Պարտվել են իշխանությունները, զինվորը չի պարտվել
13 Նոյեմբեր 2020
Պատերազմի դժնդակ 44 օրերի ընթացքում օր օրի, երբ մեր վիճակն ավելի դժվարանում էր, ես որոշել էի վերադարձից հետո երբեք չխոսել, բայց հիմա հարկադրված եմ, որովհետև ես չէի պատկերցնում, որ Ազատության հրապարակում Ղարաբաղի կորստից հետո այսքան քիչ մարդ պետք է լինի, ափսոսում եմ մեր ազգի համար, ափսոսում եմ մեր տղերքի թափած արյան համար, որ մարդիկ իրենց տանը նստած, սպասում են՝ քանի դեռ կրակն իրենց տանը չի հասել, այսպես, որ գնա հասնելու է, զարթնեք հայ ժողովուրդ: Այս մասին կապիտուլյացիոն համաձայնագրի դեմ հանրահավաքին հայտարարեց բժիշկ Տարոն Տոնոյանը, ով առաջին օրվանից Արցախում վիրավոր զինծառայողներին է օգնություն ցուցաբերել:
Նա ընդգծեց, որ մենք պատերազմը տանուլ ենք տվել 94 թվականի զինադադարը հաստատելու հաջորդ օրվանից, որովհետև զինադադարի հաջորդ օրվանից չենք պատրաստվել հաջորդ պատերամզին այն լրջությամբ, որ պետք է անեինք: «Մենք փողով ընտրություններ ենք արել պետք է խոստովանենք, մենք ընտրատարածքներից արկղեր ենք գողացել պետք է խոստովանենք, մենք դասեր պետք է քաղենք: Եկավ ժամանակը, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց մերժելու այդ հոռի երևույթները, 70 տոկոս քվե տվեց այս ապաշնորհ իշխանությանը, 80 տոկոս Երևանում ձայն տվեց, բայց նրանք սկսեցին վհուկների որսը, սկսեցին ազգը կիսել սևերի և սպիտակների, և այսօրվա մեր պարտության սև ծաղկեպսակն իրենք դրեցին»,- հայտարարեց նա:
Տարոն Տոնոյանը շեշտեց՝ պարտվել են իշխանությունները, ժողովուրդը չի պարտվել, մեր զինվորը չի պարտվել. «Ով կասի, որ զինվորը փախել է, նա այդ զինվորին չի տեսել, նա չի տեսել արյունաքամ զինվորին, ով հասնում էր հոսպիտալ, ասում էր՝ 4 ընկերս մնաց, իրենցից լուր չունեմ, ասում էր՝ 4-ից 3-ը մինուճար են, բայց կռվել են: Ամոթ նրան, ով կասի մեր զինվորը, մեր գեներալը չի կռվել: Տեսեք թե քանի գեներալ ունենք, որոնք գնդակից վիրավորում են ստացել, մեր բանակը կռվող բանակ է, առաջին 7 օրվա ընթացքում պատերազմի մենք տվել ենք սարսափելի մեծ կորուստներ, բայց նահանջել ենք ընդամենը մի քանի սմ»,- նշեց նա:
Նա հավելեց, որ սա իշխանության կռիվ չէ, սա պոռթկում է հայրենիքի կորստի:
https://youtu.be/uo1H3fZ4aJM