Բողոքի ակցիա՝ Վաշինգտոնում. Ամերիկահայերը Կոնգրեսից պահանջել են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ
16 Հոկտեմբեր 2020 Կազմակերպությամբ ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցության Վաշինգտոնի «Անի» մասնաճյուղի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հազարավոր հայերի և հայ ժողովրդին սատարող օտարազգիների մասնակցությամբ՝ հոկտեմբերի 15-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել Վաշինգտոնում՝ Կոնգրեսի շենքի դիմաց: Մասնակիցները դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ԱՄՆ-ի իշխանություններից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, դադարել որևէ ռազմական կամ այլ օգնություն տրամադրել վերոնշյալ երկրներին և ճանաչել Արցախը:
Նրանք ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, իսկ պաստառների վրա գրել են. «Մենք արդարություն ենք պահանջում», «Կանգնեցրե՛ք Ադրբեջանին», «Ճանաչել Արցախը», «Վե՛րջ տվեք պատերազմին», «Հաղթելու ենք»:
Բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամո՛թ Թուրքիային, ամո՛թ Ադրբեջանին», «Էրդողանն ու Ալիևն ահաբեկիչներ են», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ»: