Ասում են՝ չենք խանգարի. եղունգ ունե՞ս, գլուխդ քորի
13 Փետրվար 2019 Կառավարության ծրագիրը լի է սոցիալական ոլորտին վերաբերող նպատակադրումներով և ցանկություններով:Սակայն առարկայական է նաև արձանագրված այն փաստը, որ այս ոլորտին ուղղվող պետական բյուջեի միջոցների աճի համար նախատեսվող թիրախները, պետության կողմից հանձն առնվող կարգավորումների, պարտավորությունների և ուղղակի մասնակցության շրջանակն ու բնույթը, մեղմ ասած, չեն համապատասխանում սոցիալական ոլորտում ամրագրված հիմնական նպատակներին:
Մասնավորապես, պետական բյուջեից ֆինանսավորման աճի անորոշ հնարավորություն նախատեսված է միայն առողջապահության, կրթության և գիտության ոլորտների համար: Սակայն, միևնույն ժամանակ, էապես հավակնոտ նպատակներ են դրված նաև սոցիալական պաշտպանության և ժողովրդագրության ոլորտներում, որոնք պահանջում են շարունակաբար իրականացվող ծրագրեր՝ պետական լրացուցիչ և կայուն ֆինանսավորմամբ:

Ասենք օրինակ՝ ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում, պետական կենսաթոշակների չափերի պարբերաբար բարձրացում՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ: Կենսաթոշակային համակարգում կուտակային բաղադրիչի պահպանում, որն աստիճանաբար ավելացնելու է պետական բյուջեից ուղղվող միջոցների չափը, գործազրկությունը էապես կրճատելու համար զբաղվածության աջակցության նոր ծրագրեր, մանկատնից դուրս եկող երիտասարդների անկախ կյանքի կազմակերպման գործընթացը սահուն իրականացնելու համար պետական հետևողական աջակցություն, ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, հայրենադարձ ընտանիքների համար նոր ծրագրեր:
Հատկանշական է նաև, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ներառված են նաև կազմակերպական արդյունավետության բարձրացման որոշ նպատակադրումներ: Սակայն այս ոլորտից դուրս են մնացել մի շարք բնագավառներում բարեփոխումների արդյունավետ իրականացման նպատակադրումները, որոնք օբյեկտիվորեն անհրաժեշտ են սոցիալական ներառական զարգացման համար:
Մասնավորապես, կենսաթոշակային համակարգում նախատեսված է կուտակային բաղադրիչի հետագա արմատավորում, որին նախկինում սկզբունքորեն դեմ էր նաև ներկայումս իշխանության եկած քաղաքական ուժը: Սակայն ներառական զարգացումն օբյեկտիվորեն պահանջում է, որ կենսաթոշակային նոր համակարգի ձևավորումը հիմնված լինի հետևյալ հիմնական սկզբունքների վրա՝ պետության դրական պարտավորություն, միջսերնդային և ներսերնդային համերաշխություն, գործատու, աշխատող, պետություն ամբողջական մասնակցության ապահովում, համարժեքություն՝ կենսաթոշակի չափի համար ելակետ պետք է հանդիսանա կենսաապահովման նվազագույն զամբյուղի արժեքը կամ տվյալ պահին երկրի միջին աշխատավարձի առնվազն 40 տոկոսը, օրինական աշխատանքի խթանում՝ աշխատանքային ստաժը նույնպես պետք է հաշվի առնվի թոշակի չափի որոշման համար:
Ծրագրում առկա չեն օբյեկտիվ այն նպատակադրումները, որոնք պետք է վերաբերեն տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրամադրվող պետական խնամքի և սպասարկման գործող ծառայությունների ամբողջականացմանը, որակի և հասցեականության, մատչելիության թիրախավորված բարելավմանը: Բացակայում են տարեցների կյանքի որակի բարելավման, առողջ և արժանապատիվ ծերության ապահովման նպատակադրումները՝ ծերաբուժության և ծերաբանության, ինչպես նաև տարեցների խնամքի և զբաղվածության ապահովման ժամանակակից այլընտրանքային ծառայությունների ներդրման և զարգացման անհրաժեշտությունը (ցերեկային կենտրոններ, ծերապարտեզներ, ծերանոցներին այլընտրանք՝ շուրջօրյա խնամքի փոքր կենտրոններ, տնային պայմաններում խնամք և սպասարկում): Եվ սա այն դեպքում, երբ մեր երկիրն արդեն իսկ հանդիսանում է ծերացող հասարակությամբ երկիր:
Ծրագրում անրադարձ չկա անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման և անապահովության նպաստների հասցեականության բարձրացման բարեփոխումների միասնական հայեցակարգին: Ասենք օրինակ՝ անապահովության նպաստ պետք է ստանան այն ընտանիքները, որոնց կազմում չկան աշխատանքային տարիքի աշխատունակ անձինք, իսկ գործազուրկների համար պետական համարժեք աջակցությամբ, պետք է ապահովվի կայուն զբաղվածություն: Նպաստները սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական ծրագրերից են՝ տարեկան շուրջ 35 միլիարդ դրամ բյուջեով, և օրինական աշխատանքի քաջալերման տեսանկյունից ունեն որոշիչ ազդեցություն:
Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը կապվում է միայն մակրոտնտեսական ցուցանիշների հետ: Սա այն դեպքում, երբ ներառական զարգացման և եկամուտների արդար բաշխման տեսանկյունից դրա հիմքում պետք է հավասարապես լինի նաև կենսապահովման նվազագույն բյուջեի ավելացող արժեքը: Այս պահանջն ամրագրված է նաև Եվրոպական Վերանայված սոցիալական խարտիայով, որն, ի դեպ, մեր երկիրը վավերացրել է:
Արդեն իսկ կյանքի է կոչվում պետական հատվածի աշխատատեղերի հետևողական կրճատման գործընթացը: Սակայն ծրագրում չեն երևում պետական հատվածի աշխատավարձերի բարձրացման հստակ նպատակադրումը և դրա կոնկրետ թիրախավորումը:
Անտեսված է ներքին աշխատաշուկան օտարերկրյա աշխատուժի հնարավոր անարդյունավետ ներհոսքից պաշտպանելու կարգավորումների ամբողջականացման և լիարժեք գործադրման անհրաժեշտությունը: Սակայն աստիճանաբար այն դառնում է ավելի առարկայական՝ մեր երկրի զարգացմանը զուգահեռ:
Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության համակարգի ներդրման մասին ևս ոչ մի խոսք չկա, որն, ի դեպ, նաև ՀՀ Սահմանադրության պահանջն է:
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից օբյեկտիվորեն կարևորվել է նոր ծրագրերի անհրաժեշտությունը, սակայն այստեղ ևս համակարգային մոտեցում, որոշակիություն և հստակ թիրախավորում չկա: Ասենք օրինակ՝ բնակարանային ապահովման պետական նպատակային ծրագրի օբյեկտիվ անհրաժեշտությունը, որն օրինակ շատ դեպքերում բխում է նաև օրենքով ամրագրված և տարիներ շարունակ չիրականացվող՝ պետության պարտավորություններից:
Անորոշ ձևակերպմամբ նախատեսված է, որ պետությունը ընդամենը պետք է մեղմի սոցիալապես անապահով խավերի պարտադիր բժշկական ապահովագրության ծախսերը: Սակայն այս համակարգի ներդրման իրատեսականությունը պահանջում է, որ պետությունը ամբողջությամբ փոխհատուցի առնվազն աղքատ ընտանիքների անդամների բժշկական ապահովագրության ծախսերը:
Ծրագրում կրթությունը դիտվում է՝ որպես սոցիալ-տնտեսական զարգացման հենասյունային մակրոգործոն: Սակայն հիմնարար այս մոտեցման լիարժեքությունը՝ ներառական զարգացման և հասանելիության ապահովման տեսանկյունից, օբյեկտիվորեն պահանջում է, որ մեր երկրում կրթության բոլոր ձևերը լինեն անվճար՝ պետական ամբողջական ֆինանսավորմամբ:
Փաստորեն, կառավարությունը չի խանգարելու, ավելին՝ քաջալերում է «եղունգ ունեցողին», որ շատ աշխատի ու դրան համարժեք էլ՝ լավ ապրի: Եվ նորից անպատասխան է մնալու. «ի՞նչ անի եղունգ չունեցողը», որն օբյեկտիվորեն հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում և չի կարողանում ինքնուրույնաբար դուրս գալ աղքատության ճիրաններից:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ