր.,
2016, էջ 210, տե´ս նաև էջ 416-418:
«Դրօշակ», թիվ 5 (1639), մայիս, 2020 թ.