Հասարակությունը գործիք է դարձել իշխանության ձեռքին
19 Հունիս 2020 Այս ամենը Հայստանում ստեղծված բարոյահոգեբանական անտանելի մթնոլորտի, երկրում ինստիտուցիոնալ հիմքերի գիտակցված և ուղղորդվող արժեզրկման, նսեմացման, ի վերջո՝ պետականության հիմքերի խարխլման հետևանք է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով դատավորորների՝ իրենց կայացրած որոշումների համար իշխանության ներկայացուցիչների կողմից թիրախավորվելուն։Նշենք, որ երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումից հետո թիրախավորվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Նիկողոսյանը:
«Երկրի նոր իշխանությունները պետական ինստիտուտներն ամրացնելու, դրական ժառանգությունն ու ձեռքբերումները զարգացնելու, շարունակելու փոխարեն, որդեգրեցին հեղափոխական քանդման ճանապարհը: Սրա վկայություններն են երկրում այլակարծության մերժումը, նաև դատական իշխանության դեմ իրականացվող ճնշումները: Ամբողջովին կառավարելի՝ իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերից հետո քաղաքական մեծամասնությունն անցավ դատական իշխանությունը յուրացնելուն»,- ասաց նա:

Ըստ Գալստյանի՝ դատարանները արգելափակելու Նիկոլ Փաշինյանի հակասահմանադրական կոչից հետո, կարծես, էլ զարմանալու բան չմնաց․ «Վնգստացող դատավորներ արտահայտությունն էլ չասեմ: Պատահական չէ, որ ԵԺԿ-ի նախագահ Դոնալդ Տուսկն օրերս իր մտահոգությունը հայտնեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի կապակցությամբ: Այս ամենի պատասխանատուն իշխանություններն են, նրանք են հանրային արժեքների գեներատորները»,- նշեց նա:
Գալստյանն ընդգծեց՝ լավ է, որ կամակատարների կողքին իրենց մասնագիտական բարձրության վրա գտնվող, արդարադատությանը ծառայող, անաչառ, անկաշառ, իրենց պրոֆեսիոնալ գործունեությունն իրականացնող դատավորներ ունենք: «Սա շատ հուսադրող է, ամեն ինչ չի վերջացել, բարեփոխվելու իրական, դրական էներգիա ունենք»,- շեշտեց բանախոսը:
Անդրադառնալով Հանրային խորհրդի նախագահի հայտարարությանը, որ եթե վեթթինգ իրականացվեր, Արմեն Նիկողոսյանի նման որոշում չէր կայացնի, Գալստյանն ասաց. «Ցավալի է, որ հանրային խորհրդի նախագահը ոչ միայն չի գիտակցում իր դիրքի պատասխանատվությունը, այլև արժեզրկում է ինստիտուտը»:
Հարցին՝ ի՞նչ լուծում է տեսնում, արդյո՞ք դատավորների պաշտպանվածության խնդիր կա, բացի այդ հակասություն չկա՞, որ իշխանությունը խոսում է դատական բարեփոխումներից, բայց իր քայլերում կարծես ճնշման փորձեր է անում դատավորների նկատմամբ, նա պատասխանեց.
«Հասարակությունը գործիք է դարձել իշխանության ձեռքին: Բայց չի հաջողվի երկար թաքնվել «ժող ջանի» թիկունքում ու նրա անունից հակապետական քայլերի դիմել: Հասարակությունը իր չիրացված սպասումների արդյունքում գնալով հիսաթափվում է: «Ժող ջանի» անունից խոսելու և հեղաձոխությունը շահարկելու պոպուլիստական ռեսուրսները սպառվում են, իսկ արդյունքներ չկան: Փոխարենը՝ ատելության, անհանդուրժողականության, մերժումի մթնոլորտ և ոչ մի ստեղծարար օրակարգ»:
Լիլիթ Գալստյանը հավելեց, որ քաղաքական ընդդիմադիր դաշտի խնդիրն է՝ առանց ցնցումների, համազգային ներուժի համախմբման ճանապարհով երկիրը դուրս բերել այս փակուղային վիճակից: