Կառավարության անպատասխանատու վարքագիծը ստեղծում է սոցիալ-տնտեսական և արտաքին սպառնալիքներ
12 Հունիս 2020Օրինաչափ է Ռուբեն Մելիքյանի և բազմաթիվ քաղաքացիների պահանջը խաղաղ ակցիաների թույլատրման վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:
Նշենք, որ մի խումբ քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ հավաքվել էին ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց, ի բողոք այն հանգամանքի, որ ԱԺ-ի դիմաց ակցիա իրականացնելու համար ոստիկանության կողմից 4 քաղաքացի և այդ թվում նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը բերման ենթարկվեցին: Ավելի ուշ բերման ենթարկվածների աջակիցները ևս բերման ենթարկվեցին։

«Օրեր առաջ Դաշնակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, առաջարկեց պառլամենտին մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը գնահատել ստեղծված վիճակը և լուծման ելքեր փնտրել ու պատասխանատվության կանչել մեղավոր անձանց: Գիտեք, որ այսօր Կառավարությունը որոշել է արտակարգ դրության ռեժիմը մեկ ամսով երկարաձգել: Մեր խորին համոզմամբ մինչև այս հարցերին պատասխան չտրվի, չի կարող քննարկվել երկարացման հնարավորությունը»:
Արծվիկ Մինասյանի կարծիքով այս ժամանակահատվածում հիմնականում սահմանափակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքական իրավունքները․ «Արտակարգ դրության երկարացումը համարում ենք անթույլատրելի»:
Արծվիկ Մնասյյանի կարծիքով՝ արտակարգ դրության էֆեկտիվությունը գնահատելու համար պետք է փաստագրումներ անել, թե ինչքան էր հիվանդության ծավալը արտակարգ դրությունն սկսելուց առաջ և ինչքան է միջանկյալ ծավալը․
«Բոլոր եզրակացություններն ի վնաս Կառավարության են: Եվ փոխանակ վարչապետը կամ այլ պատասխանատուններ նման ձևով հիմնավորեն, փորձում են քողարկել սեփական անպատասխանատվությունը: Գալո՞ւ է չէ այն օրը, որ բոլորը պետք է իրենց արածների համար պատասխան տան»։
ՀՅԴ անդամը համոզված է, որ քաղաքացիների իրավունքների սահմանափակումն առաջացնելու է հասարակության լարում Կառավարության հանդեպ. «Կառավարության անպատասխանատու վարքագիծը ստեղծում է սոցիալ-տնտեսական և արտաքին բավական լուրջ սպառնալիքներ, որի պատասխան տվողը լինելու է հայ ժողովուրդը: Եվ ինչքան շուտ դա գիտակցի կառավարությունը, այդքան ավելի արդյունավետ կլինի: Հակառակ դեպքում անխուսափելի է, որ ներկա վարչակազմն ամբողջապես պատասխանատվության առաջ կանգնի»:
Անդրադառնալով վերջին շրջանում ուժային կառույցների պաշտոնանկություններին՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ իր համար անտրամաբանական է, երբ բացատրություններ չեն տրվում: Ըստ նրա՝ անբացատրելի է նաև այն հանգամանքը, երբ ամեն պաշտոնանկությանը նախորդում է համակարգի հանդեպ բարձր գնահատականը: «Որո՞նք են այն չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվի ղեկավար կազմը՝ գնահատելու այդ ծառայություների աշխատանքը: Ակնհայտ է, որ Փաշինյանը փորձում է նշանակումներ կատարել անձնական նվիրվածության սկզբունքի համաձայն»,-նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/8jlAwD6Lseo