Փողոցային առևտրով զբաղվողների համար այլընտրանք է շարունակում մնալ գործազրկությունը
06 Փետրվար 2019 Տարիներ շարունակ փողոցային առևտուրն արգելելու և դրանով զբաղվող անձանց համար առևտրի քաղաքակիրթ պայմաններ ստեղծելու, սպառողի իրավունքները պաշտպանելու անհրաժեշտության մասին խնդիրները բարձրաձայնվում են: Կազմակերպվում են նաև քննարկումներ: Պատասխանատու պատկան մարմինների գործողություններում պարբերաբար դրսևորվում է որոշակի ակտիվություն:Իհարկե, այս խնդիրները բազմագործոն են և յուրաքանչյուր կողմ՝ իր տեսանկյունից ունի առարկայական հիմնավորումներ, արդարացի պահանջներ ու շահեր: Հետևաբար, այս խնդիրների վերջնական հանգուցալուծումները ևս բարդ են, իշխանության պատկան մարմիններից օբյեկտիվորեն պահանջում են համակողմանի մոտեցումներ և համակարգված հետևողական աշխատանք:

Սակայն փաստ է, որ շարունակվում է փողոցային ամենօրյա առևտուրը միաժամանակ առաջացնելով մի շարք խնդիրներ.
– առևտրի կազմակերպման ընթացքում սանիտարական որոշակի նորմերի խախտում՝ սպառողների համար բացասական հնարավոր հետևանքներով,
– գնորդների համար քաղաքակիրթ պայմանների բացակայություն,
– այդ տարածքների անցորդների, ներառյալ՝ զբոսաշրջիկների համար ոչ հաճելի տեսարաններ և որոշակի խոչընդոտներ,
– հարևանությամբ նմանատիպ ապրանքներ վաճառող մանրածախ առևտրի օբյեկտների նկատմամբ ոչ բարեխիղճ մրցակցություն,
– պատասխանատու պետական մարմինների կողմից՝ գործող օրենսդրական արգելքները լիարժեք գործադրելու համար առկա օբյեկտիվ մի շարք խնդիրներ և այլն:
Օբյեկտիվ փաստ է նաև՝ լավ օրից չի, որ բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ տարեցներ, անչափահասներ, հաշմանդամներ, միայնակ ծնողներ, ներգրավված են փողոցային առևտրում:
Փողոցային առևտուրը դրանով զբաղվող բազմաթիվ անձանց և նրանց ընտանիքների անդամների հիմնական մասի համար օրվա հացի խնդիրը լուծելու միակ իրական հնարավորությունն է: Եվ սա էլ լավագույն դեպքում:
Հետևաբար, պարզ է, որ մեր երկրում փողոցային առևտուրը շարունակելու է ունենալ էական սոցիալական նշանակություն, եթե հաշվի առնենք նաև գործազրկության և աղքատության խրոնիկ դարձած բարձր մակարդակները, թափուր աշխատատեղերի անբավարարությունը, ի վերջո՝ դրան այլընտրանք, սեփական աշխատանքով կայուն եկամուտ ստեղծելու իրական հնարավորությունների բացակայությունը:
Բերված փաստարկները և իրական կյանքը ակնհայտ են դարձնում, որ հեշտ ճանապարհով՝ միայն բիրտ ուժով արգելելու միջոցով, պետական մարմինների կողմից պարբերաբար հայտարարություններ անելով, բացատրություններով, նախազգուշացումներով և տուգանքներով անհնար է լուծել փողոցային առևտրի խնդիրը:
Ավելին՝ խնդրի վերջնական կարգավորման տեսանկյունից անօգուտ այս մոտեցումներն առաջացնում են փողոցային առևտրով զբաղվող բազմաթիվ մարդկանց կողմից սոցիալական օբյեկտիվ դժգոհություններ, ինչպես նաև օրվա իշխանություններին ուղղված օրինական ու արդարացի պահանջներ՝ լուծելու իրենց և իրենց ընտանիքների սոցիալական խնդիրները և ապահովելու արժանապատիվ գոյության պայմաններ:
Կարծում ենք այստեղ ևս պետք է դոմինանտ լինի սոցիալական պետությանը հարիր հետևյալ մոտեցումը՝ անընդունելի է փողոցային առևտրով զբաղվող և սեփական քրտինքով գոյատևող որևէ անձի և նրա ընտանիքին զրկել այդ միակ կենսական հնարավորությունից՝ առանց յուրաքանչյուր դեպքում պետության կողմից իրական այլընտրանք առաջարկելու:
Այսինքն՝ փողոցային անօրինական առևտրի բարդ ու բազմաթիվ խնդիրները հնարավոր է վերջնական և առանց սոցիալական մեծ ցնցումների հանգուցալուծել, եթե պետության կողմից ցուցաբերվի անհրաժեշտ մասնակցություն և հետևողական կարգավորումներ:
Նախ՝ պատասխանատու պետական մարմինների համատեղ ջանքերով անհրաժեշտ է ամբողջությամբ հավաքագրել փողոցային առևտրին վերաբերող օբյեկտիվ տեղեկատվությունը՝ լիարժեք պատկեր կազմելու համար: Այնուհետև՝ պետք է իրականացվի այդ անձանց օրինական զբաղվածության կամ ինքնազբաղվածության ապահովման կարիքների ու հնարավորությունների համակողմանի գնահատում: Որից հետո հնարավոր կլինի ցուցաբերել անհրաժեշտ պետական նպատակային աջակցություն՝ յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցմամբ, այդ անձանց կայուն զբաղվածությունը կամ ինքնազբաղվածությունը ապահովելու համար:
Արդյունքում հնարավոր կլինի վերջապես ձևավորել իրական նախադրյալներ, որ այս գործունեությամբ զբաղվող անձինք՝ պետական գործուն աջակցությամբ և համարժեք ջանքերի գործադրմամբ, ինչպես նաև սեփական հայեցողությամբ, անօրինական զբաղմունքը փոխարինեն եկամտաբերության տեսանկյունից առնվազն դրան համաժեք օրինական զբաղվածությամբ: Նրանք միայն այս դեպքում վստահ կլինեն, որ այլևս կանգնած չեն աղքատության ճիրաններում հայտնվելու և միայն սոցիալական նպաստներով ապրելու ընտրության առաջ:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ
Թադևոս Ավետիսյան