Գյուղմթերքի արտադրության ծավալները կրճատվել են. սա շատ մտահոգիչ է
19 Հուլիս 2020 Մակրոտնտեսական գրեթե բոլոր ցուցանիշները էապես բացասական միտում են դրսևորել, մասնավորապես տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրում, ապրիլ ամսին գրեթե երկնիշ անկում ենք ունեցել, հունվար-մայիս ամիսներին ևս արձանագրվել է որոշակի անկում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:Նա նշեց, որ մեր երկրից էապես կրճատվել է արտահանումը և դա արդեն լուրջ մտահոգություն է. նախորդ տարվա համեմատ այս տարի ապրիլ ամսին արտահանումը գրեթե մեկ երրորդով կրճատվել է: Բացի այդ, տնտեսագետը նկատեց, որ համավարակով պայմանավորված կրճատվել են պետական բյուջեի հարկային եկամուտները և դա ևս շոշափելի թիվ է՝ շուրջ 30 մլրդ դրամի շրջանակներում:

Ավետիսյանի խոսքով՝ կրճատվել է նաև ներքին պահանջարկը, առևտուրը։ Ըստ նրա՝ այս բոլոր ցուցանիշներն ուղիղ ազդեցություն ունեն ներդրումների վրա, որովհետև այս ցուցանիշների հավաքական կրճատումները չեն կարող չազդել ներդրումային գործընթացների վրա:
«Այստեղ կա պատճառահետևանքային կապ և փոխազդեցություն: Ներդրումների կրճատումն էլ արդեն հակառակ հետադարձ ազդեցություն ու հետևանք է թողնում այդ ցուցանիշների վրա: Այսինքն՝ այստեղ ակնհայտ փոխառնչություն կա: Ցավոք, օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը 2019-ին ևս կրճատվել էր նախորդ տարվա համեմատ: Այստեղ ևս կան բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ. օտարերկրյա ներդրումների կրճատման հիմնական պաճառներից շարունակում է մնալ քաղաքական անկայունությունը և ընդհանուր երկրում ձևավորված որոշակի ոչ ստաբիլ վիճակը: Սրան ավելացել են օբյեկտիվ մարտահարավերները, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի համավարակով»,- ասաց նա:
Հարցին՝ իր կողմից բարձրացված խնդիրներին պատշաճ ուշադրություն դարձվո՞ւմ է, տնտեսագետը պատասխանեց, որ առնվազն սխալ կլինի ասել, որ ընդհանարապես այդ խնդիրներն անտեսված են․ «Դրանք ամեն օր ուղղակի թակում են մեր տնտեսության դուռը, և՛ մակրոմակարդակում, և՛ միկրոմակարդակում, ուստի անհնար է ուղղակի դրանք անուշադրության մատնել: Դրա մասին են վկայում առնվազն այն 23 պետական աջակցության ծրագրերը, որոնք այս կամ այն չափով վերաբերում են իմ կողմից նշված խնդիրներին և մարտահրավերներին»։
Ընդհանուր գնահատականների համար, ըստ տնտեսագետի, որոշակի ժամանակահատված է հարկավոր և այդ գնահատականները հնարավոր կլինի տալ միայն համավարակի ավարտից հետո, մյուս կողմից էլ սա չի նշանակում, որ ձեռքներս ծալած պետք է նստենք մինչև համավարակը հաղթահարվի և նոր անցնենք գնահատումների:
«Ընթացիկ գնահատումները շատ կարևոր են, սա է իրապես անտեսված հիմա, որովհետև առանց ընթացիկ գնահատականների անհնար կլինի օպերատիվ ճգնաժամային կառավարումը: Ի վերջո այդ ծրագրերը, որոնց թիվն օր օրի ավելանում է, չի նշանակում, որ մենք ունենում ենք դրան համարժեք սոցիալական և տնտեսական դրական ազդեցություններ»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ էր, որ լայն քննարկումների արդյունքում իրականացվեին դրանք, հատկապես բիզնեսը ներկայացնող աշխատողների, հասարակական մասնագիտական կառույցների, նաև առանձին անհատ փորձագետների հետ լայն քննարկման արդյունքում, ինչը չեղավ: «Նաև պետք էր քննարկումներ արել սննդի, հանգստի ապահովման, մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ, ինչը ևս չեղավ և ասեմ, որ այդ մարդկանց բողոքն իր ողջ էությամբ լրիվ արդարացված է և տեղին, որովհետև այսօրվա կարգավորումներով, սահմանափակումներով անտեսվում են այդ ոլորտների շահերը, հետագա հեռանկարը, իսկ այդ ոլորտները էական մասնաբաժին ունեն այսօրվա Հայաստանի տնտեսության կառուցվածքում, ունեն նաև մեծ ներուժ մեր երկրի կայուն զարգացման տեսանկյունից»,- ասաց նա և հավելեց, որ սա արդեն բավարար է պնդելու, որ ընթացիկ գնահատումները չկան և կարելի է հետևություն անել, որ մանիպուլյացիան ու պոպուլիզմը շարունակում են լինել այս ողջ գործընթացների դերակատարները, ինչն արդեն բնավորություն է իշխող քաղաքական ուժի համար:
Անդրադառնալով թանկացումներին՝ տնտեսագետը նշեց, որ ընդհանուր առմամբ քանի որ պահանջարկը, առևտրաշրջանառությունը կրճատվել է, մեծ ռիսկեր չկան թանկացումների, մանավանդ, որ այս փուլում գյուղատնտեսական մթերքների լայն կիրառություն ունենք, թանկացումների մեծ ալիք չկա:
«Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակները, այդ թվում՝ գյուղմթերքը էական թանկացել է նախորդ տարվա համեմատ: Ենթադրվում էր, որ գյուղմթերքը նախորդ տարվա համեմատ պետք է էժանանար, որովհետև այդ մթերքների արտահանումը բավականին բարդացել է COVID-19-ով պայմանավորված` սահմանների խոչընդոտներ, սանիտարահիգիենիկ նոր պայմաններ ներմուծող երկրներում և ենթադրվում էր, որ այդ ծավալը ներքին շուկայում սպառելու դեպքում ոչ թե գնաճ, այլ գնանկում պետք է լիներ, բայց մենք ճիշտ հակառակն ենք արձանագրում:
Սա առանձին վերլուծության առարկա պետք է դառնա պատկան մարմինների կողմից, որովհետև նշանակում է, որ ունենք գյուղմթերքի ծավալների էական կրճատում: Եթե արտահանումը նվազում է, գներն էլ շուկայում ավելանում են, սա կարող է բացատրվել միմիայն նրանով, որ գյուղմթերքի արտադրության ծավալներն են կրճատվել, ինչը ինքնին շատ մտահոգիչ է»,- ասաց Ավետիսյանը։