Հայերի բողոքի ակցիան Ստրասբուրգում՝ ՄԻԵԴ-ի առջեւ
23 Հոկտեմբեր 2020
Այսօր, հոկտեմբորի 23-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց: Նրանք միջազգային հանրությունից պահանջել են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային:
Ցույցին մասնակցելու համար հայերը Ստրասբուրգ են ժամանել ինչպես Ֆրանսիայի տարբեր քաղաքներից, այնպես էլ եվրոպական տարբեր երկրներից՝ Բելգիայից, Լեհաստանից, Նիդերլանդներից…
Ակցիան սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ ընկած հերոսների, որին հաջորդել են ծափահարություններ այս պահին առաջնագծում կանգնած տղաների պատվին:
Մասնակիցների ձեռքում պաստառներ էին՝ տարբեր գրառումներով. «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Կանգնեցրեք մարդասպան Էրդողանին», «Ձեր լռությունը հանցանք է», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Արթնացեք. ձեր լռությունը սպանում է իմ ժողովրդին», «Զոհվել չկա, տղերք» և այլն:
Նրանք նաեւ վանկարկում էին «Հա-յաս-տան», «Ար-ցախ», «Էրդողանն ու Ալիևը ահաբեկիչներ են», «Ֆրանսիան հայերի բարեկամն է», «Հայ զինվոր»…
Անգամ հորդառատ անձրևը չէր խանգարում, որպեսզի նրանք շարունակեն իրենց բողոքի ակցիան և իրենց ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը:
Ակցիայի ընթացքում մասնակիցներից մեկը կոչ է արել. չգնալ թուրքական խանութներ, չգնել թուրքական ապրանք, այլ խանութների էլ հորդորեց՝ հանել այդ երկրի արտադրանքն ու այլևս չվաճառել: