Արամ Մանուկյան՝ ժողովրդական եւ պետական մարդը
29 Հունվար 2019 20-րդ դարասկզբի հայոց պատմությունը, ի թիվս մի շարք հայրենանվեր գործիչների, անխզելիորեն կապված է Արամ Մանուկյանի անվան հետ:20-ամյակը դեռ նոր բոլորած երիտասարդը ինքնակամ նվիրվել է Արևմտահայաստանի ազատագրության սուրբ գործին: Շատ կարճ ժամանակամիջոցում դարձել է հայ ազատագրական պայքարի հիմնասյուներից մեկը: Նա անվիճելի հեղինակություն էր դարձել Կարսում, որտեղ թե Երկիր մեկնող գործիչների էր պատրաստում, թե տեղի ազգային կյանքը տնօրինում: Մի փոքր ուշ, 1905 թ.-ից սկսած, նա դարձավ հայ ազատագրական կարևոր կենտրոններից մեկի՝ Վանի առանցքային դեմքը:
Խստապահանջ և գործի մարդուն, նվիրված և կատակասեր ընկերոջն ընդունում էին բոլորը: Մարդկանց մոտենալու, նրանց հետ լեզու գտնելու, գործի մղելու իսկական վարպետ էր Արամը: Բնավորության այս գիծը տարբեր ժամանակներում մեծապես օգնել է Արամին համախմբելու բոլորին: Հատկապես Արամի ջանքերով էր, որ Վանում հայ ազգային կուսակցությունները միասնական էին համընդհանուր պայքարում:

Արամը հարգանքի էր արժանանում նաև թշնամիների կողմից: 1907 թ. մայիսին նա ձերբակալվում է Վանում: 1908-ին, Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո, Արամին ազատ արձակած թուրքական ոստիկանության պաշտոնյան խոստովանում է, որ թեև Արամը գործել է Օսմանյան կառավարության դեմ և արժանի էր բանտարկության, նա նաև թուրքերի համար կմնա պատվի ու մեծարանքի արժանի անձնավորություն:
Արամը անասելի մեծ պատկառանք և նրբանկատություն ուներ դեպի հայ մտավորականը: Դեռևս Վանում, ազատագրական պայքարի կազմակերպման տարիներին, նա շատ էր կարևորում մտավորական գործիչների դերը՝ նշելով, որ նրանց օրինակը ազդեցիկ է շարքային հեղափոխականների համար:
Երբ հռչակվեց Օսմանյան սահմանադրությունը, Արամը մեկնեց Սև ծովի ափին գտնվող Օրդու գավառ՝ ուսուցչությամբ զբաղվելու: Նրա մեջ ուսուցիչը լրացնում էր հեղափոխականին, հեղափոխականը՝ ուսուցչին: Նա ոչ սովորական հեղափոխական էր, ոչ էլ սովորական ուսուցիչ: Թեև հռետոր չէր Արամը, նրան լսում էին բոլորը: Նրա աշակերտները պարզ դասի ականատեսները չէին, նրա հայացքի ներքո պայքարող սերունդ էր թրծվում:
Արամը կրկին Վանում էր 1915 թվականին: Նախ՝ կազմակերպեց ինքնապաշտպանությունը: Ապա՝ ազատագրված Վասպուրականում անմիջապես պետականության հիմքեր դրեց: Արամը ոչ միայն փրկեց Վասպուրականի բնակչությանը քաոսի մեջ ընկնելուց, այլև ցույց տվեց պատմական հայրենիքում պետականություն վերակերտելու անօրինակ ձգտում:
Վանի երկրորդ գաղթից հետո, մինչև անկախության հռչակումը, Արամի մտահոգության առարկան այդ գաղթականներին տեղավորելն էր: Նա Նիկոլ Աղբալյանի հետ միասին եղել է Ռուբեն Տեր-Մինասյանի ամենաջերմ աջակիցը Արարատյան դաշտավայրը թուրք-թաթարներից մաքրելու և հայ գաղթականներով վերաբնակեցնելու գործում: Ռազմավարական այդ գործի իրականացումը մեծապես վերացրեց նաև Երևանը՝ թուրք-թաթարներով ամբողջապես շրջափակելու վտանգը:
Բոլշևիկյան հեղափոխության պատճառով անտերության և ամենաթողության մատնված այսրկովկասում Արամին վստահվեց Երևանի նահանգը: Որպես նահանգի կառավարիչ Արամը կարողացավ Երևանը դարձնել այն կորիզը, որի շուրջ պետք է վեր հառներ հանրապետությունը:
Արամը նաև իրապաշտ գործիչ էր: Նա այն եզակիներից էր, ով 1917-1918 թթ. ձգտում էր համագործակցել բոլշևիկների հետ: Հեռատես քաղաքական գործիչը համոզված էր, որ բոլշևիկների և հայության շահերի համադրումով միայն կարելի կլինի խուսափել 1915 թ. կրկնությունից: Պատահական չէ, որ երբ 1917 թ. ՀՅԴ ներկայացուցիչներ Թիֆլիսում բոլշևիկների հետ քննարկում էին համագործակցության նախագիծը, իրենց ձեռքի տակ ունեին նաև Արամի գրավոր կարծիքը:
Վճռական գործիչ էր Արամը, վտանգի ժամանակ որոշումները կայացնում էր կատարյալ ինքնավստահությամբ, պահն ըմբռնում էր անսխալ կերպով: Այդպիսին էր նա 1918 թ. մայիսին, երբ կռվի կոչեց բոլորին: Արամի կազմակերպական եռանդի, նվիրումի միջոցով հայ ժողովուրդը դրսեւորեց հավերժորեն ապրելու, արարարելու կամքը:
Արամը կազմակերպեց ժողովրդին, նրան տարավ Սարդարապատ և Բաշ Ապարան, և արդյունքում՝ երկնեց Մայիսի 28-ը: Արամը խորհրդանշում է միաժամանակ և մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակը, և արյան գնով ձեռք բերած անկախությունն ու պետականությունը: Երեք տարի է բաժանում 1915-ը 1918-ից: Եղեռնի ենթարկված և ենթարկվող ժողովուրդը, հատկապես Արամի կամքի շնորհիվ, ընդամենը երեք տարի անց անկախություն և պետականություն ստեղծեց, որն առաջինը ճանաչվեց հենց եղեռնագործի կողմից: Մայիսյան հրաշքի համար Արամին ենք պարտական: Թեև Արամի կուսակցությունը չի սիրում աստվածացնել իր անհատներին, բայց ժողովուրդը հարազատորեն Արամին հռչակեց Առաջին Հանրապետության հիմնադիր:
Արամը ոչ միայն հանրապետության հռչակման ակունքներում էր: Նա դարձավ պետականության կայացման անխոնջ մշակը: Նա միշտ ժողովրդի հետ էր, նրա պես հասարակ, նրա պես չարքաշ: Նույնիսկ մահվան սպառնալիքը նրան չկտրեց իր ժողովրդից:
Արամի անցած ուղին հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու բնածին ձգտումի արտահայտությունն է: Հերոսական մարտնչումի, գիտակցական նահատակության, անսակարկ ինքնազոհության իսկական օրինակ է Արամի կյանքը: Հերոսական, նվիրական էր ոչ միայն Արամի ապրածը, գործածը, այլև՝ նրա մահը: Եվ այսօր Արամի երազած անկախ և հզոր պետությունը կառուցելու համար պետք է ոչ միայն Արամի պես ապրել և գործել, այլև՝ Արամի պես մեռնել:
Խաչատուր Ստեփանյան
Պատմական գիտությունների դոկտոր
28.01.2019 թ.