Իշխանությունները խոստացել էին իջեցնել գազի գինը, բայց հիմա խոսվում է գնի պահպանման մասին
17 Դեկտեմբեր 2018 Առհասարակ, ողջունելի է պետական կառավարման համակարգի արդյունավետության աճին ուղղված ցանկացած գործողություն. Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, «Բլից ինֆո» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի աջակցությամբ ստեղծված Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:Անդրադառնալով պետական կառավարման արդյունավետությանը` նա նշեց, որ ինչպես Կարեն Կարապետյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կառավարման արդյունավետության աճը հասկանում է ծախսերի կրճատմամբ: «Այսինքն` որքան հնարավոր է ծախսերը կրճատելով` ցույց տալ, որ արդյունավետ են գործում: Այս դեպքում ազգաբնակչության և պետության համար շատ կարևոր է արդյունքը: Ի՞նչ արդյունք են ապահովել այս և նախորդ կառավարությունները: Ենթադրենք` Կարապետյանի կառավարությունը 12 մլրդ դրամով է կրճատել ծախսերը, Նիկոլ Փաշինյանինը` 10 մլրդ դրամով: Դա նշանակում է, որ Կարապետյանի կառավարությունն ավելի արդյունավե՞տ էր գործում, իհարկե` ոչ: Պետք է նայել ստեղծած արդյունքին. այլ կերպ ասած` մեկ միավոր ծախս որ կատարում են, որքան արդյունք է ստանում պետությունը»,- ասաց Պարսյանը և հավելեց, որ, սրանով պայմանավորված, մենք պետք է փոխենք որքան հնարավոր է քիչ ծախս կատարելու` մեր մտածելակերպը:
Ըստ նրա` մեզ համար կարևոր թիրախը պետք է լինի եկամուտ կամ արդյունք ստանալը, ստեղծելը:
Ինչ վերաբերում է բոլոր ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երը փակելուն, տնտեսագետը նշեց, որ մեկ որոշմամբ դրանք փակելը, առանց գնահատելու առանձին ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի արդյունավետությունը, ճիշտ չէ: «Պետք է տարբերակված մոտեցում ունենանք` ելնելով տվյալ ՊՈԱԿ-ի, ԾԻԳ-ի գործունեությունից և նրանից, թե ինչ նպատակ են դրանք հետապնդում: Նշեմ, որ մի շարք ԾԻԳ-եր ստեղծվել են միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի արդյունքում, ինչը ևս չի կարող անտեսվել»,- նշեց Պարսյանը:
Նա հիշեցրեց, որ երբ կուտակային համակարգի ներդրման մասին էր խոսք գնում, նշում էին, թե միջազգային կազմակերպությունները պարտադրում են պարտադիր կուտակային համակարգը պահել, հակառակ դեպքում` լուրջ խնդիրներ չունենանք, բայց այս պարագայում, չգիտես` ինչու, միջազգային կազմակերպությունների բարձր հեղինակությունը և նրանց խոսքը երկրորդական պլան են մղվում:
Պարսյանի խոսքով` առ այսօր չկա տեղեկատվություն, թե որքան կրճատվող աշխատատեղերի մասին է խոսքը: «Գուցե նաև հասկանալի պատճառներով չեն ցանկանում, որ որոշակի դժգոհություն չառաջանա: Այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի, և պետական աշխատողը պետք է իմանա իր իրավունքներն ու պարտականություններն այս մասով: Նրան պետք է համապատասխան ժամկետներում ծանուցել իր լիազորությունների և իրավունքների մասին, հակառակ դեպքում` մենք կոտնահարենք պետական աշխատողների իրավունքները»,- ընդգծեց տնտեսագետը:
Նրա խոսքով` վերջերս շրջանառվող միֆ կա: «Նշվում է, թե պետական համակարգում վերջին ամիսների ընթացքում աշխատավարձերը բարձրանում են: Պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջին ամիսներին պետական համակարգում աշխատավարձերը նվազում են: Վերջին ամիսների ընթացքում միջին անվանական աշխատավարձի աճի տեմպը նվազել է՝ կազմելով 1,6 տոկոս: Պետական համակարգի աշխատողների միջին անվանական աշխատավարձը, հոկտեմբերը` սեպտեմբերի համեմատ, կրճատվել է մոտ 1000 դրամով: Միաժամանակ նշեմ, որ գնաճն այս տարվա 10 ամիսների կտրվածքով կազմում է 2.7%: Այսինքն` մի կողմից ունենք գնաճ, մյուս կողմից` պետական համակարգի աշխատողերի աշխատավարձի նվազում: Հետաևաբար, նրանց սոցիալական վիճակն ավելի է վատացել»,- շեշտեց տնտեսագետը:
Ըստ Պարսյանի` կարևոր խնդիր է այն, որ օպտիմալացման ծրագրերի մեջ գոյություն չունի սոցիալական բաժին, որը համաշխարհային պրակտիկայում ընդունված երևույթ է: «Սոցիալական բաժնի առկայությամբ օպտիմալացման դեպքում նշվում են աշխատողներին այլ աշխատանքով ապահովման հնարավորությունները կամ այդ աշխատողների վերապատրաստման ծրագրերը, կամ, օրինակ, պետական հատուկ աջակցությունը` միանվագ որևիցե գումար, որ այդ ընտանիքը, նախքան այլ աշխատանք գտնելը, ստանա, ինչ-որ շրջան գոյատևի: Այդ բաժինը մեր օպտիմալացման ծրագերի մեջ բացակայում է, ինչը սոցիալական խնդիրներն ավելի կսրի: Հայաստանը` որպես սոցիալական պետություն, պետք է այս երևույթը կարևորի: Ծրագիրը չի կարող չունենալ սոցիալական երաշխիքների բաժին»,- ասաց նա:
Տնտեսագետը հավելեց, որ կառավարության ներկայացուցիչների կողմից խոսվում է մինչև 100 հազար աշխատատեղերի կրճատման մասին պետական սեկտորում, այն դեպքում, երբ նույնիսկ մի քանի տասնյակ աշխատատեղ չի ստեղծվել այս պահի դրությամբ:
Հատկանշական մի հանգամանք ևս` պետական համակարգի օպտիմալացումից են խոսում մարդիկ, որոնք գեթ մեկ օր չեն աշխատել որպես շարքային պետական աշխատող՝ չհասկանալով և չգնահատելով պետական ծառայության ողջ էությունը:
«Մենք ունենք կարևոր խնդիր` աշխատատեղերի ստեղծումը, և այս մասով ունենք հստակ ծրագրերի անհրաժեշտություն, որը կառավարությունը պետք է ներկայացնի որպես այլընտրանք օպտիմալացման ծրագրին»,- հայտարարեց տնտեսագետը:
Բացի այդ` Պարսյանը համարում է, որ պետական պաշտոնյաների կրճատումը պետք է սկսել նախարարությունների, նաև փոխնախարարների թվից: «Նրանց թիվն առ այսօր նույնն է, նախարարությունները 4-5 փոխնախարար ունեն: Մենք պետք է սկսենք նախարարություններից ու փոխնախարարներից»,- եզրափակեց տնտեսագետը:

Վերջին ամիսների ընթացքում նկատվում է առանձին ասիական երկներից, մասնավորապես` Հնդկաստանից, Ֆիլիպիններից, աշխատանքային միգրանտների թվի աճ Հայաստանում, ասաց Սուրեն Պարսյանը` անդրադառնալով հարցին, թե աշխատաշուկայում օտարազգի աշխատուժի ազդեցությունն ինչպես կանդրադառնա երկրի սոցիալ-տնտեսական նկարագրի վրա:
Նրա խոսքով` վերջին տարիներին գրանցվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն այցելությունների քանակի շեշտակի աճ: Ըստ արտաքին գործերի նախարարության տվյալների՝ 2016 թվականին Հնդկաստանի 3204 քաղաքացի է ստացել ՀՀ մուտքի արտոնագիր, 2017 թվականին՝ 10642, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 28659:
«Հայաստանի տնտեսության և աշխատաշուկայի համար սա բավականին զգալի թիվ է»,- ասաց Պարսյանը և հավելեց, որ դրան նպաստող մի քանի հանգամանք կա:
«Մեր միգրացիոն օրենսդրությունը բավականին «փափուկ» է. շատ հեշտ հնարավոր է մուտք գործել Հայաստան, նաև` աշխատանք գտնել: Նրանց նաև աջակցում են տեղում գործող բազմաթիվ գործակալություններ, որոնք տրամադրում են փաստաբանական, իրավաբանական ծառայություններ, որոնց արժեքը տատանվում է 30-150 հազար դրամի շրջանակում` կախված երկրից, այդ իմիգրանտի աշխատանք ունենալու հանգամանքից և այլ հարցերից: Այս դաշտը ևս կանոնակարգման ենթակա պետք է դառնա, եթե չենք ուզում ապագայում գործ ունենալ աշխատանքային թրաֆիքինգի երևույթների հետ: Ներկայումս այդ իմիգրանտները հիմնական աշխատում են շինարարության և սպասարկման ոլորտներում: Նրանց թիվը վերջին ամիսներին անընդհատ աճում է, ինչը լուրջ գնահատման և վերլուծության անհրաժեշտություն ունի: Չպետք է բարձիթողի վիճակում թողնել այդ գործընթացը: Այն պետք է հստակ կարգավորվի»,- ասաց նա:
Պարսյանի խոսքով` ներգաղթյալներն օդանավակայանում միանգամից ստանում են մուտքի թույլտվություն: «Արդեն աշխատանքի անցնելու համար հարկավոր է փաստաթղթեր հավաքել և դիմել ոստիկանություն` կեցության կագավիճակ ստանալու համար: Իսկ այդ կեցության կարգավիճակը տրվում է 10 տարով, որից հետո նրանք կարողանում են հանգիստ աշխատել Հայաստանում, և որևէ խնդիր ու սահմանափակում չկա»,- նշեց նա:
Ըստ տնտեսագետի` ասիական երկրներից ժամանող աշխատանքային իմիգրանտների մի մասի դեպքում Հայաստանը տարանցիկ երկիր է դեպի ԵՄ, ԱՄՆ և այլ վայրեր տեղափոխվելու համար:
Հարցին` ի՞նչ վտանգ կարող է լինել իմիգրանտների թվի աճից, Պարսյանը պատասխանեց, որ մեր աշխատանքի շուկան մեծ չէ: «Մոտ 500 հազար աշխատող ունենք, և 30 հազար այլազգիներ են գալիս` որպես աշխատող, որը կազմում է ամբողջ շուկայի 6 %-ը: Եթե այս տեմպը շարունակվի, մեր աշխատաշուկայի վրա զգալի սոցիալական և տնտեսական ազդեցություն կարող է ունենալ: Եթե ամիս ամսվա վրա իմիգրանտների 10-20 % աճ է ապահովվում, և այդ տենդենցը շարունակվի, ապա 3-4 տարի հետո մենք կունենանք 100 հազարին հասնող աշխատանքային իմիգրանտներ Հայաստանում»,- նշեց նա:
Բացի այդ, տնտեսագետի խոսքով, նրանք պատրաստ են աշխատել ավելի ցածր աշխատավարձով, ինչի արդյունքում աշխատաշուկայից դուրս է մնում ՀՀ քաղաքացին, որն այդ աշխատանքը պետք է բարձր գնով կատարեր: «Դա կխոչընդոտի նաև առանձին ոլորտներում աշխատավարձերի բարձրացմանը: Մենք խոսում ենք` Հայաստանում պետք է աշխատավարձերն աճեն, բայց եթե անընդհատ ունենք աշխատողներ, որոնք պատրաստ են ցածր աշխատավարձով աշխատել, աշխատավարձի աճ առանձին ոլորտներում տեղի չի ունենա: Եթե մեզ գոհացնում է այդ վիճակը ուրիշ բան, բայց, իմ կարծիքով, Հայաստանի մրցակցային առավելությունը չպետք է լինի ցածր աշխատավարձը: Բացի այդ` աշխատանքային իմիգրանտներն օրական աշխատում են 12-14 ժամ, ինչը անթույլատրել է 21-րդ դարի սոցիալական պետությունում»,- եզրափակեց նա:
Կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ դեկտեմբերին թարմացվի Ռուսաստանից Հայաստան ներմուծվող գազի պայմանագիրը,- ասաց Սուրեն Պարսյանը: Բանն այն է, որ այս տարվա դեկտեմբերի 31-ին ավարտվելու է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող գազի պայմանագրի այն դրույթը, որով ՌԴ-ն 1000 խմ բնական գազը Հայաստանին է վաճառում 150 ԱՄՆ դոլարով:
Պարսյանը տեղեկացրեց, որ ներկայումս բանակցություններ են տեղի ունենում այդ համաձայնագրի շուրջ, իսկ նախարարը կոնկրետ նշել է, որ քննարկվում են պայմանագրի պահպանման կամ վերանայման տարբերակները: «Նա նշել է, որ խնդիր չի տեսնում եթե պայմանագիր չկնքվի այս տարվա ընթացքում, և կնքված պայմանագիրը շարունակի գործել»,- ասաց տնտեսագետը և հիշեցրեց, որ նման երևույթ տեղի է ունեցավ 2011 թվականին:
«Այդ ժամանակ էլ գազի համաձայնագիրն ավարտվեց, և հունվարի 1-ից գործեց Ռուսաստանի կողմից թելադրվող գազի գինը: Երեք տարի մեր ազգաբնակչությանը չտեղեկացրեցին, որ մենք ավելի թանկ գնով ենք փաստացի ձեռք բերում բնական գազը, հետո 2013 թվականի դեկտեմբերի 3-ին պայմանագիր կնքեցինք, որով արձանագրվեց, որ 270 դոլարով ենք նախորդ երեք տարիների ընթացքում գազը ստացել, ինչի արդյունքում կուտակվեց 300 մլն դոլարի պարտքը: Այսինքն` համաձայնագրի չկնքման հետևանքով հնարավոր է ձևավորվի նաև պարտք: Սա մեր պրակտիկայից բխող եզրակացություն է, հետևաբար` ամեն ինչ պետք է անել, որ դեկտեմբերի ընթացքում կնքենք նոր պայմանագիր, հակառակ դեպքում` ռուսները կարող են իրենց նախատեսած գնով ներմուծում անել Հայաստան, 2-3 տարի հետո պայմանագիր կնքենք, որով պարզվի՝ նախորդ շրջանում 180 դոլարով ենք ներմուծել և պարտք կուտակել»,- ասաց նա:
Պարսյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ 300 մլն պատրքի դիմաց Ռուսաստանին ենք զիջել «Հայռուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20%-ը: «Այս անգամ ի՞նչ ենք վաճառելու: Սա լուրջ խնդիր է, և մեր էներգետիկ համակարգը պետք է գտնի լուծում, հակառակ դեպքում` կարող ենք պարտք կուտակել: Այն անհոգ վիճակը, թե ամեն ինչ նորմալ է, կշարունակենք պայմանագիրը, ճիշտ չէ: Մենք նոր պայմանագիրը պետք է կնքենք հիմա, որ հստակ իմանանք` հունվարի 1-ից որքան պետք է վճարենք գազի դիմաց»,- շեշտեց նա:
Նրա կարծիքով` եթե կարողանանք 150 դոլար սակագինը պահել, շատ կարևոր կլինի: «Բայց հաշվի առնելով, որ կառավարությունը խոսք է տվել գազի, էլեկտրաէներգիայի սակագները իջեցնել, նրանք պետք է ամեն ինչ անեն` իրենց բանակցությունների միջոցով այս 150 դոլարը նվազեցնեն, հակառակ դեպքում` մենք կունենանք գների աճ նաև էներգակիրների մասով»,- ասաց տնտեսագետը:
Ամփոփելով խոսքը` Պարսյանն ընդգծեց. «Հին խորհրդային մոտեցում կա` եթե ցանկացած հարց ուզում ես թաղել, ստեղծիր հանձնաժողով: Կառավարությունը և Ազգային ժողովը ստեղծեցին գազի հարցերով զբաղվող հանձնաժողովներ, որոնք, ըստ նրանց, պետք է ցույց տային գազի գնի իջեցման ուղիները: Հհիմա առավելապես խոսվում է բնական գազի սակագնի պահպանման մասին, ինչը ճիշտ մոտեցում չէ: Միգուցե նաև այս հանձնաժողովները կշարունակեն գործել և եզրակացության կգան, որ բավականին լավ աշխատանք ենք կատարել, և գինը կարողացել ենք «հերոսաբար» պահել»: