Առաջիկայում ավելի լայն համախմբման ականատես կլինեք
17 Հունիս 2020 Բոլոր այն անձինք, որոնք ներկայացնում են որոշակի սպառնալիք այսօրվա իշխանության փոքր ցանկություններն իրականացնելու համար, նրանք բոլորը թիրախում են: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:«Իրենք սկսել են քաղաքական ուժերից, այդ արշավը շարունակվելու է, հակաքաղաքական կեցվածքներով, վիրավորանքներով, պիտակավորումներով, հասարակությանը թշնամացնելով, քաղաքական ուժերի եւ հասարակության միջեւ սեպ խրելով եւ բնականաբար, քաղաքացիական հասարակության ներկայացուիչների, լրագրողների, բոլորի նկատմամբ իրականացվելու են բռնաճնշումներ»,-ասաց նա:
Անդրադառնալով ՀՅԴ-ի, «Հայրենիք» եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունների համախմբմանը, ՀՅԴ-ական գործիչն ասաց. «Մեր նպատակն է ձեւավորել այն համընդհանուր միջավայրը եւ համագործակցությունը, որ անհրաժեշտ դիմադրողականություն ցույց կտա իշխանության հակապետական, հակաքաղաքական, հակասահմանադրական վարքագծին»:

Հարցին, թե կա՞ հակակշիռ իշխանությանը, նա արձագանքեց. «Դրա համար եմ ասում, որ այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն: Առաջիկայում ավելի լայն համախմբման ականատես կլինեք: Երբ այդ համախմբումը կլինի եւ դրա շրջանակում կներկայացվեն գործողությունների ծրագիրը, այնտեղ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Հստակ կնկարագրվի, թե որն է ելքն այս իրավիճակից»:
Իշխանությունը ներդնում է քաղաքական ընդդիմախոսությանը բռնաճնշումների մեթոդով պատասխանելու մշակույթը․ նշեց Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վերջին օրերին բողոքի ակցիաները թույլ չտլու ոստիկանության գործողություններին:
«Ակնհայտ է, որ երեկվա նաեւ կիրակի օրվա գործողություններում հիմնական մեղավոր կողմը իշխանությունն է: Կիրառված ոչ իրավաչափ եւ ոչ համաչափ ֆիզիկական ուժը ոստիկանական զորքերի կողմից դատապարտելի է, առավել եւս դա կատարվում է իրենց աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ: Օրենքի կոպտագույն խախտում է, երբ հավաքի ժամանակ անձին հենց այնպես տանում են: Ասում են՝ ցրվեք, բայց որեւէ իրավական հիմք չկա ցրվելու»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ արտակարգ դրության կանոններն արգելում են հավաքներ կազմակերպել, Արծվիկ Մինասյանն ասաց. «Արտակարգ դրությունը չի բացառում այդ իրավունքի իրացումը: Արտակարգ դրության հիմք եղել է այդ երեք կանոնների պահպանումը: Ոն որ հիմա գան, ասեն՝ ցրվեք, որովհետեւ այստեղ 7 հոգի մարդ կա հավաքված: Սա անտրամաբանական վարքագիծ է: Այդ վարքագիծը չարաշահվում է իշխանության այն ներկայացուցիչների կողմից, որոնք փորձում են իրենց նեղ, փոքր, մանկական երազանքներն իրականացնել մարդկանց նկատմամբ ճնշումների միջոցով:
Անհասկանալի է, որ օլիմպիական չեմպիոնին ձեւական բանի համար պառկեցնում ես ասֆալտին: Սա տիրակալի ձգտման դրսեւորում է: Եթե հանրությունը չմիավորվի բացառելու այս գործողությունները, շատ շուտով կունենանք մի իրավիճակ, որ տանն անգամ ընտանիքի անդամի հետ խոսելը կդատապարտվի ամենախիստ ձեւով»,-ասաց ՀՅԴ-ական գործիչը:
Մանրամասները՝ տեսանյութում