Փաշինյանին խորհուրդ տվողները թույլ չեն տալիս ստեղծել ազգային տնտեսություն
15 Փետրվար 2019
«Կառավարության ծրագիրը լղոզված է, այն ափալ-թափալ փաստաթուղթ է»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ մասնագիտական հանձնաժողովների համակարգող Արծվիկ Մինասյանը: «Մանրակրկիտ ուսումնասիրելով Կառավարության ծրագիրը՝ մենք հանգել ենք այն եզրակացության, որ ոչ միայն գաղափարական հենք չկա, այլ նաև հստակ, չափելի արդյունքների բացակայությունը թույլ չի տալիս ընկալել, թե մեր պետությունը առաջիկա տարիներին դեպի ուր է շարժվելու, ինչպիսի Հայաստան է ձևավորվելու»,- ընդգծեց Ա. Մինասյանը՝ հավելելով, որ այս ծրագիրը չի կարող ապահովել Հայաստանի զարգացման գործում յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը:
Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ խորհրդարանական կառավարման ժամանակ մի կարևոր պայման կա՝ Կառավարությունը պետք է հաշվետու լինի, իսկ դրա համար պետք է տեսանելի և կանխատեսելի դարձնի իր քայլերը. «Դա նաև Սահմանդրության պահանջ է. Կառավարությունը պետք է յուրաքանչյուր տարի ներկայացնի իր ծրագրի կատարման հաշվետվությունը»:
«Կառավարությունը ձեռքերը լվացել է աշխատատեղեր ստեղծելու քաղաքականությունից»,- ընդգծեց Ա. Մինասյանը՝ հավելելով, որ դա միայն մասնավոր սեկտորի վրա թողնելը ճիշտ մոտեցում չէ: Նա նաև կարծիք հայտնեց, որ Ն. Փաշինյանին խորհուրդ տվողները չեն թողնում ստեղծել ազգային տնտեսություն:
Մանրամասն՝ տեսանյութում:
https://youtu.be/FX9JTbZ08b0