Բուենոս Այրեսում արգենտինահայերը բողոքի երթ են կազմակերպել դեպի Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատներ
11 Հոկտեմբեր 2020 Արգենտինայի հայ համայնքը հոկտեմբերի 10-ին երթ է իրականացրել է դեպի Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներ:Ինչպես տեղեկացնում է Diario Armenia պարբերականը, երթը կազմակերպվել է Արգենտինայում հայկական ինստիտուտների (IARA) ջանքերով:
Բողոքի բազմամարդ երթերը, որոնց ժամանակ ցուցադրվել է «Արցախը Հայաստան է», «Խաղաղություն ենք ցանկանում», «Թուրքերը մարդասպաններ են» և այլ գրություններով պաստառներ, գրավել են տեղական մի շարք լրատվամիջոցների ուշադրությունը:

Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայ երիտասարդները համատեղ հայտարարություն են ընթերցել, որում ասվում է. «14 օր շարունակ մեր քույրերն ու եղբայրները, մեկ բռունցք դարձած, դիմագրավում են հակառակորդի դաժան հարձակումներին և միայնակ հակահարված են տալիս զավթիչին, որը ցանականում է գրավել այն, ինչ մերն է»:
Այնտեղից հայ համայնքը երթով շարժվել է դեպի թուրքական դեսպանատուն, որտեղ բարձրաձայնել է, որ «հենց Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել հայերի, ասորիների և պոնտացի հույների դեմ 105 տարի առաջ»: «Որտե՞ղ է և ի՞նչ է անում միջազգային հանրությունը՝ կանգնեցնելու համար այս նոր արյունարբու ինքնահռչակ սուլթանին»,- նշել են երթի մասնակիցերը: