Պետբյուջեում պետք է զոհված և հաշմանդամ զինծառայողների համար գումար նախատեսել, ոչ թե ավելացնել հիմնադրամներ ուղղվող գումարները
06 Նոյեմբեր 2020 Կարծում եմ, որ Կառավարությունը ոչ թե առանձին ուղղություններով հիմնադրամներ պետք է բացի կամ ավելացնի դրանց ուղղվող գումարները, այլ իր պետական բյուջեում նախատեսի համապատասխան տող և այդ գումարը հատկացնի այդ տողով, ինչպես թոշակառուների, նպաստների դեպքում է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ամսական վճարների բարձրացման առաջարկին:
«Ինչպես, օրինակ, թոշակառուների, նպաստների դեպքում կա հստակ տող, որ ամեն տարի այսքան գումար է հատկացվում այս ուղղությամբ: Կարծում եմ՝ Կառավարությունը այս հարցի լուծումը ևս նման ձևով պետք է տա, առանձին մարմիններ, հիմնադրամներ ստեղծելու կարիք չկա: Եվ կառավարությունը պետք է պրոգրեսիվ հարկային քաղաքականության անցնի՝ շատից շատ, քչից քիչ սկզբունքով: Եվ այս բոլոր հարցերը կլուծվեն»,- ասաց նա:
Տնտեսագետի խոսքով՝ եկամտահարկի պրոգրեսիվ հարկման մոդելից համահարթին անցնելուց հետո այս տարի Կառավարությունը բարձր աշխատավարձ ստացողներին և խոշոր հարկատուներին զիջել է 30-40 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ եկամտահարկի պրոգրեսիվ մոդելով մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարում էին 23 տոկոս եկամտահարկ, 150 հազարից 2 մլն դրամ ստացողները՝ 28 տոկոս, 2 մլն գերազանցող աշխատավարձ ունեցողները՝ 36 տոկոս: Ներկա համահարթ մոդելով բոլորը վճարում են 23 տոկոս եկամտահարկ:
«Բնականաբար, այս գումարը բավականին մեծ է (համահարթեցումից հետո զիջված գումարը – Tert.am): Համեմատության համար նշեմ, որ 2017 թ. առ այսօր հիմնադրամում (Զինծառայողների ապահովագրության – Tert.am) հավաքվել է մոտ 30 մլրդ դրամ: Այսինքն՝ մենք այս տարի 30-40 մլրդ դրամ ուղղակի զիջել ենք հարուստներին և բարձր աշխատավարձ ստացողներին: Սոցիալական արդարության տեսակետից խնդիր ունենք այստեղ: Պետք է ավելի արդար համակարգ մշակենք»,- ասաց Սուրեն Պարսյանը:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը, այսպես կոչված, «1000 դրամների» մասին օրենքում փոփոխությունների առաջարկ է ներկայացրել, որով նախատեսվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից բարձրացնել ամսական 3000 դրամի։ Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ։ Առաջարկվող փոփոխությամբ ֆիզիկական անձանց կողմից վճարվող 1000 դրամը կդառնա 3000 դրամ, իսկ նոտարների և ԱՁ-ների կողմից տարեկան վճարվող 12 հազար դրամը՝ 36 հազար դրամ։ Օրենքի փոփոխության ընդունման դեպքում նոր սահմանաչափերն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ըստ Պաշտպանության նախարարության, պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակման հանգամանքով, որի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն աճել է։
Պետական բյուջեով զոհված կամ հաշմանդամություն ձեռքբերած զինծառայողների համար նախատեսված գումարը շահառուների աճի դեպքում, ըստ Սուրեն Պարսյանի՝ հնարավոր է փոխհատուցել Կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
«Իսկ եթե անհրաժեշտություն լինի կտրուկ գումարն ավելացնելու, ապա Կառավարությունը կարող է նպատակային պարտատոմսեր թողարկել, տեղաբաշխել դրանք, գումարներն օգտագործել տվյալ պետական ծախսերի ուղղությամբ»,- նշեց նա: