Հանգիստ՝ Հայ Դատի անխոնջ զինուոր` ընկ. Մանաս Պուճիքեանի
21 Սեպտեմբեր 2020 Սրտի խոր կսկիծով կը միանամ Ամերիկահայ Համայնքի և Դաշնակցութեան գաղափարական ընտանիքի մեծ սուգին։ Կեանքէն հեռացած է Քեսապի հայկական արծուեբոյնի հպարտ զաւակ՝ Ընկ. Մանաս Պուճիքեանը մեծ բաց մը թողնելով մեր հասարակական գործի ասպարէզներէն ներս։ Հայ Դատի հետապնդման գործին անխոնջ նուիրեալն էր ան իր հաւատքով, յստակատեսութեամբ և յանձնառութեան ուժով։
Կը յիշեմ. Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի հիմնադիր կազմին մէջ էր ան իր աշխոյժ ներկայութեամբ և միաժամանակ՝ բազմաթիւ ուրիշ վճրորոշ առաքելութիւններու վրայ Երկրի և Արտերկրի մէջ։ Միշտ կորովի, միշտ պատրաստակամ, միշտ խիզախ և միշտ բարեխիղճ և անաչառ։ Պարզին վսեմութիւնն էր ան — լաւասեսութեան անյատակ շտեմարա՛ն մը — և այդպէս ալ ապրեցաւ իր ամբողջ կեանքը։ Եւ անշուշտ ինք մինակ չէր։ Մեծ եղած է թիւը — և է — մեր քաղաքական և յեղափոխական գործի ուխտեալներուն։ Ընկ Մանաս կը պատկանէր Դաշնակցութեան այդ մատեան գունդին։
Ինք միշտ մեզի հետ պիտի ըլլայ մեր ազգային պայքարի առաջին գիծերուն վրայ և մեր երթը — շնորհիւ իր նման զինուորներուն — երբեք կանգ պիտի չառնէ։ Իմ խոր վշտակցութիւնը իր հրաշալի ընտանիքին և բոլոր մեր ընկերներուն։ Հողը թեթև գայ վրադ, անբասիր ընկե՛ր։
Կարօ Արմենեան
Սեպտեմբեր 20, 2020