Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժեր առայժմ չկան
17 Հունվար 2019
Հայ Յեղափոխական Դաշնակցության 33-րդ Ընդհանուր ժողովը Արցախում գումարելը պատգամ է բոլորին, քանի որ ունենք ներքին ազգային միասնականության խնդիր:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: «Բնականաբար, ընթացքում պետք է քննարկվեն նաև այլ հարցեր: Ընդհանուր ժողովին մասնակցում են նաև հրավիրյալներ Սփյուռքից, քանի որ վերջինիս մասնակցությունը Արցախյան շարժմանը կարևորվել և եղել է անփոխարինելի այն իմաստով, որ արվել է հնարավորը Արցախին աջակցելու հարցում: Սփյուռքի գլխավոր դերակատարությունն այն է, որ Արցախի հարցը բարձրացվում է արտերկրներում: Սակայն կարծում եմ, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժեր տեսնելու հիմքեր առայժմ չկան, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր նույն բացասական խափանարար կեցվածքը: ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ Ադրբեջանը փորձում է ինչ-որ ձևով քարոզչական դիվանագիտական տեսանկյունից ներկայանալ, սակայն երբ լրջանա պահը և լինեն բանակցություններ, մենք կտեսնենք Ադրբեջանի բացասական դերակատարությունը, ինչն էլ հիմք է տալիս ասելու, որ, դժբախտաբար, 2019 թվականին դրական տեղաշարժեր չեն լինի»,- նշել է Կ. Մանոյանը: