Ամերիկահայերը բողոքի ցույց են իրականացրել Lockheed Martin ռազմարդյունաբերական գործարանի մոտ՝ ընդդեմ թուրքական անօդաչուների համար մասերի վաճառքի
22 Հոկտեմբեր 2020 Ամերիկահայերը բողոքի ցույց են իրականացրել Տեխաս նահանգի Դալաս քաղաքում գտնվող Lockheed Martin ռազմարդյունաբերական գործարանի մոտ:Ինչպես տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան հաղորդագրությունից, ցույցի մասնակիցներն իրենց ձայնն են բարձրացրել՝ ընդդեմ թուրքական անօդաչու թռչող սարքերի համար ամերիկյան բաղադրամասեր ու տեխնոլոգիաներ արտադրելու: Խոսքը թուրքական անօդաչուների մասին է, որոնք Ադրբեջանն օգտագործում է Արցախում հայ բնակչության դեմ հարձակումներ իրականացնելու համար:

Ցույցի մասնակիցները բազմաթիվ պաստառներ էին պատրաստել, որոնց գրություններով կոչ են անում դադարեցնել ռազմական նշանակության սարքավորումների վաճառքը Թուրքիային: Գրություններում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը խաղաղություն է ուզում», «պատժամիջոցներ սահմանեք Թուրքիայի և Ադրբեջանի դեմ», «Մենք խաղաղություն ենք ուզում, նրանք՝ պատերազմ», «վերջ տվեք բաղադրամասեր ուղարկել թուրքական անօդաչուների համար»:
Նշենք, որ նախօրեին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դիմում է ներկայացրել Պետքարտուղարությանը՝ պահանջելով կասեցնել թուրքական Bayraktar TB2 անօդաչուների համար նախատեսված ամերիկյան բաղադրամասերի վաճառքը: