Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԱՄՆ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ
25 Հոկտեմբեր 2020 Հոկտեմբերի 23-ին և 24-ին Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարին, համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանին, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանին և Արեւելեան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անի Չաղլասյանին։
Նախարարն իր զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը և կրակի դադարեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Ամերիկայի հայկական համագումարի և Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են Ամերիկայի համայնքի մտահոգություններն Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, իրազեկել են իրենց կողմից ձեռնարկվող քայլերի ու հետագա ծրագրերի վերաբերյալ:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն